anahit gasparyan charencavan

10.4-ի հասարակությունը

Ավագ դպրոց տեղափոխվելու համար յուրաքանչյուր աշակերտ պետք է ընտրի իր հոսքը՝ այն բաժինը, որտեղ խորացված ուսումնասիրելու է իր ընտրած առարկաները: Ընտրության հարցում դժվարություն չկար, ես որոշել էի՝ հաստատ ընտրելու էի տնտեսագիտականը, սակայն, իմ կարծիքով՝ դժվար էր լինելու հարմարվել նոր միջավայրին, նոր դասարանին, նոր ապրելակերպին: Իմ մտավախություններն զուր էին: Առաջին իսկ վայրկյանից հասկացա, որ «10.4 հասարակության» անդամներին Դիոգենեսը առանց վարանելու մարդ կկոչեր:

Ամեն ինչ սկսվեց այն հոկտեմբերյան օրից, երբ մեր նորաթուխ դասարանի ավագը հայտնեց, որ հաջորդ օրը մեր դասարանի Աստղի ծննդյան տարեդարձն է: Քանի որ ժամանակը սուղ էր, և մեծ անակնկալ չէինք հասցնի անել, քսաներեք աշակերտ որոշեցին դպրոց գալ մեկական փուչիկով՝ գեղեցիկ ու վառ (կարո՞ղ եք պատկերացնել մյուս աշակերտների զարմացած հայացքներն ու անվերջ հարցերը):

Այդ օրվանից ի վեր մենք ձեռք բերեցինք յուրահատուկ մի ավանդույթ՝ հնարավորության սահմաններում տոն դարձնել յուրաքանչյուր դասարանցու ծննդյան տարեդարձը:

Օգոստոսի սկիզբն էր, տարվա ամենաշոգ օրերից մեկը: Գիտեինք, որ շուտով մեր սիրելի դասղեկի ծննդյան տարեդարձն է: Պետք էր մի բան որոշել:

-Երեխե՛ք, առանց ընկեր Ղազարյանի մեր դասարանը ինչ-որ անավարտ բանի նման կլիներ, ոչ թե 10.4-ի: Պետք ա մի բան անել: Ի՞նչ առաջարկներ կան:

-Եկե՛ք մեր նկարներով օրացույց նվիրենք:

-Ի՞նչ կասեք «миллион алых роз»-ի մասին:

-Եկե՛ք Օսկարի արձանիկ նվիրենք՝ լավագույն դասղեկ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար:

Ու այսպիսի տարբերակներից հետո, որոնք հատուկ են մեր խենթ դասարանին, մենք կանգ առանք մի դասական տարբերակի վրա և որոշեցինք բոլորով հավաքվել և անակնկալ մատուցել ընկեր Ղազարյանին:

-Ժամը 11:00-ին, ում հարմար ա՝ թող գա դպրոցի բակ: Տեղում մնացածը կորոշենք:

Նշանակված ժամին, նշանակված վայրում հանդիպեցի մեր աղջիկներին: Հանդիպումը հուզիչ էր՝ սիրելի ընկերներ, կարոտած հայացքներ: Բայց ծագում էր մի շատ հետաքրքիր հարց.

-Իսկ ո՞ւր են տղաները:

Լիանան որոշեց գտնել հարցի պատասխանը: Էրիկի քնաթաթախ «ալո՜»-ն լսելուց հետո ամեն ինչ պարզ էր: Տղաները քնով էին անցել: Պետք էր ժամանակ չկորցնել: Բոլորով հավաքվեցինք մեր դասղեկի տան շենքի բակում:

- Եկեք այսպես պայմանավորվենք: Ա՛ն, ավագի իրավունքով դու բարձրացիր վերև, տո՛ւր նվերը և խնդրիր, որ ընկեր Ղազարյանը պատուհանից նայի: Մենք էլ ներքևից կշնորհավորենք, կերգենք: Կավիճ էլ ունենք, հեսա արագ մի բան կմտածենք:

Ծրագիրը լավն էր, բայց թեթև շտկման կարիք ուներ: Մենք հաշվի չէինք առել այն հանգամանքը, որ մեր դասղեկը հնարավոր է, որ տանը չլիներ: Դիմեցինք հեռախոսի օգնությանը: Լսելով նրա «ի՜նչ տիպն եք դուք» արտահայտությունը՝ թեթևացած շունչ քաշեցինք ու աշխույժ, կենսուրախ վերադարձանք տուն: Առաքելությունը կատարված էր:

Շուտով սկսվելու է նոր ուսումնական տարին: Թեպետ մեր դասարանի անվանումը փոխվելու է՝ դառնալով «11.4», բայց ոգևորությունը, ուրախ տրամադրությունը, համախմբվածությունը, յուրակերպությունն ու խենթությունները մնալու են նույնը: Եվ ամենակարևորը՝ մենք որոշել ենք առաջնորդվել նույն սկզբունքով. «Լավագույն ավանդույթները շարունակվում են»: