Anahit Ghazakhetsyan

Չավարտվող պատերազմ

Բայց մենք խաղաղություն չունենք. դրսից պատերազմ, ներսից` պատերազմ, մեջտեղներում` պատերազմ: Սա ինչ-որ բան է, որի վերջը միշտ բազմակետվում է, ու ես շարունակում եմ ապրել հենց այն պատերազմի մեջ, որը սկսվել է դեռ ծնվելուցս շատ առաջ, հենց նրա մեջ, որը, ոնց որ թե, ավարտվելու միտք չունի: Իսկ դպրոցում, տանը, հեռուստացույցով ու դասագրքերով ինձ սովորեցրել են, որ զինադադար է, որ պատերազմը 90-ականներում է մնացել, որ ամեն ինչ վերածվել է հիշողության, ու փամփուշտների մեջ արդեն ծաղիկներ են ծաղկում: 

Բայց զինադադար չկա, ինչ ուզում եք` ասեք: Ինձնից երկու-երեք տարի առաջ ծնված տղաները արտահերթ մեռնում էին, անունները ամեն րոպե հոլովվում էին հերթական լրագրերում ու լրատվական կայքերում, ասում են՝ հերոսներ են, ասում են՝ մարտական խաչ, Արցախի հերոս. հետմահու: Մի համոզեք ինձ, ես խաղաղության մեջ չեմ ապրում: Սա նման չէ խաղաղության: Ապրիլը նման չէր զինադադարի: Ապրիլը սուս ու փուս բոլորիս գլխին սառը ջուր լցրեց, ասաց՝ միամիտ մի եղեք, ասաց՝ պատերազմը չի ավարտվել, ասաց՝ նայեք, տեսեք: Ասաց՝ նայեք, որ տեսնեք: Եկավ, բոլորիս մի քանի տարով մեծացնելու: Ուշքի գցելու: Եկավ, որ ընկերներիս մասին մտածեի օր ու գիշեր, որ հետո իրենց տեսնեի՝ փոխված, միանգամից մեծացած, որ ինձ փոքր զգայի իրենց կողքին, ու ոչ միայն ֆիզիկապես: Զգայի, որ ոչինչ էլ չեմ տեսել, որ պատերազմը սկսվել ու ավարտվել էր աչքի առաջ ընկերոջ մահով, որ պատերազմի մասին սխալ են բոլոր գրողները ու վեպերը, որ, Հեմինգուեյ պապիկ, զենքին հրաժեշտ տալ չի լինում, էդ ո՞րն է: Պատերազմը ուղղակի պատերազմ է առանց բարու ու չարի, միշտ անավարտ:

Ո՞նց կարող է ամեն ինչ նորմալ լինել, երբ հիմա գրում եմ սրա մասին: Մեր ներսում ախր ո՞նց է ամեն ինչ խաղաղ, երբ Լյուբեի «Комбат»-ը երգելիս կողքից արտասվողներ են լինում: Ախր, ո՞նց է ամեն ինչ կարգին, երբ էդպես էլ տուն չդարձած տղերք եղան: Դեռ, ախր, երգեր են գրվում պատերազմների մասին: Մի քիչ առաջ Մարտունիում ծառայող ընկերներիցս մեկին նամակ գրեցի, գրում եմ՝ քեզ լավ նայիր, ու մտածում՝ մենք անհանգիստ ենք ծնվել: Կամ դարձել, ինչ կարևոր է: Քանի օր է՝ Սքորփիոնսի “Wind of change”-ն եմ լսում: Մայնեն երգում է՝ We could be so close, like brothers, հետո շարունակում՝ The future’s in the air, I can feel it everywhere: Գոնե էսպիսի ելքին մի քիչ հավատում եմ:

Որովհետև ես չափից դուրս հոգնել եմ դրսի, ներսի ու մեջտեղների պատերազմներից: