«Ոտքի կանգնեք. Նա արժանի է դրան»

Աշխեն Մարգարյան` մարդ ով օրինակ պետք է ծառայի ամեն մեկի համար: Այս կյանքով լեցուն կնոջ մասին ես շատ եմ լսել, նրա մասին բոլորը գիտեն: Նա թխում է խմորեղեններ տարբեր առիթներով: Սկսել է իր գործը միայնակ, իսկ այժմ ունի արտադրամաս: Իսկ թե որն է նրա հաջողության գաղտնիքը և այլ մանրամասներ, դուք կիմանաք իմ հարցազրույցից: Կարդալով այս հարցազրույցը, դուք կունենաք տարբեր ապրումներ, որ ես եմ զգացել: Հաճելի ընթերցում:

-Մենք գիտենք, որ Դուք տարածաշրջանի լավագույն թխվածք թխողներից եք: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Իմ հաջողության գաղտնիքը իմ աշխատասիրությունն է, նպատակասլացությունը և կամքի ուժը: Ցանկացած աշխատանք պահանջում է աշխատասիրություն: Ես իմ բոլոր աշխատանքներում հոգի եմ դնում և սիրով պատրաստում: Հիմա շատ դժվար է ապրել և աշխատել: Բայց, փառք Աստծո, ոտքս անդամահատելուց հետո ես սկսել եմ աշխատել ինքնուրույն` արդեն 11-րդ տարի է: Ես, երբ որ 24 տարեկանում մտնում էի խանութ, տեսնում էի տորթերը, զարմանում էի, ինձ թվում էր, դա մարդ արարածը չի կարող պատրաստել. դրանց մեջ մի հեքիաթային բան կար: Տանը թխելով, իմ սխալների վրա սովորելով, հասել եմ այս արդյունքին: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը գնահատում է իմ աշխատանքը: Ինձ համար դա ամենակարևորն է:

-Պատմեք մի փոքր ձեր մասին: Օրինակ, ինչպիսի՞ն էիք երիտասարդ հասակում, ի՞նչ երազանքներ ունեիք և այլն:

-Իմ մանկությունը շատ արագ է անցել: Երազել եմ ունենալ մասնագիտություն: Հիմնականում ինձ ձգում էր երաժշտությունը: Ստացել եմ երաժշտական կրթություն`5 տարի նվագել եմ քանոն: Հայրս մահացել է, երբ ես երեք տարեկան էի, իսկ մայրս չի կարողացել հասցնել լիարժեք կատարել իր պարտականությունները: Ելնելով սոցիալական վիճակից, այլևս չեմ հաճախել երաժշտական դպրոց: Դժվարություններ, դժվարություններ հաղթահարելով` դպրոցն ավարտել եմ: Սիրել եմ երաժշտությունը, շա~տ եմ սիրել ու հիմա էլ եմ սիրում: Իմ հանգստի ժամին միշտ երաժշտություն է իմ կողքին լինում: Դրանից հետո զուտ սոցիալական պայմաններից ելնելով՝ չեմ շարունակել այդ ուղին: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա` աղջիկներ: Իսկ հիվանդությունս փոքր հասակից եկած հիվանդություն էր՝ տանջվելով ինձ հետ բերեցի, մինչև որ հասավ անդամահատման: Երիտասարդությունս այդքան էլ լավ և հարթ չի անցել՝ դժվարություններով և դրանք հաղթահարելով:

-Իսկ ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:

-Շա՜տ եմ սիրում կիթառ: Երազում եմ կիթառ սովորել: Լսում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերից: Մի անգամ ամուսնուս հետ գնացինք Ռուբեն Հախվերդյանի համերգին: Նա, երբ եկավ բեմ, հարցրեց. «Պատրա՞ստ եք մինչև առավոտ լսել ինձ»: Մենք բոլորս զարմացած էինք, բայց միևնույն ժամանակ, ուրախ: Լսում էինք, լսում և անդադար հիանում նրանով: Արդեն ուշ գիշեր էր: Հանկարծ այլևս ձայն չլսվեց, բոլորս տարակուսած նայեցինք միմյանց` Ռուբեն Հախվերդյանը այնքան էր հոգնել, որ քնել էր կիթառի վրա: Մենք բարձր ծափահարեցինք նրան և դուրս եկանք: Դա շատ հիշարժան օր էր ինձ համար:

-Հիշո՞ւմ եք ինչից եք սկսել ձեր գործը, ո՞րն էր ձեր առաջին պատվերը:

-Մինչև իմ հիվանդանալը կյանքով լեցուն կին եմ եղել: Ես հանգիստ չեմ ունեցել` աշխատել եմ, շարժվել եմ, որտեղ էլ որ եղել եմ, ինձ համար հարմարավետ պայմաններ եմ ստեղծել: Բայց հետո կյանքի դժվարությունները ինձ արդեն շատ կարևոր որոշման առաջ կանգնեցրին. հանկարծակի որոշվեց, որ եթե կա կյանքի ու մահվան խնդիր, ապա պետք է հեռացվի ոտքս: Ես դա չէի ընդունում: Առանց ոտքի ես չէի ուզում ապրել: Նայելով ու լսելով ընտանիքիս խնդրանքը, երեխեքս ասում էին, որ մեզ պետք ես, որոշեցի համաձայնվել անդամահատման: Իմ ոտքը անդամահատեցին: Ես չէի հարմարվում դրան ընդհանրապես. խելագարվում էի: Հետո երեխաներս ինձ էնքան ուժ տվեցին ապրելու: Հուսահատությունից անգամ ինքնասպանության փորձ եմ կատարել: Բայց հիմա արդեն շատ գոհ և երջանիկ եմ կյանքից և իմ ընտանիքից: Մի ժամանակ, որ հաշմանդամ չէի, մտածում էի՝ ոտքը կտրած մարդիկ ապրում են, էլի, ի՞նչ ա եղել: Մի ոտքի վրա մենք «կլաս» չէի՞նք խաղում, չէի՞նք թռվռում… Բայց դա այդպես չի, ես անգամ թշնամուս չեմ ցանկանա: Բայց դե կյանք ա, ոչ մեկն էլ ապահովագրված չի, թե վաղն ինչ կլինի իր հետ: Մոտ 4-5 ամիս անց վիրահատությունից, մի գեղեցիկ օր ծնվեց թոռնիկս` հոկտեմբերի 2-ին: Առավոտը ժամը 7-ին հիվանդանոցից զանգ են տալիս ինձ, և աչքալուսանք են տալիս, ու ես մոռանում եմ, որ ես հաշմանդամ եմ, որ անկողնուց դուրս չեմ եկել արդեն 4-5 ամիս: Հանկարծ զգացի մի տարօրինակ զգացում: Դուրս եմ գալիս անկողնուց, և ասում եմ. «Բերեք ինձ մոտ՝ ինչ կասեմ»: Պատրաստում եմ խմորեղեն, որպեսզի տանեն հիվանդանոց: Առավոտյան ժամը 6-ին խնդրում եմ ինձ տանել Նորավանք՝ մոմ վառելու և աղոթելու: Հարազատներս զարմացել էին: Բարեկամս ասաց.
- Դու միայն վեր կաց, ես քեզ անպայման կտանեմ:

Իմ թոռնիկը ինձ ապրեցրեց և կյանքի կոչեց: Ինձ օգնել են՝ մոմ եմ վառել և դրանից հետո եկել եմ ու սկսել եմ աշխատանքս տնից: Այնուհետև տեղափոխվել եմ այս տարածք: Բարի մարդկանց հետ շփվելով, ուսուցիչներիս խրատները հիշելով սկսել եմ աշխատել ու ապրել: Մինչև երկու տարի առաջ ես ինձ վարպետ չէի համարում: Ուսանողները հարցնում էին՝ ձեզ վարպետ ասե՞նք, իսկ ես չէի համաձայնվում: Իսկ այժմ ես կարող եմ ցանկացած աշխատանք կատարել և կրել Վարպետի լիարժեք կոչումը:

-Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր աշխատանքի առավելությունը կամ ինչո՞վ է ձեր աշխատանքը տարբերվում մյուսների աշխատանքից:

-Ես չեմ կարող ասել, որ իմ աշխատանքը տարբերվում է մնացածների աշխատանքից, քանի որ մարդ եթե ինչ-որ բան սիրով է անում, հոգի է դնում, դա լավ աշխատանք է:

-Ո՞րն է Ձեր երջանկության բանաձևը:

- Իմ երջանկությունը դա իմ ընտանիքն է` նրանց առողջ և երջանիկ տեսնելը: Ես երջանիկ եմ, որ կան այնպիսի մարդիկ, որ գնահատում են իմ աշխատանքը:

-Ունե՞ք հուզող խնդիրներ:

- Իհարկե, հուզող խնդիրներ շատ կան: Առաջին հերթին ինձ հուզում է մեր բանակի վիճակը, դիրքեր պահող և ծառայող զինվորների առողջությունը: Ինձ համար ցավալի է ամեն մի զինվորի մասին վատ լուր լսելը: Ճիշտ ա, ես տղա չեմ ունեցել, որ գնար դիրքեր, բայց ես հասկանում եմ բոլոր մայրերին:
Ես զինվորներին օգնելու և քաջալերելու համար ամեն տարի Ամանորին մեր պատրաստած խմորեղենն եմ ուղարկում, ամսի 28-ին բարձրանում ենք դիրքեր: Բոլորը արդեն գիտեն և սպասում են, որ ես ամեն տարի պետք է իմ խմորեղենով նրանց հյուր գամ, գեներալից ստացել եմ շնորհակալագիր` զինվորի կողքին լինելու և հայրենիքին օգնելու համար: Այդ պահը ինձ համար շատ հուզիչ պահ էր: Ճիշտ է, ես ուժեղ կին եմ, բայց երբ գեներալը շնորհակալագիրը հանձնելիս ասաց. «Ոտքի՛ կանգնեք, զիվորներ, նա արժանի է դրան»,-ես չկարողացա զսպել ինձ: Ես շատ եմ ուզում, որ մեր դիրքերը խաղաղ լինեն: Դա է ինձ հուզող խնդիրը:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք արտերկրում աշխատողներին: Կարելի՞ է արդյոք այսօր ապրել և գործունեություն ծավալել Հայաստանում:

-Իհարկե կարելի է: Երբ մարդը իրոք ուզենա աշխատել, կարող է ցանկացած տեղում աշխատել և ստեղծագործել: Ես, որ հաշմանդամ կին եմ և կարողացել եմ իմ արտադրամասը ստեղծել և աշխատել, ապա բոլորը կարող են: Ոչ ոք ինձ առավելություն չի տվել, որպեսզի ես աշխատեմ: Ամեն ինչ ես ինքս եմ ստեղծել` հարկային դաշտում եմ, մուծում եմ հարկեր, տարածքը ես ինքս եմ ձեռք բերել: Այս կարգավիճակում ինձ համար էլ հեշտ չի աշխատելը, բայց երբեք չեմ զանգի ինչ-որ ղեկավարի, ասեմ գիտե՞ք ինչ, ես հաշմանդամ եմ, խնդրում եմ ինձ հացի փող տվեք, դա իմ սկզբունքներին դեմ է: Մարդկանց թվում է, թե մի անգամ աշխատելով պետք է տուն կամ մեքենա գնեն… Չէ, այդպես չի լինում: Այս տորթերից մեզ գումար չի հասնում: Չեն աշխատում, համբերություն չունեն, մի դժվարության հանդիպելով ասում են՝ վերջ, չի ստացվում, և հետո էլ իբրև գործ չկա: Ամեն ինչ չի, որ պատրաստ սկուտեղի դրված է: Ծանոթներիցս մեկի դուռը թակել են, փող էին ուզել: Դե էդ կինը խղճացել էր և ասել, որ նկուղում շշեր կան դրված, վերցրեք, տարեք հանձնեք, փողը պահեք ձեզ, և ի՞նչ էին պատասխանել դռան ետևից. «Մենք հո ձեր շիշ հավաքողը չե՞նք»: Ամեն տեղ մուրացկաններ են և փող են մուրում: Աշխատանք կա, աշխատող չկա:

- Եվ վերջում, ի՞նչ կուզենայիք ավելացնել Ձեր մասին:

-Ես կուզենամ, որ իմ աշխատանքը էլ ավելի բարգավաճի, որպեսզի աշխատատեղեր տրամադրեմ բոլոր փնթփնթացողներին, ովքեր ասում են՝ աշխատանք չկա:

Տիկին Աշխենի մասին պետք է իմանան բոլորը: Նա իրոք արժանի է այդ գովասանքին: Զարմանալին այն էր, որ երդվել էր այլևս ոչ-ոքի հարցազրույց չտալ, բայց կարդալով իմ նյութերը և տեսնելով իմ տարիքը, որ ես այս տարիքում հետաքրքրվում եմ իրենով, համաձայնվեց: Ես շատ բան սովորեցի այս հարցազրույցից և տիկին Աշխենից:

Հա քիչ մնաց մոռանայի: Ինչպես նշել էր տիկին Աշխենը, ինքը շատ է սիրում կիթառ և մանկուց երազել է կիթառ նվագել, իսկ քույրս միշտ ցանկացել է խմորեղեն թխել սովորել…Դե ինչ, կարծում եմ հասկացաք՝ ինչ պատահեց հետո: Մենք եկանք փոխհամաձայնության: