anahit baghshetsyan

չՀայկական

Երեկոյան ժամը տասն է լինում: Սովորաբար այս ժամին ես ուղղակի տանը նստած դասագրքերս էի թերթում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Եթե ժամը տասին անկողնում պառկած չլինեմ, չեմ կարողանա առավոտյան 6:30 արթնանալ, հետո ամենօրյա խցանումների դժգոհ զոհը կդառնամ, դասի կմտնեմ զանգի արձագանքի հետ միաժամանակ, ու ուսուցչուհիս կրկին այլայլված դեմքով կնայի վրաս, որովհետև արդեն չորս ամիս է՝ չի ստացվում ինձ ուշացման նկատողություն տալ: Չնայած, որ ես արդեն վաղուց եմ հասկացել, որ խնդիրը ոչ թե շուտ քնելու, այլ անտանելի բարդությամբ արթնանալու մեջ է, շարունակում եմ ինքս ինձ հույս տալով պառկել քնելու: Աչքերս ամուր փակել եմ, բայց քունը նույնիսկ ձայն չի հանում: Սպասելուց հոգնում եմ: Հիշում եմ իմ անգործ ժամանակների ընկեր Սևակին ու նրա ամենատխուր ստեղծագործություններից մեկը, որ երևի թե գրել է, որ ես հիմա հիշեմ.

«…Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Թե ի՞նչ եմ անում

Ես ի՞նչ եմ անում

Ոչ Հայաստանում…»:

Ու ես էլ չգիտեմ, թե ես ինչ եմ անում ոչ Հայաստանում: Չգիտեմ` ուր են կորել 3-րդ դասարանի հայրենասիրական շարադրություններս ու զինվորներին գրված նամակներս: Գաղափար անգամ չունեմ՝ որ քամիների հետ են ինձ լքել հայոց պատմության էջերը ու որ քամիներն են ինձ ստիպել գնալ հակառակ ուղղությամբ: Չեմ հասկանում, թե որտեղից իմ մեջ գտա բավարար քաջություն Հայաստանը լքելու ու քայլերս դեպի անհայտ մթին ուղղելու: Տեսնես` ինչպե՞ս կարողացա Սևակի ու Սահյանի փոշոտ հատորները թողնել դարակում, իսկ ինքս հեռանալ դարակից մի օվկիանոս ու մի տասնյակ ժամային գոտի այն կողմ: Չգիտեմ՝ ինչպես ու ինչ միտումով կարողացա Հախվերդյանի ու Ֆորշի երգերը լսել չՀայկական փողոցներում, բայց մտովի լինել Հայաստանում: Նաև ինչ-որ անգիտակից որոշմամբ հայ գրողներին ավելի հաճույքով սկսեցի ընթերցել, հայ արվեստագետներին էլ ուրիշ աչքով նայել: Հայերենի կետադրությանն ու ուղագրությանը սկսեցի ավելի մեծ կարևորություն տալ: Ընկերներիս ուղղակի ուրիշ սիրով սիրեցի ու ավելի ամուր կամուրջներով կապվեցի: Բայց այս ամենի հետ մեկտեղ մի օտար անհանգստություն նվիրեցի մտքիս ու զգացմունքներիս, որ ստիպեց ամեն գիշեր մի քիչ անքնություն ունենալ ու ավելի վառ գույներով տեսնել Հայաստանը: Որ ստիպեց ամեն գիշեր հիշել, որ ես Հայաստանից հեռու եմ ու Հայաստանին կարոտած:

Սևակի տողերն ուղարկում եմ մտքիս հեռավոր անկյունը, որ կրկին վերադառնան վաղը գիշերը, իսկ ես գնում եմ քնելու… Առավոտյան անգլերենի ուսուցչուհին կրկին այլայլված հայացք կնետի վրաս, իսկ հոգեբանությանս ուսուցիչը կպատմի անքնության պատճառների ու գիտահետազոտական պարզաբանումների մասին, ինչ արած, ինքը Սևակի անունն անգամ չգիտի…