Ani avetisyan

Ուսանողական կյանք

Այս ամառը, համենայնդեպս՝ ամռան առաջին կեսը իմ ու 2017 թվականի ցանկացած միջին վիճակագրական դիմորդի համար մի քիչ տարբերվում էր մնացած ամառներից։ Բայց իմ դեպքում միայն առաջին կեսը։ Դե հա, երկրորդ կեսից էլ միայն այն, որ սև ու սպիտակ դպրոցական հագուստ գնելու պարտականությունից ինձ լիովին ազատված եմ զգում։

Ճիշտն ասած՝ մտածում էի, թե առաջին դասարանցիների նման պիտի ուրախանամ, անհանգստանամ ու անհամբեր սպասեմ սեպտեմբերի մեկին, ախր, ես էլ եմ առաջին, ուղղակի՝ կուրսեցի։ Չէ, սպասելիքներս դեռ չեն արդարացել, իսկ նոր ուսումնական տարվան տասը օր մնաց։ Ի՞նչ արած։ Սպասենք, գուցե սեպտեմբերյան զգացողություններս ուրիշ լինեն։ Չնայած, երբեք էլ անհամբերությամբ չեմ սպասել այդ կախարդական օրվան։

Հա, մոռացա, ուզում էի գրել, թե ինչ եմ սպասում իմ նոր կյանքից, դե, ուսումնական առաջին տարվանից, ու հատկապես՝ ԵՊՀ-ից։

Քանի որ հեքիաթների հետ այնքան էլ սեր չունեմ, չեմ պատմի իմ երազանքների համալսարանի մասին։ Իսկ եթե լուրջ՝ չեմ էլ պատկերացնում, թե ինչպես եմ ընդունելու դպրոցից համալսարան և դասարանից լսարան փոփոխությունը։ Բայց դե, ծանր չեմ տանի։ Երևի։ Հա, ու չպիտի մոռանամ, որ հին ու բարի ուսուցիչներին փոխարինելու են եկել դասախոսները։ Մեկ էլ դասերն են ավելի երկար լինելու, քան դպրոցում։

Չգիտեմ՝ ինչու, բայց մտածում եմ, որ առաջին օրը մեզ առաջին դասարանցի ենք զգալու։ Դե, անծանոթ շրջապատ, անծանոթ դեմքեր ու «բարձր դասարանցիների»՝ մեզ ուղղված հայացքները։

Հետո՞, հետո մեզ կսպասեն լսարանի փնտրտուքները, նոր ռեժիմին հարմարվելու փորձերը։ Ինձ՝ մարզային տրանսպորտից բողոքելու նոր առիթներ ու էլի նման բաներ։

Մի երկու շաբաթից ամեն ինչ տեղը կընկնի, կսկսվի սովորական դարձած ուսանողական կյանքը ու կավարտվի 4 տարի հետո։ Մինչ այդ՝ մի քիչ տրամադրվենք ուսանողական կյանքին։ Էսպես չի կարելի, չէ՞։

Դե ինչ, շուտով կսկսվեն առաջին կուրսեցիների անհավանական արկածները Հայաստանի բուհերում, դուք էլ կարող եք հետևել մեր՝ առաջին կուրսեցի թղթակիցներիս տպավորություններին։ Սա միայն նախաբանն էր։