emma tovmasyan

Ուրիշ հեքիաթ էր

Բոլոր երեխաներն էլ յուրօրինակ են ու յուրօրինակ մտքեր են ունենում: Նրանց երևակայած աշխարհը հեռու է մեծերի պատկերացումներից: Այդ աշխարհում ամեն ինչ այլ է` մի քիչ տարբեր: 

Փոքր տարիքում ես էլ իմ հեքիաթային աշխարհն էի ստեղծել: Գուցե շատերն են նման պատկերացումներ ունեցել, ոմանք էլ` հնարավոր է, հիմա ծիծաղեն, բայց դա իմն էր, իմ աշխարհը:
Այդ աշխարհում ես շատ էի սիրում նայել ինքնաթիռներին, ու ինձ թվում էր, թե այնտեղ` երկնքում, նույն երթևեկության կանոններն են գործում, ինչպես այստեղ` մեքենաների դեպքում: Կարծում էի, թե ինքնաթիռները կանգնում են կարմիր լույսի տակ, իսկ սխալ երթևեկելու դեպքում, ոստիկանները կանգնեցնում են նրանց: Բայց երբ մեծացա, պարզեցի, որ այդպես չէ:
Երբ փոքր էի, երազում էի փոքրիկ մարդուկ ունենալ` մատիս չափ փոքր, որի մասին որևէ մեկը չպետք է իմանար: Նրա հետ կխոսեի, կխաղայի, ու նա ինձ կհասկանար: Մեծացա ու կրկին հասկացա, որ դա անիրական ու երեխայական երազանք էր:
Երբ նայում էի լուսնին` գեր կնոջ դեմք էի տեսնում, մի տեսակ ջղային կնոջ, որն անընդհատ ինձ էր նայում ու միշտ հետևում էր մեր մեքենային: Ուր գնայինք, նա քայլում էր մեզ հավասար: Գուցե դա է պատճառը, որ այժմ, մի տեսակ, խուսափում եմ լուսնին նայել: Դե արի′ ու մտածի′ր, որ դա ընդամենը պատկերացում էր:
Նայում էի ամպերին, ու յուրաքանչյուր ամպ, մի երկիր էր թվում ինձ: Դրանց մեջ փորձում էի գտնել արտերկրում ապրող մորաքրոջս… Բայց այդպես էլ չէի գտնում:
Երբ փոքր էի… Փոքր էի, ու լավ էր: Ապրում էի իմ ստեղծած աշխարհում, ու ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես կար: Իսկ հիմա հասկացել եմ, որ ամպը ամպ է, որ ինքնաթիռը կարմիր լուսի տակ չի կանգնում, և լուսինն էլ գեր կին չէ, որն ինձ վրա, չգիտես ինչու, բարկացած էր նայում:
Փոքր էի, ու լավ էր… Պարզ էր, ուրիշ էր, հեքիաթ էր…