Երկու հայացք

Բեմից

-Երեխե՛ք, նստե՛ք, շարժվում ենք:

Մեր պարի համույթը նստեց ավտոմեքենան, և ուղևորվեցինք Ստեփանավան:

-Լի՛լ, արդեն շարժվել ենք, դու գալու ես չէ ՞ համերգին,- միանգամից զանգեցի նոր ընկերուհուս:

Լիլիթը Ստեփանավանից է: Հոկտեմբերին էր, երբ Պատանի թղթակիցների մեդիա ճամբարի ընթացքում ծանոթացա և մտերմացա նրա հետ: Այնպես ստացվեց, որ մենք մի շաբաթ շարունակ արթնանում էինք նույն սենյակում: Եվ ահա ճամբարից մի քանի շաբաթ հետո ես պարի համույթով գնում էի Ստեփանավան: Լիլիթին տեսնելու լավ առիթ էր, և ես որոշեցի այն բաց չթողնել ու հրավիրեցի նրան համերգի:

Ավտոմեքենան կանգնեց…
-Արդեն հասե՞լ ենք, էստե՞ղ ենք պարելու, հա՜ ճիշտ ա, էն էլ Լիլիթը,- դուրս գալով ավտոմեքենայից՝ գնացի, ավելի շուտ վազեցի Լիլիթի մոտ: Նա ինձ ընդառաջ եկավ, չէ ավելի շուտ նա էլ ինձ նման վազում էր: Այդպես գրկեցինք միմյանց ու դեռ կարոտներս չառած բաժանվեցինք իրարից, քանի որ պետք է վերադառնայի խմբի մոտ: Մեզ ուղեկցեցին հանդերձարան: Անկեղծ ասած, այն սենյակները, որտեղ զգեստափոխվում ենք մարզկենտրոններում կամ գյուղերում համերգներ տալիս, մենք կոչում ենք հանդերձարան, սակայն իրականում հանդերձարաններ համարյա ոչ մի տեղ չկան: Սենյակի կահավորումից ենթադրեցի, որ սա ինչ-որ դասասենյակ է` երևի նկարչության: Բայց մեզ համար ստեղծել էին բոլոր հարմարությունները: Կար էլեկտրական տաքացուցիչ, և սենյակը բավականին տաք էր: Հանդերձարանը համերգների, ներկայացումների ժամանակ շատ կարևոր է, սակայն դրա կարևորությունը ելույթ ունեցողներն են միայն հասկանում, իսկ դահլիճում նստածների համար դա կարևոր չէ, երևի այդ պատճառով էլ այդ մասին ուշադրություն դարձնող չկա: Գնացինք կուլիսներ` բեմը մի փոքր ուսումնասիրելու համար: Այն բավականին մեծ էր, որոշ չափով նմանվում էր Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բեմին: Ասեմ, որ սա էլ շատ կարևոր է: Երբեմն բեմն այնքան փոքր և անհարմար է լինում, որ ստիպված ես ելույթիդ մեջ որոշ սահմանափակումներ անել, փոփոխել: Եկավ մեր հերթը, հնչեց երաժշտությունը և սկսեցինք պարել: Մենք վերջինն էինք, բայց դահլիճը լիքն էր, մարդիկ դեռ չէին հեռացել: Ընդհանրապես շատ է եղել երբ վերջինն ենք պարել: Եվ հաճախ դահլիճը արդեն դատարկ է լինում, քանի որ, շատերը իրենց բարեկամների ելույթից հետո գնում են և հաջորդ համարները չեն դիտում: Իսկ այս հանգամանքը ամենավրովվեցուցիչն է: Պատկերացնո՞ւմ եք. Եկել ենք հեռու տեղից, ժամերով նախապատրաստվել ենք, սպասել մեր հերթին, իսկ երբ բեմ ենք բարձրացել, աչքի պոչով նայել դահլիճին, որպեսզի ոգեշնչվենք, բայց դահլիճը համարյա դատարկ է եղել: Ես համարյա բոլորի անունից պետք է ասեմ ու խնդրեմ. հանդիսատեսը ներկայացման կամ համերգի ամենակարևոր անձն է: Մենք ձեզ համար ենք երգում, պարում, խաղում բեմի վրա, եթե դուք չկաք, կամ չեք լսում ու դիտում, մենք հուսահատվում ենք: Անկախ բոլոր հանգամանքներից, դուք միշտ ջերմացնում եք մեզ: Չեք պատկերացնի, ինչքան հաճելի է, երբ մոտենում են և ցանկանում են նկարվել կամ հարցուփորձ են անում` թե որտեղից ենք, ով է մեր ղեկավարը, էլ ավելի են ոգևորում ծափողջյունները, որոնց պակասը Ստեփանավանում չզգացինք: Հանդիսատես դաստիարակելն էլ շատ կարևոր է: Սակայն այս անգամ Ստեփանավանում, անկախ ամեն ինչից, դահլիճը չդատարկվեց: Նրանք, ովքեր արդեն ելույթ էին ունեցել, նույնպես դիտում էին, թեև դահլիճում նստելու տեղեր չկային: Սա ինձ շատ դուր եկավ: Այս տարի բավականին շատ ենք ելույթներ ունենում Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում: Եվ մեզ միշտ շատ լավ են ընդունում: Երևի ինչ-որ բան կամաց-կամաց փոխվում է:
Պարելուց հետո գնացինք դահլիճ: Ես նստած աչքերով փնտրում էի Լիլիթին և գտա:

- Մա՛ր, շատ լավ էիք պարում, ապրեք: Հա, էս վարդն էլ քեզ,- ժպտալով դեպի ինձ ձգեց կարմիր վարդը:

Դեռ չէինք հասցրել զրուցել, ու արդեն հրաժեշտ տալու պահն էր:
Վարդը ձեռքիս արագ վազեցի դեպի ավտոմեքենան, և մենք շարժվեցինք:

Արդեն անցել է մի քանի ամիս, բայց վարդը մինչև հիմա պահում եմ: Սա շատ թանկ հիշողություն է Լիլիթից, համերգից և Ստեփանավանից:
Սա էլ մի վերջին խոստովանություն. Մենք` արվեստի մարդիկս, շատ սենտիմենտալ ենք նաև: Ձեր նվիրած ծաղիկները ելույթից հետո շատ երկար պահպանում ենք:

Մարիամ Բարսեղյան
Ք.Վանաձոր

Եվ դահլիճից

-Հա, Մար, անպայման կգամ:

Առավոտյան զանգ ստացա Մարիամից: Նա գալիս էր Ստեփանավան` փառատոնի։ Մարիամի հետ ծանոթացել և մտերմացել եմ Ծաղկաձորում կազմակերպված պատանի թղթակիցների ճամբարի ընթացքում: Մարիամը Վանաձորից է: Հաճախում է պարի, ու ի դեպ, շատ լավ է պարում: Դրանում ես համոզվեցի փառատոնին նրանց ելույթը դիտելուց հետո:
Ի դեպ, նշեմ, որ վերջերս մեր քաղաքում փառատոններ և համերգներ հաճախ են լինում։ Այս անգամ փառատոնին միայն պարի խմբեր էին մասնակցում, իսկ անցած անգամ մասնակիցները և՛ ասմունքողներ էին, և՛ պարողներ, և՛ երգողներ, բացի այդ սա ավելի շատ մրցույթ-փառատոն էր։ Համերգների և փառատոնների ժամանակ դահլիճը միշտ լիքն է լինում, չնայած միշտ չէ, որ մուտքն անվճար է։ Օրինակ փառատոնների ժամանակ անվճար է, իսկ համերգներինը` ոչ միշտ։ Ֆիլմերի ցուցադրություններն էլ են շատացել։

Փառատոնները միշտ լավ են կազմակեպվում, ինչպես և այս մեկը։ Անշուշտ ես հուզվում էի փառատոնի ժամանակ։ Անընդհատ Մարիամենց ելույթին էի սպասում։ Ըհը, վերջապես հաղորդավարը հայտարարեց Մարիամենց խմբի անունը։ Ողջ պարի ընթացքում Մարիամին էի նայում, նա շատ լավ էր պարում։ Ելույթից հետո ուզում էի, որ բոլորը բարձր ծափողջույններով ճանապարհեին Մարիամենց, ուզում էի, որ բոլորը «բրավո» գոչեն, որպեսզի նրանց խումբը ոգևորված և մեր հանդիսատեսից գոհ գնար քաղաքից։
Ասեմ, որ հեշտ է հանդիսատեսի դերում լինելը, ինչը չեմ կարող ասել ելույթ ունեցողի մասին։ Ես դա սեփական մաշկիս վրա եմ զգացել։ Ինքս բեմում և՛ պարել եմ, և՛ երգել, և՛ նվագել։ Բայց ամենից շատ հուզվել եմ դաշնամուր նվագելիս, այնքան, որ նույնիսկ մի անգամ ելույթս վերջացնելուց հետո արագ- արագ վազել եմ ետնաբեմ` չնկատելով եղբորս, որը ցանկանում էր ինձ ծաղկեփունջ նվիրել։ Վախիս ու անուշադրությանս պատճառով ես ետնաբեմում ստացա այդ ծաղկեփունջը։ Ես էլ Մարիամին մի գեղեցիկ վարդ նվիրեցի: Մենք նույնիսկ չհասցրինք նորմալ կարոտներս առնել, քանի որ նրանց գնալու ժամանակն էր արդեն։ Ես հրաժեշտ տվեցի նրան ու գնացի տուն։

Երկու ամիս էր անցել փառատոնից, և Մարիամից իմանում եմ, որ վարդը դեռ մնում է, դեռ ոչ մի թերթ վայր չի ընկել։ Ես շատ ուրախացա, որ նվիրածս վարդը այսքան ժամանակ Մարիամը դեն չի գցել, և նաև զարմացա, որ ոչ մի թերթ չի ընկել։

Լիլիթ Սուքիասյան
Ք.Ստեփանավան