anahit baghshetsyan

Ուղիղ 17

Եթե դու կամ ընկերներիցդ մեկը չեք ունեցել «պուճուր», «պստո», «ճստո» մականունները, ուրեմն չգիտեմ, իրոք չգիտեմ, երևի նոր ընկերներ գտնես, քանի դեռ կարող ես: Ցավոք սրտի, միշտ ես եմ եղել վերոհիշյալ բախտորոշ մականունների տերն ու տիրակալը: Ու ոչ թե նրա համար, որ ես ցածրահասակ եմ (լավ էլ բոյով եմ՝ ուղիղ 164 սմ), այլ ուղղակի այն պատճառով, որ ես փոքր եմ եղել տարիքով: Ու վերջապես եկավ այն օրը, երբ ես կարող եմ ասել, որ 17 տարեկան եմ: Ոչ թե համարյա 17, շուտով 17, դեռ 16, այլ հենց 17: Ու այս պատմական առիթով ուզում եմ մի քանի խորհուրդ տալ բոլոր-բոլոր այն ընթերցողներին, ովքեր ժամանակ ունեն ընթերցելու 17-ի այսօրվա հոդվածներից մեկը:

Խորը շունչ քաշիր ու գնացինք:

  1. Քեզ խաբելու են: Քեզ խաբելու են ամեն տեղ, ամեն առիթով ու ամեն պատեհ ու անպատեհ պահի: Ու պատճառը բոլորովին այն չէ, որ դու գթասիրտ ես կամ միամիտ: Ուղղակի աշխարհն էդպես է աշխատում: Ոմանք խաբում են, ոմանք էլ՝ խաբվում:
  2. Մի տխրիր, եթե ընկերներդ չեն պատասխանում հաղորդագրություններիդ, չեն լայքում նկարներդ կամ էլ միանգամից վեց մեկնաբանություն չեն գրում նոր լուսանկարիդ տակ: Ընկերությունն էդպես չի որոշվում: Ընկերությունը զգում ես, երբ հանկարծ հասկանում ես, որ արդեն երեք ժամ է՝ խոսում եք իրար հետ առանց մեկ անգամ նույնիսկ հեռախոսի կողմ հայացք նետելու: Հենց էդպես էլ իսկական ընկերներիդ գտնում ես:
  3. Ծնողներդ քեզ համար միայն լավն են ուզում: Մի հակաճառիր իրենց: Խոսիր իրենց հետ, քննարկիր տեսակետներդ, արտահայտիր մտքերդ, բայց մի կռվիր: Ազատությունը, որ նրանք չեն տալիս, որին դու այդքան սպասում ես, երևի թե չկա: Կամ էլ չէ, ֆիզիկայի ու աստղագիտության դասագրքերում մուգ տառերով կա:
  4. Արա այն, ինչ ուզում ես: Երբեք մի հետևիր այն մարդկանց, ովքեր վստահ են, որ քեզ ճիշտ ուղղությամբ են տանում: Որովհետև այն, ինչ ճիշտ է դիմացինիդ համար, շատ մեծ տոկոսային հավանականությամբ սխալ է քեզ համար:
  5. Փորձիր: Փորձիր նոր նախասիրություններ գտնել, նոր լեզուներ սովորել, նոր ոլորտներում աշխատել: Նոր ուտեստներ փորձիր, նոր մշակույթների հետ ինտեգրվել փորձիր: Փորձիր կարդալ էնպիսի գրքեր, որոնց մասին երբեք չես լսել, խոսել այն մարդկանց հետ, որոնք քեզ ոչնչով նման չեն: Ինքդ քեզ ու քո ուժը փորձիր, բայց մի մնա քո փոքր արկղի մեջ՝ անելով միայն այն ամենը, ինչ կարողանում ես:
  6. Երազիր մեծ բաների մասին: Ինքդ քեզ համար բարձր սահմաններ ստեղծիր, բայց մի փորձիր դրանց մեկ փորձով հասնել: Պատրաստ եղիր ընկնելու: Պատրաստ եղիր պարտվելու ու հաղթանակից հեռանալու: Բայց ուժ գտիր ինքդ քո մեջ ևս մեկ անգամ կանգնելու ու ևս մեկ անգամ փորձելու: Որովհետև մեկ անգամ հաղթելու համար պիտի մի հազար անգամ ընկնես, վնասվես ու կոտրվես:
  7. Դիսնեյի մուլտֆիլմերը նայիր: Հա, հա, ինչքան էլ ծիծաղելի հնչի, մուլտեր նայիր, մուլտերին հավատա, որովհետև կյանքը շատ ավելի հետաքրքիր կլինի, երբ ինքդ քո հեքիաթներն ունենաս ու հոգուդ ինչ-որ մասով միշտ մնաս այդ գունավոր հեքիաթների մեջ:
  8. Հիշիր երկու 5-երի կանոնը ու օգտագործիր այն ամեն կարևոր գործողություն սկսելուց առաջ: Եթե այն, ինչ անում ես հիմա, քեզ պիտանի չի լինելու 5 տարի անց, ուրեմն նույնիսկ 5 րոպե մի ծախսիր դրա վրա: Մի ծախսիր երեք անքուն գիշեր ֆիզիկայի գրավորին պատրաստվելու համար, ու ևս երեք ցածր գնահատականի բերած տխրությունը փարատելու համար:
  9. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Be Yourself: Ու գիտեմ, որ դու հաստատ նկար ունես ինստագրամում այս բառերով, կամ էլ մի շապիկ ունես վրան վառ գույներով այս բառակապակցությունը տպագրված: Բայց մի մոռացիր այն: Եղիր քեզ նման ու մի նմանվիր ոչ ոքի: Ոչ ոք չի կարող քեզ նման ժպտալ, հուզվել կամ երեկույթներին բարձր բղավել: Մի մոռացիր, որ քեզնից ընդամենը մեկ հատ կա աշխարհի երեսի մնացած յոթ միլիարդ ԴՆԹ-ների ցանկում: Ու ոչ մի ուրիշ գենոտիպ ու ֆենոտիպ միասին չեն կարող լինել քեզ այդքան նման:

Ու եթե հանկարծ տարտամես ու տարակուսես հայոց լեզվի քննությանը, հուզվես համալսարան մտնելիս, մտածես, որ ամբողջ աշխարհը քայլում է քեզ ու քո կամքին հակառակ, կամ ուղղակի ուժ չունենաս առավոտյան անկողնուց վեր կենալու, հիշիր, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ ես երևի թե գնամ մոմերը փչեմ ու երազանք պահեմ, որ ինձ էլ ոչ մեկը «ճստո» չկանչի: Չնայած մի «ճստո» էլ 17 տարեկան ես-ս է` պաղպաղակ սիրող, մուլտֆիլմեր դիտող ու ինքն իրեն փնտրող գանգրահեր Անահիտը, որ գեթ մեկ օրով գիտնական դարձավ ու իր կյանքի փորձով (ես էլ քմծիծաղ տվեցի) կիսվեց: