Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ոչ բարով արագիլը

-Լաուր, վերջապես դու էլ դարձար 16 տարեկան, շնորհավոր,- Լաուրան երևի մեր դասարանի ամենափոքր աշակերտն է, և բոլորս սպասում էինք հենց նրա ծննդյան օրվան, որ վերջապես թեկուզ մի քանի օրով նա դառնա մեր տարիքին, քանի որ այդ տարի գրեթե բոլորս դառնում էինք 17 տարեկան:

-Տասնվե՜ց, տասնվե՜ց, տասնվե՜ց, չիմացանք, թե ինչպես գլորվեց…,- սկսեց երգել Լաուրան, ով ամեն անգամ 16 թիվը լսելիս սկսում էր երգել այս երգը… Նույնիսկ արդեն անտանելի էր դարձել, և բոլորս զգուշորեն, կամ թաքուն էինք ասում այդ թիվը:

-Մերոնք նոր ծնված երեխուն ոնց էլ չեն վախեցել ու տանը մենակ են թողել,- ասաց Լաուրան, ով հենց իրեն նկատի ուներ, քանի որ այնպես էր ստացվել, որ իր ծնողները այդ օրը տանը չէին լինելու, իսկ Լաուրայի ծնունդը նշելու էին հաջորդ օրը,-աղջիկներ, պարապմունքներից հետո եթե ազատ լինեք, եկեք մեր տուն «գործ» անելու, համ էլ ծննդիս օրով մենակ չեմ լինի:

Ամենամոտը Լաուրիկենց տանը ապում էինք ես, Սվետան և Մանեն: Մանեն Երևանում էր, այնպես որ ես և Սվետան երեկոյան այցելեցինք հոբելյարին: Նախ գնացինք մի քիչ առևտուր արեցինք… Մեզ հարիր առևտուր, այսինքն՝ քաղցրեղեն, հետո գնացինք տուն ու անցանք գործի… Ավելի ճիշտ, անցան գործի, քանի որ ես հիմնականում նկարում կամ խանգարում էի, բայց ինձ համար էլ գործ ճարեցին, այնպես որ ես ադիբուդի էի պատրաստում: Քանի որ մնացած մանրամասնությունները չեն հետաքրքրի, անցնեմ բուն նյութին:

Զանգ է գալիս տան հեռախոսին, Լաուրան պատրաստվում է վերցնել այն, երբ … «Բարով արագիլ, բարի արագիլ»… Չէ, երբ հիշում եմ, զգում եմ, որ այդ բառերը երգվում էին մեր համար ոչ այնքան բարով, քանի որ ձայնը գալիս էր շատ խուլ տեղից ու անընդհատ կտրտվելով, և բացի այդ հիշեցնեմ, որ այն գալիս էր հեռախոսից:

-Երեխեք, էս ի՞նչ ա, վախենում եմ,- անկեղծ ասած իրոք վախեցել էինք:

-Լավ, ինչի՞ եք վախենում, կարող ա` գլխներիս սարքում են,- փորձում էինք իրար հանգստացնել, երբ քիչ անց նորից զանգ եկավ ու նորից նույն ձայնը:

-Ո՞նց, էս ձենը հեռախոսը դեռ չվերցրած էր գալի՞ս, մամայիս եմ ուզում,-արդեն իրոք վախեցած ասացի ես, որ քիչ առաջ փորձում էի հանգստացնել:

-Լավ սպասեք, խուճապի չենք մատնվում, ամեն ինչ լավ ա, հիմա գնում ենք հեռախոսի մոտ ու հասկանում, թե ինչ ա խախտվել դրա մեջ,-փորձում էր սառնասրտությունը չկորցնել Սվետան:

Խիզախություն ենք հավաքում և նորից գնում հեռախոսի մոտ, երբ զանգում են, բաց այս անգամ սկսում է ինչ-որ տատիկ խոսել:

-Հա, երեխեք, էս հաստատ ինքնապատասխանիչն ա միացել,-ուրախացած ասաց Լաուրան ու շունչ քաշեց, բայց երբ էլի միացավ «Բարով արագիլը», երեքով վազեցինք խոհանոց ու դուռը փակեցինք:

Լաուրան որոշեց զանգել ծնողներին, իմանալու, թե երբ են գալու, և պարզվեց, որ մեքենայի միջից զանգելով տան հեռախոսին, իրոք, մի քանի զանգից ավտոպատասխանիչն է միացել, իսկ երգը ուղղակի մեքենայի միջից եկող ձայնն է եղել: Դե հանգստացանք, ու որոշեցինք, որ ես ու Լաուրան տանում ենք Սվետային ճանապարհելու:

-Սպասեք, բա ճանապարհին ինչո՞վ ենք զբաղվելու,-ասացի ես ու վերցրեցի հացամանը, որի մեջ լցնում էի ադիբուդին, որ հովանա,-այ հիմա գնացինք:

Արդեն բավականին մութ էր, այնպես որ մենք և մեր ադիբուդով լիքը հացամանը չէինք երևում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենա էր անցնում, և լույսերը ընկնում էին մեր վրա:

-Պահի էդ հացամանը, խայտառակ եղանք,-ասում էր Լաուրան, իսկ ես ծիծաղելով ասում էի.

-Վերջը…

-Չասես,-հասկանալով ինչ եմ պատրաստվում ասել, ասաց Լաուրան:

-Էսօր դարձար…

-Ասացի` չասես.: Սվետա, պահիր ինձ:

-16 տարեկան:

-Տասնվե՜ց,տասնվե՜ց, տասնվե՜ց…