«Խոսուն» Վանաձորս

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Վանաձորը լռության քաղաք է. լուռ են փողոցները, այգիները, մարդիկ… Քայլում ես մայթերով ու լսում սեփական մտքերը, բարձր, չկա ոչ մի աղմուկ, որ խլացնի դրանք, դու ոչ մի տեղ չես շտապում, որովհետև այստեղ ամեն ինչ հանդարտ է: Առաջին հերթին հանդարտ են սարերը, որոնք քաղաքի որ հատվածում էլ լինես, քեզ շրջապատում ու պաշտպանում են, ու հետաքրքիր է, որ մի կողմից կարծես անտառով են ծածկված և փափուկ են մոր նման, մյուս կողմից՝ խիստ են և ուժեղ հոր նման:

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Բայց վերադառնանք լռությանը. դրա մի տեսակ կա, որ ամենագեղեցիկն է. անձրևի ժամանակ բնության աղմուկից հետո տիրում է մոգական մի խաղաղություն, այդ պահին կարծես լսես  լռությունը ու վայելելով այն, հանկարծ զգում ես իսկական վանաձորյան «դիլխորը»:

Մենք աղմուկ չենք սիրում կամ ավելի ճիշտ, սովոր չենք, ու հանկարծ շշուկներ լսելով, մենք տիպիկ վանաձորյան մուննաթով ասում ենք.  «Լա էտ ղըլմաղալը կտրի»:

Վանաձորը ինքը լուռ է. լուռ էր, երբ անխնա աղտոտում էին օդը, լուռ էր, երբ տաքանալու համար կտրվում էին ծառերը, լուռ էր, երբ օրեցօր դատարկվում էր…

Բայց քաղաքս սկսել է խոսել… Նա պատմում է իր խնդիրների ու իր մարդկանց մասին, իր հինը ստեղծողների ու նորարար երիտասարդների մասին: Քաղաքս ասելիք ունի, ու ասելիքը սկսում է պատերից, «խոսուն պատերից»:

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անուշ Ջիլավյանի

Մի խումբ երիտասարդների մտքերով քաղաքս սկսում է պատմել մարդկանց մասին, ում մենք շատ լավ ճանաչում ենք ու սիրում, ում գուցե չենք ճանաչում և հանկարծ քայլելիս նկարը տեսնելով կփորձենք ճանաչել: Նրանք կոչ-գրություններ են ստեղծում, որ անցնելիս կարդանք ու մեզ հարցեր տանք, դրանցից մի քանիսը մեր իրավունքներն են, որոնք մենք հաճախ չգիտենք:
Իսկ ո՞վքեր են նրանք, որ մեր պատերը դարձնում են խոսուն: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Նախագծին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետական» խմբակցությունները և քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ պարոն Աբովյանը: Ծրագրի իրականացմանն աջակցում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն:
Հուսանք մեր պատերը այլևս չեն լռի նման հետաքրքիր նախաձեռնությունների շնորհիվ: