Չարենցավանը երիտասարդական մայրաքաղաք

Հարցազրույց Չարենցավանի «ԵՈՒՀԿ» կազմակերպության գլխավոր տնօրեն Գառնիկ Բեգլարյանի հետ: 

-Ինչպե՞ս առաջացավ կազմակերպության ստեղծման գաղափարը: 

-Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականի մարտի 27-ին: Երիտասարդների ակտիվ մասնակցության շնորհիվ սկզբում կազմվել է երիտասարդական խումբ: Հետո արդեն ավելի լուրջ միջոցառումներ իրականացնելու համար երիտասարդական խումբը խնդրանքով դիմել է քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին: 2006 թվականին քաղաքապետի հովանավորության ներքո Չարենցավանի ԵՈՒՀԿ-ը գրանցվեց որպես կազմակերպություն: 2009թ-ին կազմակերպության նախագահ ընտրվեցի ես, իսկ մինչ այդ նախագահ են եղել Գոռ Մաթևոսյանը, Վահան Վիրաբյանը: Ես երրորդ նախագահն եմ, և արդեն 7-8 տարի է, ինչ գլխավորում եմ կազմակերպությունը: Այն իր գործունեությունը ծավալում է մինչ օրս և բազմաթիվ միջոցառումների, բարեգործական ակցիաների և նմանատիպ ծրագրերի է մասնակցել:

-Ի՞նչ հաջողություններ է ունեցել կազմակերպությունը այս տարիների ընթացքում: 

-Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվեց մրցույթ, և այս տարի Չարենցավանը հռչակվեց տարվա տարվա «Երիտասարդական մայրաքաղաք»: Նախանցյալ տարի Չարենցավանը հայտ էր ներկայացրել, սակայն մեր արդյունքը մեկ միավորով պակաս էր: Հաղթանակի առիթով «Ֆրեսկո» կազմակերպության և ԵՈՒՀԿ-ի փոխհամաձայնության շնորհիվ 3 օր անընդմեջ իրականացվեցին ֆիլմերի դիտումներ, որոնք թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ թեմաներով էին և դեռևս չէին ցուցադրվել սոցիալական կայքերում կամ հեռուստացույցով: Արդեն չորրորդ օրը՝ ամսի 27-ին, քաղաք ժամանեց «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» երաժշտական խումբը: Կազմակերպվեց անմոռաց և հիանալի համերգ Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում: Իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև «Սասնա ծռեր» ազգագրական երգ ու պարի խումբը, Մրոն, դպրոցի սաները և ուսուցիչները:

Քաղաքը մասնակցում է նաև հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերի: Դրանցից է «Վարդավառ ֆեստ»-ը Գառնիում, որին արդեն երկու տարի է, ինչ մասնակցում ենք: «Վարդավառ ֆեստ»-ի կազմակերպչական խմբում մեր կազմակերպությունը նույնպես ներառված է:

Ընդհանուր առմամբ՝ ԵՈՒՀԿ-ի հիմնական գործառույթը երիտասարդների հետ շփումն է, տաղանդավոր երիտասարդների բացահայտումը, նրանց համար ճանապարհ հարթելը, տարբեր բեմեր դուրս գալու և տարբեր միջոցառումների մասնակցելու հնարավորություն տալը: Կազմակերպությունը իրագործում է տարբեր բարեգործական ակցիաներ մանկատներում և գյուղերի անապահով ընտանիքների համար:-Վերջերս հանդիպում եք ունեցել Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ: Ո՞րն էր հանդիպման նպատակը, և ի՞նչ արդյունք ունեցավ այն: 

-Մարգար սարկավագ Հագեյանի հետ միասին հանդիպում ունեցանք առաջնորդի հետ, ստացանք նրա օրհնությունը, և ի ուրախություն բոլորի՝ սարկավագը նշանակվեց Կոտայքի մարզի ատենապետ՝ երիտասարդական խորհրդի առաջնորդ: Այդ օրը քննարկվեցին 2017-ին Կոտայքի մարզում իրականացվելիք ծրագրերը, որոնց մեջ մասնակցություն են ունենալու երիտասարդական կազմակերպությունները և եկեղեցուն կից գործող երիտասարդական խորհուրդները: Եթե ծրագրեր կամ միջոցառումներ կազմակեպենք, ապա տեղյակ ենք պահելու երիտասարդական խորհրդին, քանի որ ծրագրի ընթացքում նրանք նույնպես կարող են նոր գաղափարներ առաջարկել: Եվ հակառակը, եկեղեցական տոներին, ուխտագնացություններին մասնակցելու են նաև տեղի երիտասարդները՝ իրենց կազմակերպությունների հետ:

Այսօր էլ Չարենցավանի երիտասարդությունը պահպանում է իր ակտիվությունը, ու մեր քաղաքի կյանքն աշխուժացնում իր նոր մտքերով ու գաղափարներով: