Պատերազմ և խաղաղություն

Եթե մեկ ամիս առաջ ինձ հարցնեիք, թե ինչ են նշանակում «հայրենիք», «պատերազմ», «խաղաղություն» բառերը, կտայի ամենապարզ պատասխանները. կասեի, որ հայրենիքը այն հողն է, որի վրա ծնվել, մեծացել ես, պատերազմը կնկարագրեի այնպես, ինչպես կարդացել էի պատմության գրքերում կամ տեսել էի ֆիլմերում, իսկ խաղաղությունը կբնութագրեի երկու բառով՝ կապույտ երկինք։

Բայց այս ամենը կասեի առանց ինչ֊որ բան զգալու, առանց ասածս պատկերացնելու։ Այսօր ես փոխել եմ պատկերացումներս…

Հայրենիքը ինձ համար էլ սոսկ հողը չէ։

Հայրենիքը գերագույն արժեք է, որը պահում են կյանքի, արյան գնով, որը պահելու համար ինձնից երկու֊երեք տարի մեծ ընկերներս իրենց կյանք են զոհում՝ փրկելով իմ կյանքը։ Հայրենիքը այն արժեքն է, որի համար մեկի եղբայրը, մյուսի հայրը, մյուսի ամուսինը թողեցին իրենց նպատակները, երազանքները ու անմահացան։

Պատերազմի մասին երկար կպատմեի դեռ մի ամիս առաջ։ Բայց հիմա ես բառերով պատմել չեմ կարող։ Ասում են՝ զգացածը պատմել հնարավոր չէ, բա ես ինչպե՞ս պատմեմ այն, ինչը զգացել եմ։ Պատերազմը զգալ, պատերազմը ապրել անգամ այն դեպքում, երբ կիլոմետրերով հեռու ես ռազմաճակատից։ Զգալ ցավը, վիշտը, երբ գլխիդ վերևում արկ չի պայթել։

Թե ինչ էր խաղաղությունը, ես ընդհանրապես չգիտեի։ Երբեք չէի էլ մտածի, որ այն, ինչ լսել եմ, կարդացել, մի օր ես էլ եմ ապրելու։ Շատ հեռվում էր, թվում անցյալը ու կարծես երբեք չէր էլ կրկնվելու, բայց արի ու տես, որ կրկնվեց։

Այս պահին բոլորս կորցրել ենք այն, ինչ ունեցել ենք ու չենք էլ գնահատել։ Հիմա, երբ ամեն րոպե մտածում ենք ռազմաճակատի մասին, որ ամեն րոպե զինվորը՝ կյանքի ու մահվան միջև ընկած, ինքն իրեն մոռացած, կռիվ է տալիս, չկա խաղաղություն ո՜չ այնտեղ՝ առաջնագծում, և ո՜չ էլ այստեղ՝ մեր հոգիներում։

Այսօր բոլորս ապրում ենք պատերազմի հետ, վշտի ու ցավի, հույսի ու հավատի մթնոլորտում։ Մարդը հարմարվում է այն միջավայրին, որում ստիպված է ապրել։ Օրինակ՝ ինչպես հարմարվեցինք համավարակի հետ ապրելուն։

Մի օր այս ամենը կավարտվի, բայց այն, ինչ ապրեցինք ու զգացինք, չի մոռացվի երբեք: Սպիները չեն վերանում…

Մենք կսովորենք գնահատել այն, ինչ ունենք ու երբեք չդժգոհել։