SvetlanaDavtyan

Ո՞ւր է իմ պանիրը

Նա խորհում էր, թե ինչու է միշտ մտածել, որ փոփոխությունը դեպի վատը կտանի: Հիմա հասկացավ, որ փոփոխությունը կարող է ուղղորդել դեպի լավը:

Սիրելի ընկեր, երևի թե դու էլ ինձ պես վերջացրել ես քննաշրջանի մի փուլը և սպասում ես հաջորդի սկզբին: Համաձայն եմ, ձանձրալի շրջան է, բայց մինչ դրան անցնելը հիմա ամենալավ ժամանակն է նոր գիրք ընթերցելու, լիցքաթափվելու, նոր բացահայտումներ կատարելու համար:

Երբևէ լսել ես «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի մասին: Քեզ նման ես էլ զարմացա, հետո հետաքրքրվեցի, թե ինչի մասին է:

Կարծում եմ, գիրքը գրելիս հեղինակը չի էլ ենթադրել, որ այն փոխելու է շատերի կյանքի ամենատարբեր բնագավառները:

New York Times-ի բիզնես բեսթսելլերի վարկածով այս գիրքը գրեթե հինգ տարի մնացել է ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում։ Գիրքը վաճառվել է 26 մլն օրինակով 37 լեզուներով ամբողջ աշխարհում և հանդիսանում է ամենալավ վաճառվող բիզնես գրքերից մեկը։

Գրքում ներկայացվում է  փոփոխություն որևէ մեկի աշխատանքում կամ կյանքում և չորս տիպական արձագանքներ այդ փոփոխություններին՝ պանիր փնտրելիս երկու մկների և երկու «փոքրիկ մարդկանց» վարքագծի միջոցով։

Սպենսեր Ջոնսոնի այս գիրքն այլաբանական պատում է՝ գրված բիզնես առակի տեսքով։ Այն հրատարակվել է 1998թ: Գիրք, որը փոփոխության մասին է: Չորս կերպարների արձագանքներ այդ փոփոխություններին:

Գործողությունները կատարվում են լաբիրինթոսում, որտեղ էլ գրքի 4 երևակայական հերոսներ երկու մկները՝ Հոտառուն ու Վազկանը, և երկու «փոքրիկ մարդիկ»՝ Հըմը և Գըմը, առերեսվում են փոփոխության հետ: Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը, գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարեւոր խորհուրդ, և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից՝ մտածելով, որ չի կարող հարմարվել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ: Բոլորը գիտեն՝ ամեն փոփոխություն չէ, որ լավ է: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներ, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից: