Seroj araqelyan

Ուռա՜, անցավ ապրիլի երկուսը

Ապրիլի երկուսը հաստատ բոլորին հայտնի օր էր, հայտնի, թե որպես ընտրություններով հագեցած օր, թե որպես պատերազմի օր, երբ անցած տարի նույն ապրիլի երկուսին, ինչը հայտնի է որպես «Քառօրյա պատերազմ» անունով՝ հայ զինվորները իրենց կյանքը չխնայելով պաշտպանեցին մեր սահմանները: Անցավ արդեն մեկ տարի, մեկ տարի, բայց ցավոք իրենք հիմա չկան, ճիշտ է, չկան, բայց միայն ֆիզիկապես, իրենց գործով իրենք անմահացել են, ու այդ գործը հաստատ երբեք չի մոռացվի: Հենց այս պահի համար էլ եմ պարտական, որովհետև հիմա հանգիստ՝ խաղաղ երկնքի տակ նստած նյութ եմ գրում:

Ապրիլի երկուսին Հայաստանը, կարելի է ասել, գտնվում էր խառը իրավիճակում, անընդհատ՝ ել ու մուտ, անձնագիր, ստորագրություն, քվեաթերթիկ և այլն: Վերջապես անցավ ապրիլի երկուսը, կարող եմ հանգիստ քնել: ՉԷ, չէ, սխալ մի հասկացեք, խոսքս ընտրությունների հետ չի կապված, դրանք ինձ չեն խանգարել քնել, խանգարել է ապրիլի 2-ի վերաբերյալ տված հանձնարարությունը: Այո, ճիշտ հասկացաք՝ «Հայաստանի մեկ օրը» ֆիլմի նկարահանումների մասին է խոսքը, որը ձեռնարկել էին 17-ի պատանի թղթակիցները: Ասեմ՝ ինչի չեմ քնել, գրառումը տեղադրվեց մի շաբաթ առաջ: Ես երկու գիշեր չքնեցի մտածելով, թե ինչ կադրեր պիտի նկարեմ: Արթնացա, էլի նայեցի դուրս, ամպամած է, բայց այսօր չէի ուզում է ամպամած լիներ, ես այդպես չէի պլանավորել: Դե լավ, հա, չկա չարիք առանց բարիք, ամպամած օրերը ինձ դուր են գալիս, իսկ եթե դուր են գալիս, ուրեմն կօգնի ինձ մտածել, լավ կադրեր ստանալ: Բացի ամպամածը, անձրև էր: Ես հենց էդ էլ ուզում էի: Թաց ապակի և հետևում քայլող մարդիկ, ընտիր է: Մի քիչ իմ ուզածով չեղավ, բայց եղավ: Չկային մարդիկ, որովհետև անձրև էր գալիս, և բոլորը ներսում էին: Ես ստիպված նստեցի պատուհանին և սպասեցի. պետք է նոր քվեարկողներ գան, հենց այդ պահին էլ կֆիքսեմ իմ ուզած կադրը:

Այդ մեկ մարդը եկավ, թաց ապակու հետևով անցավ, ու գեղեցիկ ստացվեց: Միայն դա չեմ նկարել, նկարել եմ մի քանի կադրեր: Բայց եթե այսպես ամեն ինչ պատմեմ, ֆիլմը նայելիս հետաքրքրություն չի մնա: Դե լավ, սպասենք տեղադրմանը:

Ուշադիր կլինենք, շուտով կարող եք դիտել մեր ցանցի նոր վավերագրական ֆիլմը՝ «Հայաստանի մեկ օրը»: