Serine Stepanyan

Պատերազմի դառը հետևանքները…

Սա էլ կանցնի, բայց ոչինչ չի լինի առաջվանը, իսկ գիտե՞ս ինչու,  որովհետև պատերազմն իր հետ տարավ ամեն ինչ, տարավ տղերքին, էն տղերքին, ովքեր նոր պիտի մտնեին հասուն կյանք, սովորեին, աշխատեին, սիրեին ու սիրվեին՝ զգային կյանքի քաղցրությունները, ամուսնանային, երեխաներ ունենային, որով կդառնային ամենաերջանիկները, երբ կլսեին,  թե ոնց է իրենց փոքրիկը ասում` պա՜պ։ Ատում եմ պատերազմները, որոնք իրենց հետ տանում են ամեն ինչ։

Ինչքա՞ն երազանքներ, սերեր, կյանքեր մնացին կիսատ… Չէ՞ որ նրանք էլ էին ուզում ապրել, չէ՞ որ կյանքը քաղցր է յուրաքանչյուրիս համար։ Իսկ դուք, տղերք, 18, 19 տարեկան էիք ու չխնայեցիք ձեր կյանքը։ Տղերք, դուք իսկական առյուծներ եք։ Դուք հանուն մեզ գնացիք, հանուն հայրենիքի, հանուն ձեր ընտանիքների…

Ցավոտ է, շատ ցավոտ, այստեղ չկա իմ և քո, չկա ծանոթ և անծանոթ, ցավը նույնն է ու մեր բոլորին է, բայց առավել ցավոտ է նրանց ծնողների համար։

Պատերազմ, ես ատում եմ այս բառը։ Պատերազմ, որը սովորեցրեց ավելի շատ սիրել, ավելի շատ գնահատել կյանքը, ավելի կարևորել ներկան, քան թե ապագան։

Մարդիկ երազկոտ են, դրա համար միշտ մտածում են վաղվա մասին, միշտ ասում ենք` լավ, դե վաղը կանեմ այդ գործը, վաղը կասեմ, որ սիրում եմ, որ ներել եմ, որ կարոտել եմ, որ սպասում եմ, և այսպես ամեն ինչ թողնում ենք վաղվան, այն վաղվան, որն այդպես էլ չի գալու…