Ժենգյալով հաց

Զրույց հարևանուհուս՝ արմատներով ղարաբաղցի Ստելլա տատիկի հետ։ Պատրաստում ենք ժենգյալով հաց։ 

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

-Ստելլա տատիկ, ժենգյալո՞վ հաց, թե՞ ջինգյալով հաց։

-Ժենգյալ։ Ղարաբաղում կանաչին կոչվում ա ժենգյալ, ու ամեն ժենգյալ իր անվանումն ունի։ Է՜, գիտե՞ս՝ քանի տեսակ ժենգյալ ա գնում էս հացի մեջ. ճռճռոկ, սիմսիմոկ, թրթնջուկ, համեմ, կրմնձյուկ, սպանախ, սոխ, գյազրնուկ։ Էս բոլորից հիմա կա։ Խմորը պիտի չթթվի. առանց թթխմորի ա։ Մի կես ժամ հետո կարող ենք բացել, դե փափկում ա ու մեծ ա բացվում։

-Ինչ-որ խորհուրդ ունի՞ ժենգյալով հացի պատրաստումը։ 

-Ղարաբաղում ընդունված բան ա։ Խորհուրդը չգիտեմ, բայց Զատիկի սեղանին անպայման պետք է լինի։ Եթե ուզում ես ժենգյալ ուտես, ուրեմն պիտի 3 օր տանջվես։ Առաջին օրը գնաս կանաչին հավաքես, բերես, մաքրես։ Մյուս օրը լվանաս, չորացնես ու կտրատես, հաջորդ օրն էլ թխես։ Ժենգյալը պիտի հում լինի, մարդ կա` տապակում ա, հետո լցնում խմորի մեջ։ Էդպես սխալ ա, ինքը պիտի հում լինի, հետո կրակի վրա եփվում ա։ Թխում են, կարագը դնում են մեջը, ուտում են գինով։

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

-Ղարաբաղում է՞լ են վառարանի վրա թխում։ 

-Չէ, էնտեղ ուրիշ ա։ Կլոր աման ա, մեջտեղը բարձր, կրակ են վառում ու դնում վրեն։

Զրույցի ընթացքում մեր մյուս հարևանուհին եկավ. 

-Ձեր Զատիկը շնորհավոր։ Եկել եմ տեսնեմ՝ ոնց եք թխում։ 

-Արի, արի։ Նայելով բան դուրս չի գա, պիտի համտես անես։ Ա, խոխա, նստի։ Նստի, համտես արա. համը կմնա պյերանդ։

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

-Որ եկար հարս, ժենգալով հաց պատրաստել գիտեի՞ր,- հարցս ուղղված է Ստելլա տատիկի հարսին:

-Չէ, եկալ եմ, տեսալ եմ, սովորալ եմ։ Վաղը մյուս օրն էլ իմ թոռներիս կսովորացնեմ։ Փեջը պիտի հաստ լինի, որ բարակ ա լինում, վառվում ա։ Հա, մեկ էլ գրտնակով պիտի չբացեն, մատներով, բայց ես սովոր չեմ, միշտ գրտնակով եմ արել։

Լսվեց ձայն.

-Դիա՜ն, այ Դիա՜ն։ 

-Ներս եկ, խոխա,- մեր հարևաններից մեկն էր:

-Եկել եմ ժենգյալով հաց ուտեմ։ 

-Այ տղա, առաջ արի, սպասի։ Առաջինը չի կարելի ուտել։ Սպասի հեսա մյուսը լինի` տամ։

Ստելլա տատիկը տաք-տաք հացը կտրեց, տվեց։ 

-Ա՜խ, հըլը հոտը։ Ա, դե սենց տոներ մենք շատ պիտի ունենանք, էլի։ Ամեն օր չի, որ մտնես հայի տուն, ժենգյալ, թխվածք կամ չամիչով փլավ պատրաստած կինի։

-Մարդիկ հատուկ ժենգյալ ուտելու համար հասնում են Ղարաբաղ: Էնտեղ Կարմիր շուկա կա, տեղում թխում են, գինիներն էլ կողքդ շարած, որը ուզում ես` հետը խմի։

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

-Իսկ չգիտե՞ք՝ ինչպես է առաջացել ժենգյալով հացը։ 

-Ես կոնկրետ պատմությունը չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ առաջներում, երբ սով էր, կաթի մեջ բանջար են բրդել, որ շատ հաց չօգտագործեն ու դրանով են սնվել։ Դե բանջարով մարդիկ իրանց փրկել են։ Ժենգյալն էլ նենց ա կշտացնում. ամեն մեկը մի հատ ուտում ա, արդեն կշտանում ա։ Ղարաբաղցիների ամենասիրած բանը մեկ էլ ածիկն է։ Այ, էս Զատիկի ցորենը, որ ծլեցրել ենք, չէ՞, նույն ձևի, նույն չափով ծլեցնում են ու հատուկ մուրճ կա փայտից. դրանով ծեծում են, ու կաթի նման բան է դուրս տալիս։ Հետո դա ջրի հետ խառնում են, մաղով քամում են, դառնում է հյութ։ Հյութին գարնանացան ցորենի ալյուր են խառնում ու եռացնում։ Ոնց որ ջրիկ ջեմ լինի, բայց շատ համով է։ Առանց շաքարավազ, քաղցր, ուտում ես, ոնց որ մեղր լինի։ Դա էլ ա շատ օգտակար։

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխթարյանի

-Իսկ Ղարաբաղում հացն է՞լ են առանց թթխմոր պատրաստում։ 

-Հա, առաջ դե չի եղել։ Հատուկ աման կա, կավից պատրաստված: Մի գունդ դնում են մեջը, հետո ինքը ուռում ա, աղ են լցնում, որ չբորբոսնի, չչորանա ու, երբ որ պետք ա լինում հաց թխել (դե Ղարաբաղում շաբաթը մի անգամ թխում են), ջուր են ավելացնում ու հունցում։ Նույնիսկ Ղարաբաղում մեծ ծառեր կան, որոնցից հատուկ մեծ տաշտեր են պատրաստում խմորի համար։ Օրինակ, 25, 30 կգ ալյուրը մաղում են մեջը, մեջտեղում փոսիկ են անում, լցնում թթխմորը, հետո հունցում։ 3 գունդ են անում, առանձին- առանձին հունցում են թթխմորով, հետո իրար հետ։ Ղարաբաղի թոնիրը 21 հատ կլոր հացի համար ա, ու մի անգամով են թխում։ 3 շարք, 7 հատով։ Հիմա է մոդա ընկել, որ դուխովկայով են թխում, էն ժամանակ մենակ թոնիրով, քյաթեն էլ (գաթա):

Մինչ Ստելլա տատիկը խոսում էր, ժենգյալով հացն արդեն պատրաստ էր: Մենք անուշ արեցինք: