lida armenakyan

Ուզում եմ

Սևակի «Ուզում եմ»-ը հիշո՞ւմ ես: Այն, որ ուզում էր` պարապը լցվեր լացով, բայց ոչ թե մոր, այլ մանուկի, որ գերվեին` ոչ թշնամուց, այլ խելքահան աղջիկներից… Դո՞ւ ինչ ես ուզում: 

Ես Տիգրան Մեծի ստեղծած ու Նժդեհի երազած հայրենիքն եմ ուզում: Ուզում եմ, որ աշխարհում այլևս հոլոքոստներ չլինեն: Ուզում եմ, որ պատերազմներ չլինեն ու կրակոցներ չլսվեն: Հա, նաև ուզում եմ, որ պատերազմի փոխարեն խաղաղություն ստանանք ու անօդաչու չքվող, է… Թռչող սարքի փոխարեն սեր ստեղծենք: Ուզում եմ, որ Հայաստանը լինի արտադրող և արտահանող, այլ ոչ` ներկրող երկիր: Ես ուզում եմ առանց հետադարձի տոմսեր չգնվեն մեր երկրում: Ուզում եմ, որ կառավարությունը գումարներ ծախսի նոր զենքի ու տեխնիկայի, ոչ թե արտերկրում շքեղ առանձնատներ ունենալու համար: Ես ուզում եմ պաշտոնյաները կրթված լինեն: Եվ ուզում եմ, որ չվաճառեն մեր երկիրը: Ուզում եմ Արևմտյան Հայաստանի յուրաքանչյուր նահանգ վերադարձվի Հայաստանին ու հայերով բնակեցվի:

Գանձեր չեմ ուզում, ուզածս մի կտոր անկախություն է: Մի կտոր, բայց լիարժեք: Մի կտոր, հասկանո՞ւմ ես ինձ, մի կտոր, առանց Ռուսաստանի թելադրանքի: Հիմա կասես` ինչ հիմարություններ եմ դուրս տալիս, չէ՞: Կասես, որ Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է, որ եթե իր «օգնությունը» չլինի` մենք կորած ենք: Քեզ ոչնչում ու ոչնչով չեմ հակադարձի ու իմ կարծիքն էլ չեմ փաթաթի վզիդ: Միայն կասեմ, որ ես այդպես չեմ մտածում: Ու չեմ պարզաբանի ոչինչ, դա մնա մի ուրիշ անգամ: Դե, հասկանում ես, երկար պատմություն է, գլուխդ չտանեմ:

Ուզում եմ, որ այլևս վեճեր չծագեն սեռի, դավանանքի, կրոնի ու ռասսայի շուրջ: Ուզում եմ, որ աշխարհում այլևս երբեք լենիններ ու ստալիններ չծնվեն: Ուզում եմ, որ ազգս թուրքի դրոշ վառելու և կամ այն տրորելու փոխարեն թուրքական ապրանք չներկրի, չվաճառի ու չգնի:

Ես ուզում եմ շարժառիթ ունենալ ու շարժառիթ լինել: Հա, այն մոտիվացիայիդ, որ ամենաանհրաժեշտ պահին հանկարծ կորչում է: Իսկ դու չե՞ս ուզում հենասյուն դառնալ և կամ դարձնել: Իսկ ես… Ես անգամ ուզում եմ ձեզ համար այն անհնարը հնարավոր դարձնել: