Susanna Grigoryan

Ուղղակի այլ կերպ

«Այլ կերպ» խաղը գիտե՞ք: Գնում էինք «Այլ կերպ» խաղալու: Խաղը չսկսած` մեզ արդեն չեմպիոն էինք զգում: Նույնիսկ ընկերուհուս գնած չափից դուրս դառը սուրճը ավելի համով էր, քան երբևէ իմ խմած որևէ այլ բան: Պատահում է, չէ՞, որ քեզ անսահման երջանիկ ես զգում առանց որևէ պատճառի ու առիթի: Մեզ հետ հենց դա էլ պատահել էր: Հետո հանկարծ ինչ-որ մեկը գոռաց.

-Հո քո տունը չէ՞, ի՞նչ ես պառկել, գնա էստեղից:

Էլեկտրիկ կապույտ վերնաշապիկով մարդ էր, գոռում էր նստարանին պառկած պապիկի վրա: Գոռաց, հետո խփեց: Նա էլ ընկավ գետնին ու գլորվեց մի կողմ: Հետո չգիտեմ` ինչ եղավ: Չգիտեմ, որովհետև մենք գնացինք, ուղղակի գնացինք: Իրար չնայեցինք, ոչինչ չասացինք: Ասելու բան էլ չկար:

Մեկ-մեկ ինձ թվում է, որ պապիկը ինձ էր նայում, կարծես ինչ-որ բանի էր սպասում: Բայց հաստատ չեմ կարող ասել: Միգուցե հորինում եմ: Ես ամեն ինչ դրամատիզացնելու վատ սովորություն ունեմ:

Իմիջայլոց ասեմ, որ խաղը լավ անցավ: Մենք երկրորդ տեղում էինք: Ուղղակի կորել էր անսահման երջանկության զգացումը: Երևի նստարանի մոտ էինք թողել: