Susanna Grigoryan

Վայրէջք թաց ասֆալտին

Հեչ պատկերացրել ես՝ ոնց ես 11-րդ հարկից ընկնում ցած՝ ասենք՝ պատուհանները լվանալիս: Օդում մի թեթև պտույտ ես տալիս ու վայրէջք կատարում թաց ասֆալտին: Վայրէջքի փափկությունը կարող ենք որոշել, եթե մարզասրահում բաց թողած պարապմունքներիդ թվին գումարենք ամենօրյա կալորիաների քանակն ու բաժանենք երկուսի: Քո դեպքում փափուկ չի ստացվի, ինչքան էլ ուզենք, բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև փողոցի մյուս ծայրից կլսվի էն շան հաչոցը, որի թաթը երեկ չէ անցած օրը տրորել էիր: Իր կյանքում հավաքած ողջ փորձն ու եռանդը գործի կդնի ու այնպես կհաչա, որ թաղամասի բոլոր շները հասկանան. ինքը հաղթել է: Ու շատ էլ ճիշտ կանի, քեզ տեղն է: Քայլելուց դիմացդ նայեիր:

Էն եգիպտացի տղային հիշո՞ւմ ես, որին խոստացել էիր, որ իրար հետ անգլերենով շփվելու եք, որ Հայաստան ես հրավիրելու, բայց հավեսդ կորել էր ու ուղղակի ընկերներիցդ ջնջել էիր: Հա, հա, հենց ինքը, որ էջի գլխավոր նկարը առյուծ էր: Գիտեմ, որ Եգիպտոսում չի իմանա` ինչ է պատահել, բայց որ իմանար, հաստատ կուրախանար:

Էն կինն էլ կուրախանար, որին ամեն անգամ ավտոբուսում տեղ չես տալիս: Հետո էլ արդարանում ես. «Գրքերս շատ էին», «Դասից հոգնած էի»: Հազիվ մի անգամ նստած կհասնի գործի:

Մահդ այնքան անիմաստ չի լինի, որ Գինեսի գրքում գրանցվես, բայց, մեկ է, էլի անիմաստ կլինի: Կարճ ասած՝ դարձյալ միջակություն: Բայց չմոռանանք, որ դու պատուհանները լվանալիս 11-րդ հարկից ցած չես ընկել ու շարունակելու ես նեղություն տալ բակի շներին, եգիպտացի տղաներին ու ավտոբուսի մորքուրներին: Գուցե արժի քայլեր ձեռնարկել, որ մահդ էլ ապրելուդ չափ անիմաստ չլինի: