ellaMnacakanyan

Օրիորդ երջանկություն կամ` Կապույտը

Ասում են՝ հեղինակի համար գիրքը նման է սեփական երեխային: Շատ տարածված ու հայտնի համեմատություն է, երևի լսած կլինեք: Դե՜, տարածված մտքերն էլ միշտ մի տեսակ ձևական են հնչում, բայց այս մեկը վստահաբար բացառություն է: Վստահաբար, որովհետև սեփական փորձով եմ համոզվել դրանում: Իսկապես, երբ ամիսներ շարունակ աշխատում ես մի ստեղծագործության վրա, ակամա անգիր սովորում յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը, ինքդ քո մեջ վերծանում ու վերլուծում ես գրածիդ միտքն ու ասելիքը, կապվում կերտածդ հերոսների հետ ու սկսում ինչ-որ պահի ապրել նրանց ճակատագրերով, զգում ես, որ դեռ լույս չընծայված գիրքդ դարձել է այնքան հարազատ, ինչքան դեռ չծնված փոքրիկն իր մոր համար: Միակ տարբերությունն այն է, որ գիրքը սնվում ու ձևավորվում, փոփոխությունների է ենթարկվում նախ գլխումդ, ապա համակարգչիդ ֆայլերում՝ որովայնի փոխարեն: Ու հա՜, միշտ չէ, որ հենց 9 ամսից է լույս աշխարհ գալիս:

Եվ ուրեմն կարելի է ասել, որ ես արդեն կրկնակի մայր եմ, որովհետև պաշտոնապես ծնվել է իմ երկրորդ «մանկիկը»՝ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» անունը կրող գիրքը: Փաստորեն, «Նամակ»-ն արդեն կրտսեր քույր ունի (իմ 2 գրքերն էլ, չգիտեմ ինչու, մի տեսակ իգական սեռի են իմ աչքերում): Եվ այս պահից ի վեր, «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այլևս ոչ միայն իմն է, այլև հանրությանը: Ես հույս ունեմ, որ ընթերցողը կծանոթանա նրա հետ, կկարդա ու կբացահայտի նրա էությունը, գուցե նաև լիովին կընկալի ու կսիրի նրան, բայց ավելի շատ կցանկանամ, որ իր ճիշտ քննադատությամբ, դիպուկ նկատառումներով օգնի դառնալ ավելի լավը եթե ոչ իմ «մանկիկին», ապա գոնե նրա՝ դեռ չծնված «քույր-եղբայր»-ներին, քանզի միայն ու միայն թերությունները շտկելով է հնարավոր կատարելագործվել:

Ձեզ էլ թվա՞ց, որ այս նյութս մի տեսակ տարբեր էր նախորդ նյութերիցս: Ինձ այդպես թվաց: Ուրեմն, թո՛ղ այս անգամվա վերջաբանս էլ տարբեր լինի մնացածից: Որպես վերջաբան՝ պարզապես մի մեծ շնորհակալություն այն մարդկանց, որոնք հավատացին իմ ուժերին ու սատարեցին անիրական թվացող նպատակս իրագործելու ճանապարհին:

Հ.Գ. Քանի որ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այսուհետ ավելի շատ ձերն է, քան իմը, այն կարող եք գտնել Երևանի «Բուկինիստ» գրախանութում: