anush davtyan

Օրիորդներին ինչի՞ համար են շնորհավորում

Ընկերուհիս՝ Անին, արդեն համալսարանի ուսանողուհի է, ու մեր՝ մտերիմների կարծիքով՝ այդ տարիքում ընկեր ունենալն ընդունելի է։

Մի առավոտ՝ երևի ժամը տասի մոտ, հեռախոսը զանգեց։ Քնաթաթախ, դեռ լրիվ չհանգստացած՝ Անին նայեց հեռախոսին ու տեսավ ընկեր Մուրադյանի՝ մեր դասղեկի ու նաև իր հետ քիմիա պարապող ուսուցչի համարը։ Հոգնած գիտակցությունը միանգամից Անիին մի տարի հետ տարավ, երբ դեռ քիմիա էր պարապում և ուշանում էր առավոտյան նշանակված պարապմունքից։ Զգաստացավ ու միանգամից պատասխանեց.

-Ալո՞։

-Անի՛ ջան, ալո, բարի լույս,- լսվեց ընկեր Մուրադյանի ձայնը։

-Բարև Ձեզ, ընկե՛ր Մուրադյան,- կամաց-կամաց Անին հասկացավ՝ ինչը ինչից հետո է,- ո՞նց եք։

-Լավ եմ, Անի՛ս, դու լավ լինես։ Զանգել եմ՝ շնորհավորեմ։

Ապրիլ ամիսն էր։ Մարտի 8-ն անցել էր, ապրիլի 7-ն էլ, խելքը գլխին տոն էլ չկար։

-Ինչի՞ համար, ընկե՛ր Մուրադյան։

-Ո՞նց ինչի։ Ինչի՞ համար են շնորհավորում օրիորդներին։ Նշանվել ես, չես էլ ասում։

Ու էստեղ Անիի բերանը բաց մնաց։ Դե երբ ընդամենը մի քանի ամիս ես մեկի հետ ընկերություն անում, իսկ ամբողջ Գավառը մտածում է, որ թաքուն նշանդրեք եք արել, տհաճ երևույթ է, չէ՞։

-Չէ՛, ընկե՛ր Մուրադյան, ի՞նչ եք ասում, ի՞նչ նշանվել։

-Էդպես էին խոսում, Անի՛ս։

Ու մոտակա երկու-երեք րոպեն Անին ակտիվ բացատրում էր իրականությունը։

Էլի դեպքեր եղան, որ Անիի աչքից հեռու մնացին։ Օրինակ՝ դասարանի աղջիկները ինձ էին գրում անգամ. «Բա չիմացա՞ր՝ ով ա նշանվել մեր դասարանից»։ Անկեղծ ասած՝ հենց հարցնողն էլ մտքիս էր գալիս, բայց դե մարդն ինքն իր մասին էդպես չի խոսի։ Իսկ երբ Անիի անունն էին տալիս, մեղմ ասած՝ ապշում էի։

Հարազատությունն էլ էր նեղանում, որ իրենց տեղյակ չէին պահել նշանդրեքի մասին։ Իսկ Անին, էլ ի՞նչ Անին։ Անին գլուխը կախ բացատրում էր ամեն մեկին՝ ինչն ինչոց է։

Ու հիմա, երբ պատահաբար Անիին տեսնում եմ գիշերային Երևանով իր սիրած տղայի հետ զբոսնելիս, առաջին բանը, որ մտքիս գալիս է, նրանց սուտ նշանդրեքն է։ Իսկ երկրորդը, թե ոնց է մեծ քաղաքը թաքցնում իրենց փոքրիկ սերը անախորժ պատմություններից։