ruslan aleqsanyan

Ինչու են դատարկվում սահմանամերձ գյուղերը

Այս անգամ էլ փորձում եմ անդրադառնալ մի խնդրի, որը տարիների ընթացքում իր լուծումը չի գտնում: Ուզում եմ խոսել այն մասին, թե ինչու են դատարկվում գյուղերը մանավանդ`սահմանամերձ բնակավայրերը: Այսքան մտածում-մտածում եմ այդ հարցի մասին, բայց պատասխանը չեմ կարողանում գտնել: Մի՞թե պատճառն այն է, որ գյուղերը գնդակոծվում են, թե պատճառն այն է, որ գյուղերում աշխատատեղեր չկան:

Մարդիկ հեռանում են՝ անտեր թողնելով իրենց տները: Մարում են տների լույսերը, անտեր են մնում հայրենի հողերը:

Մեր գյուղից էլ են հեռանում շատերը: Կան մարդիկ, որոնք գնում են արտագնա աշխատանքի՝ վերադառնալու նպատակով, բայց այլևս չեն վերադառնում, կամ էլ վերադառնում են իրենց ընտանիքներին տանելու նպատակով: Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք ասում են.

-Ծնվել ենք այստեղ, կմեռնենք այստեղ:

Իմ քեռին իր ընտանիքով նույնպես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշություն: Սկզբից նա գնացել էր աշխատելու՝ վերադառնալու նպատակով, բայց հետո իր հետ տարավ նաև իր ընտանիքը, և արդեն 15 տարի է՝ ապրում է այնտեղ և արդեն գյուղ է գալիս որպես հյուր: Ճիշտ է, նա շատ կցանկանար վերադառնալ հայրենի գյուղ, բայց աշխատանք չլինելու պատճառով չի կարողանում:

Ես հաճախ եմ զրուցում տատիկիս հետ տարբեր թեմաներով: Այս անգամ էլ ցանկացա զրուցել նրա հետ այս թեմայով, բայց դեռ խոսքս ամբողջությամբ չէի ավարտել, երբ տեսա, որ տատիկիս աչքերը լցվեցին արցունքով: Ախր, նա հինգ տարի առաջ է տեսել իր թոռներին և շատ է կարոտել նրանց:

Ես հուսով եմ, որ մի օր բոլորը հետ կգան իրենց հայրենիք: