Էդիտա Գալստյանի բոլոր հրապարակումները

edita Galstyan

Բզեզ, ձմեռ, գարուն

Բռնում եմ բզեզին, պահում ափերիս մեջ, հետո կյանքը գալիս, ձեռքերիցս փախցնում է տզզացող այդ …

Դուք բզեզ տեսել եք, չէ՞։

Ես էլ եմ տեսել, բայց տեսել եմ ձմռանը, այն ժամանակ, երբ միակ շնչավոր էակը, որ կարելի է դրսում բռնել, ձյունն էր։ Նա գալիս էր, նստում գրքիս էջերին ու ինձ շեղում ընթերցանությունիցս։ Բայց գիտե՞ք՝ նա չէր բզզում։ Միակ ձայնը, որ կարող էի ես լսել այդ բզեզիկից, իր տոտիկների՝ գրքիս տառերին բախվելու ձայնն էր։ Ես փորձում էի ազատվել նրանից, փակում էի գիրքս, բայց նա կրծում էր հոգիս, պոկում գրքի թերթերը, շապիկը ու էլի հայտնվում ափիս։

Մեկ֊մեկ նա հասնում էր սրտիս ու  նստում ձախ ձեռքիս ափին, հետո թռչում, գնում նստում էր լուսամուտին ու որ դուրս նայեր, թե չէ, ծառերը կծաղկեին, ես կհիանայի բալենու գեղեցկությամբ, կյանքից դուրս մնացած բզեզիկս կժպտար, ու ես կտեսնեի՝ ինչպես են բակի երեխաները խաղում տզզացող բզեզիկի հետ։

Գարունը խառնվում է ձմռանը, բզեզը՝ կյանքին, իսկ ես էլի մնում եմ ձմռան ու գարնան արանքում…

Edita Galstyan new

Շղթայված հանդիսատես

Անվերջ մտքեր։ Դու։ Կողքովդ անցնող կյանքը։

Կյանքը կողքովդ անցնում է, իսկ դու կտրված ես աշխարհից։ Մարդիկ, րոպեները, ժամերը, օրերը կողքովդ քայլում են կամ վատագույն դեպքում՝ վազում։ Իսկ դու՞… Դու միայն նայում ես նրանց,  քո աշխարհը գրկել ու բաց չես թողնում։

Կյանքը քեզ հրում է իրենից դուրս, ու դու մնում ես միայն հանդիսատեսի կարգավիճակում։

Մարդիկ քեզ չեն հասկանում, դու՝ իրենց։ Կյանքը անվերջ գնում է կողքովդ ու անգամ չի էլ բարևում։ Ու դու ստիպված մենակ նայում ես, իսկ վայրկյանները օրեր են դառնում, օրերը՝ ժամեր, ժամերը՝ շաբաթներ, շաբաթնե՞րը…

Ի տարբերություն կյանքի՝ մտքերդ երբեք քեզ չեն մոռանում։ Ո՛չ քեզ են դուրս հրում իրենցից, ո՜չ էլ դու ես կարողանում իրենցից դուրս գալ։ Ու իրենք քեզ դարձնում են իրենց գերին, ու դու շղթայված մնում ես մտքերիդ բանտում և ճաղերի միջից նայում անվերջ վազող կյանքին։

Դու պիտի դուրս գաս բանտիցդ, որը ինքդ քո մեջ ես ստեղծել, բայց իրական բանտի ճաղերը կոտրելը, շղթաները քանդելը ավելի հեշտ է,  քան թե ինքդ քո միջից դուրս գալը, շղթաներդ պոկելը, մի կերպ կյանքի հետևից վազել հասցնելդ։

Կյանքը վազում է։ Հաղթանակ է տոնում մրցավազքում։ Կկարողանա՞ս քանդել շղթաներդ…

Edita Galstyan new

Քաղաքի աղմկոտ փողոցները

Քաղաք։ Ավտոմեքենաներ։ Աղմուկ։

Քայլում ես քաղաքի փողոցներում, ականջիդ մեջ քաղաքի աղմուկն է, ներսումդ՝ քո։

Գնում ես ամենօրյա ճանապարհովդ. էն ճանապարհով, որ էնքան է հարազատ դարձել, որ աչքերդ էլ փակես, ոտքերդ ինքնուրույն կգնան։

Անցնում ես քաղաքիդ փողոցներով, նայում ես այս ու այն կողմ, մարդիկ տարբեր արագությամբ գնում են։ Մե՜կ շտապում են, մե՜կ վազում, մե՜կ էլ ճոճվելով հազիվ տուն են ուզում հասնել։

Դու գնում ես, քաղաքը հետդ տանում։ Մտքումդ խառը մտքեր են։ Մե՜կ ամենասովորական ամենօրյա մտքեր են պտտվում գլխումդ, մե՜կ էլ ամենատարօրինակ ու անսպասելի մտքերը, որ երբևէ ունեցել ես։

Քաղաքդ արդեն չի հասցում հետևիցդ գալ, սկսում ես արագ քայլել, ինքդ քեզ տեսնում ես խանութների մուգ ցուցափեղկերում, որոշում ես մի րոպե կանգնել, նայել՝ նման էիր վերջին անգամ տեսածդ քեզ: Հետո հանում ես հեռախոսդ, նկարվում, հետո պատուհանից տեսնում ես, որ մի տեսակ տարօրինակ են նայում քաղաքիդ մարդիկ։ Հետո հասկանում ես, որ ոչ թե իրենք են տարօրինակ նայում, այլ էստեղի միակ տարօրինակը դու ես։ Թողնում, արագ գնում ես էդտեղից, կարծես ոչ մի բան էլ չէր եղել։

Ճանապարհին տարբեր տներ ես տեսնում, մեկի լուսամուտը փոշու մեջ կորած է, մյուսինը փայլում է մաքրությունից։ Հետո հասկանում ես, որ փոշոտ պատուհանով տան մարդիկ ոչ թե փնթի են, այլ  վաղուց թողել են տունը, գնացել…

Գնում ես, փողոցը վազում է հետևիցդ, մի կերպ բռնում է քեզ։ Դանդաղեցնում ես քայլերդ, փողոցը աղմկում է, դու՝ լռում, բայց մոռանում ես քաղաքդ, էլի թողնում իրեն էլ, իր աղմուկն էլ ու ներսիդ աղմուկից վազում տուն…

Պատերազմ և խաղաղություն

Եթե մեկ ամիս առաջ ինձ հարցնեիք, թե ինչ են նշանակում «հայրենիք», «պատերազմ», «խաղաղություն» բառերը, կտայի ամենապարզ պատասխանները. կասեի, որ հայրենիքը այն հողն է, որի վրա ծնվել, մեծացել ես, պատերազմը կնկարագրեի այնպես, ինչպես կարդացել էի պատմության գրքերում կամ տեսել էի ֆիլմերում, իսկ խաղաղությունը կբնութագրեի երկու բառով՝ կապույտ երկինք։

Բայց այս ամենը կասեի առանց ինչ֊որ բան զգալու, առանց ասածս պատկերացնելու։ Այսօր ես փոխել եմ պատկերացումներս…

Հայրենիքը ինձ համար էլ սոսկ հողը չէ։

Հայրենիքը գերագույն արժեք է, որը պահում են կյանքի, արյան գնով, որը պահելու համար ինձնից երկու֊երեք տարի մեծ ընկերներս իրենց կյանք են զոհում՝ փրկելով իմ կյանքը։ Հայրենիքը այն արժեքն է, որի համար մեկի եղբայրը, մյուսի հայրը, մյուսի ամուսինը թողեցին իրենց նպատակները, երազանքները ու անմահացան։

Պատերազմի մասին երկար կպատմեի դեռ մի ամիս առաջ։ Բայց հիմա ես բառերով պատմել չեմ կարող։ Ասում են՝ զգացածը պատմել հնարավոր չէ, բա ես ինչպե՞ս պատմեմ այն, ինչը զգացել եմ։ Պատերազմը զգալ, պատերազմը ապրել անգամ այն դեպքում, երբ կիլոմետրերով հեռու ես ռազմաճակատից։ Զգալ ցավը, վիշտը, երբ գլխիդ վերևում արկ չի պայթել։

Թե ինչ էր խաղաղությունը, ես ընդհանրապես չգիտեի։ Երբեք չէի էլ մտածի, որ այն, ինչ լսել եմ, կարդացել, մի օր ես էլ եմ ապրելու։ Շատ հեռվում էր, թվում անցյալը ու կարծես երբեք չէր էլ կրկնվելու, բայց արի ու տես, որ կրկնվեց։

Այս պահին բոլորս կորցրել ենք այն, ինչ ունեցել ենք ու չենք էլ գնահատել։ Հիմա, երբ ամեն րոպե մտածում ենք ռազմաճակատի մասին, որ ամեն րոպե զինվորը՝ կյանքի ու մահվան միջև ընկած, ինքն իրեն մոռացած, կռիվ է տալիս, չկա խաղաղություն ո՜չ այնտեղ՝ առաջնագծում, և ո՜չ էլ այստեղ՝ մեր հոգիներում։

Այսօր բոլորս ապրում ենք պատերազմի հետ, վշտի ու ցավի, հույսի ու հավատի մթնոլորտում։ Մարդը հարմարվում է այն միջավայրին, որում ստիպված է ապրել։ Օրինակ՝ ինչպես հարմարվեցինք համավարակի հետ ապրելուն։

Մի օր այս ամենը կավարտվի, բայց այն, ինչ ապրեցինք ու զգացինք, չի մոռացվի երբեք: Սպիները չեն վերանում…

Մենք կսովորենք գնահատել այն, ինչ ունենք ու երբեք չդժգոհել։

Հայը օրհնված է պայքարով

Վեցօրյա ուսումնական շաբաթվանից հետո միակ հանգստյան օրն էր։ Աչքերս բացեցի  հեռուստացույցի՝ մինչև սենյակս հասնող ձայնից։ Թվում էր, թե սովորական օր էր, բայց միայն թվում էր…

Սկզբում մի քանի րոպե փորձում էի արթնանալ, հետո զգացի, որ տանը ինչ֊որ իրարանցում կա։ Նույն պահին մայրիկս մտավ սենյակս, չէի հասցրել մի բառ ասել, երբ տեսա մայրիկիս արցունքոտ աչքերը.

-Պատերազմ է։

Մայրիկս դուրս եկավ սենյակից, իսկ ես չկարողացա անգամ մի բառ ասել, վերցրի հեռախոսս, կարդացի բոլոր մանրամասները, այս անգամ ամեն բան ավելի քան լուրջ էր, քան երբևէ եղել էր։

13 օր է անցել, պատերազմը դեռ շարունակվում է, ու ոչ ոք չգիտի, թե դեռ ինչքան է շարունակվելու։ Բայց ես գիտեմ միայն մի բան՝ հայը օրհնված է պայքարով, անվերջ պայքարելով, անվերջ դժվարություններ հաղթահարելով, բայց միշտ հաղթելով։ Իսկ մեր թշնամին իր իսկ սկսած պատերազմի օրվանից անիծված է՝ մեզ որպես թշնամի ունենալով։ Եվ այդ անեծքից չի ազատվի, չի փրկվի, մինչև չհրաժարվի իր նենգ նկրտումներից, իր նենգ մտադրություններից։

Քաղաքում քայլելիս երբեք այդքան թախծոտ հայացքներ չէի տեսել։ Հա, ու մի բան ևս. եկեղեցում երբեք այդքան մարդու չէի տեսել, այդքան մեծ հավատքով լի հայացքներ էլ երբեք չէի տեսել…

Այս օրերին ժպտալը, հանգստություն պահպանելը դժվար է բոլորիս համար։ Բայց այսօր ավելի քան երբևէ դրա անհրաժեշտությունը կա։ Հենց այս օրերին է, որ չպետք է կոտրվենք, չպետք է վհատվենք, չպետք է վախենանք։ Մենք իրավունք չունենք մեկ կաթիլ անգամ կասկածելու, որ հաղթելու ենք, կասկածելու, որ ամեն ինչ լավ է լինելու։

Մնում է միայն ու միայն սառը դատել, քիչ տրվել էմոցիաներին, ամեն րոպե աղոթել, ամեն րոպե հավատալ, որ մյուս րոպեն մեզ հաղթանակ է բերելու, ամեն վայրկյան լցվել հավատքով, ամեն ակնթարթ հայրենասիրական ոգով լցվել և ոգի տալ մյուսներին։

Ես հավատում եմ` մյուս հոդվածս հաղթանակի մասին է լինելու։ Այն լինելու է ոչ հեռու ապագայում, այլ շատ շուտով, շատ շուտով։

Հավատացե՜ք միայն…

edita galstyan gyumri

Մի սրտիկի պատմություն

Ողջույն, սոցիալական ցանցերում խեղդվո՜ղ ընթերցասեր: Եթե դու հիմա սա կարդում ես, ուրեմն հավանաբար թերթում էիր ֆեյսբուքիդ էջը, տեսար հոդվածս, որոշեցիր մի քանի րոպե տրամադրել, կարդալ, անցնել առաջ:

Սոցիալական ցանցերը գրեթե բոլորի կյանքի մասն են կազմում: Կարելի է ասել, որ դրանք խլում են մեր օրվա մեծ մասը: Իհարկե, այս ամենը և՛ դրական կողմեր ունի, և՛ բացասական: Դրականն այն է, որ միշտ տեղեկացված ենք. մի ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, անցնում են հաշված վայրկյաններ և մենք արդեն գիտենք դրա մասին՝ իր բոլոր մանրամասնություններով: Ցավոք, բացասական կողմերն էլ ավելի շատ են. կարող ենք աննպատակ ժամերով թերթել ֆեյսբուքն ու ինստագրամը, ժամերով ինչ-որ անիմաստ վիդեոներ նայել և այլն: Բայց սա ամենասարսափելին չէ. սոցիալական ցանցերի պատճառով շատերը կտրված են իրական շփումներից, կորցնում են ընկերներին և այլն: Հենց սրա մասին էլ այսօր կպատմեմ:

Մոտ երկու տարի առաջ էր, երբ տանից դուրս էի եկել՝ խանութ գնալու: Արևոտ եղանակ էր, հանգիստ քայլում էի, երբ լացի ձայներ լսեցի: Սկզբում ուշադրություն չդարձրի, հետո ձայնը ավելի ուժեղացավ: Զգացի, որ ձախ կողմից է գալիս: Նայեցի ձայնի ուղղությամբ: Պատի տակի նստարանին մի աղջիկ էր նստած լացում: Չկարողանալով զսպել ինքս ինձ՝ մոտեցա ու հարցրի՝ ինչ է պատահել: Աղջիկը հեծկլտում էր ու հազիվ էի հասկանում՝ ինչ է ասում: Ի վերջո պարզ դարձավ, որ ընկերուհին հերթական նկարն է ինստագրամում տեղադրել, ինքը չի տեսել ու չի «սրտիկել»: Ընկերուհին մտածել է, թե ինքը այլևս չի ուզում ընկերություն անել: Բոլոր տեղերից ջնջել է ընկերուհուն ու նամակ գրել՝ ասելով, որ իրենց ընկերությունը ավարտված է, որովհետև անտարբերություն է զգում:

Ես ամեն կերպ փորձեցի հանգստացնել աղջկան, նրան ուղեկցեցի մինչև իրենց տուն, հետ դարձա՝ մտքերի մեջ խճճված:

Պատմածս, իհարկե, շատ պրիմիտիվ է թվում առաջին հայացքից, բայց հերիք է մի փոքր խորանալ ու կզգաս ամբողջ ողբերգությունը: Ինչպե՜ս կարող է ինչ-որ անիրական բան, ինչ-որ մատի հպում էկրանին կործանել երկար տարիների ընկերություն: Իրոք, անհասկանալի է ինձ համար:

Ասածս ինչ է. սոցիալական հարթակները պետք է ադեկվատ օգտագործել, չնույնացնել իրական շփման հետ: Երբեք ինչ-որ անիրական բան չի կարող փոխարինել իրականին: Սոցիալական ցանցերից օգտվելը լավ է, դրանցում խեղդվելը՝ վատ:

edita galstyan

Երբ նորից երեխա դառնամ

Իրո՜ք, մանկությունը մեկ ակնթարթի նման է թռչում: Աչքդ չես հասցնում թարթել, ու մանկությանդ տարիները գնացքի նման անցնում են կողքովդ՝ միայն սպիտակ ծուխ թողնելով:

Այնքան կուզեի հետ բերել ոչ վաղ անցյալում մնացած օրերը: Կուզենայի նորից փոքրիկ երեխա լինել, որը կվազեր իրենց փոքրիկ պարտեզում, կպոկեր իրենց պարտեզի վարդի թերթիկները ու իրեն Կոկո Շանել կերևակայեր…

Հիշում եմ՝ ինչպես էի ամեն ամառ «օծանելիքի գործարան» բացում: Երբ մեր պարտեզի վարդագույն վարդերը բացվում էին, մայրիկիցս թաքուն պոկում էի վարդերի թերթիկներն ու սառը ջրի մեջ սկսում էի ճզմել: Տանից օծանելիքի աման էի «գողանում» ու պատրաստածս ընտիր հեղուկը լցնում ամանի մեջ: Հետո գնում էի տուն ու ցույց տալիս մայրիկիս: Դե, մայրիկս էլ, իհարկե՜, ասում էր, որ շատ անուշ է բուրում:

Մի անգամ էլ նույն պարտեզի նույն վարդերի մոտ ինքս ինձ հետ պահմտոցի էի խաղացել: Թաքնվել էի վարդերի մեջ: Տանեցիները մոտ 30 րոպե փնտրում էին ինձ: Իսկ ես ինձ համար նստել էի վարդերի մոտ ու հիանում էի արարքովս: Չէ՜, այդքան էլ չարաճճի չեմ եղել։

Հիմա շատ տխրությամբ եմ նայում տանը նստած երեխաներին, որոնք կարանտինի պատճառով զրկվել են իրենց մանկության չարաճճիություններից: Մնում է միայն հուսալ, որ այս ամենը շուտ կավարտվի: Եվ երեխաները կկարողանան նորից բակում վազվզել ու ուրախության ճիչեր արձակել:

Սիրելի՜ մանուկ, շնորհավորում եմ տոնդ: Ցանկանում եմ, որ մանկությանդ յուրաքանչյուր օր լցված լինի միայն ուրախությամբ ու մանկական անհոգությամբ:

Եվ մի խնդրանք՝ մի՜ շտապիր մեծանալ, գնացքը արագ է շարժվում..․

edita galstyan

Կգա, որ պահմտոցի խաղանք

Ավտոբուսում շոգ էր: Պատուհանը բացել էի, որ մի քիչ քամի գար: Թորոս հասնելուն տասը րոպե էր մնում… Երբ ավտոբուսից իջանք, ինձ մի հարց էր տանջում. «Ինչպես եմ այս ծանր ճամպրուկը մինչև սենյակս հասցնելու»: Մի կերպ հասա սենյակս, տեղավորեցի իրերս, և քանի որ դրսում շատ լավ եղանակ էր, որոշեցի մի փոքր շրջել ճամբարի տարածքում:

Դուրս եկա տնակիցս ու առաջինը նկատեցի, որ ինչ-որ մարդիկ կային, որոնք ճամբարականներ չէին: Նրանք սայլակներով շրջում էին և հավաքում գետնին թափված աղբը: Այդ կանանց հետևից երեխաներ էին վազվզում: Երեխաները չափից դուրս կեղտոտ էին, շորերը՝ պատառոտված, դեմքերը՝ արևառ: Իսկ երեկոյան էլ նկատեցի այդ երեխաների զվարճալի քայլը: Դրսի բեմը մեծ սպիտակ կտորով էր ծածկված, և երբ քամին փչում էր, կտորի ծայրերը վերև ու ներքև էին շարժվում: Երեխաները կախվում էին կտորից ու ճոճվում քամու հետ զուգընթաց:

Երեք-չորս օր էր անցել ճամբար ժամանելուցս. սենյակ էի վերադառնում հերթական դասընթացից հետո: Սենյակս գտնվում էր անմիջապես բեմի դիմաց: Բեմի կողմից աղմուկ լսեցի, գլուխս դարձրի, որ տեսնեի՝ ինչ է պատահել…

Վախից քարացած մնացի տեղումս կանգնած: Մի խումբ մարդիկ էին հավաքվել: Գետինը ամբողջությամբ արյան մեջ էր: Հասկանալով, որ քաջությունս չի հերիքի մոտենալու և նայելու համար, մտա սենյակ: Ընկերներիցս իմացա, որ այն կանանցից մեկի երեխան հերթական անգամ կախվել էր կտորից ու ճոճվել: Քամին անկանխատեսելիորեն ուժգնացել էր, երեխային բարձրացրել էր վերև ու հետո նետել քարերի վրա:

Դուրս եկա, որ տեսնեի, թե ինչ է կատարվում դրսում: Նկատեցի, որ ծառերի հովին՝ խոտերի վրա, մի երեխա է նստած լալիս: Մոտեցա նրան, կողքին տեղավորվեցի, սկսեցի հետը զրուցել.

-Անունդ ի՞նչ է:

-Լիլիթ:

-Լաց մի էղի, լը սիրուն ժպտա:

-Գիտես՝ ընկերս էր ընկնողը:

-Վայ, ըբը ի՞նչղ եղավ, օր ընկավ:

-Մենք մեզի համար կխաղայինք, քամին օդը հանեց Արամին ու շպրտեց այ էն քարին:

Անկեղծ ասած՝ չգիտեի՝ ինչ ասեի: Սկսեցի թեման փոխել.

-Ըբը, ստեղ ընչի՞ գուկաք:

-Մեր մամաները ստեղ կաշխատին, իրանց հետ գուկանք, օր տունը մենակ չմնանք: Ամեն առավոտ ոտքով գուկանք, իրիկունն էլ կերթանք մեր գյուղ:

-Հա, բը դպրոց կերթա՞ս:

-Չէ, ես շորեր ու կոշիկներ չունիմ: Ոչ էլ գիրք ու տետր ունիմ:

Ու այստեղ ես ինձ հազիվ զսպեցի, որ լաց չլինեի: Վազեցի սենյակս ու քաղցրավենիք բերեցի այդ փոքրիկ աղջնակին:

-Աբրիս, քուրիկ: Շատ համով է:

Մյուս օրերին, երբ տեսա փոքրիկին, հարցրի՝ ինչպես է ընկերը: Նա ժպիտը դեմքին ինձ նայեց:

-Արդեն լավ է: Բդի գա, օր իրար հետ պահմտոցի խաղանք:

edita galstyan

Նամակ ինքս ինձ

Գիտեմ՝ շատերդ արդեն հոգնել եք կորոնավիրուս բառը ամենուր լսելուց: Բոլորն էլ հոգնել են երևի: Սոցիալական տարբեր հարթակներում ուղղակի լող են տալիս նյութեր, որոնցում շատերը իրենց կարծիքն են արտահայտում կորոնավիրուսի չլինելու, գոյություն չունենալու վերաբերյալ: Բայց այսօր խոսքս դրանց չի վերաբերելու:

Համավարակը ինձ մտածելու ու վերլուծելու շատ առիթներ է տվել: Ու ուզում եմ ինքս ինձ նամակ ուղղել, որով կպարտադրեմ ինքս ինձ փոխվել դեպի լավը, կպարտադրեմ ինքս ինձ գնահատել ունեցածս:

Երբ ամիսներ առաջ ես ամեն առավոտ զարթուցիչիս ձայնն էի լսում, ուզում էի ուղղակի գլուխս մտցնել բարձի տակ ու շարունակել քնել: Նայում էի դուրս. մութ էր ու ցուրտ: Չէի ուզում վեր կենալ անկողնուցս: Չգիտեի՝ ինչ պատճառ բռնեի, որ մի հինգ րոպե ավել քնեի: Ձանձրանում էի նույնանման առօրյայիցս: Բայց արի ու տես, որ այդ առօրյան մի օր կդառնար Լուսնին դիպչելու նման մի բան: Չէի գնահատում իմ կյանքի ոչ մի վայրկյանը, ապրում էի, կարծես անվերջ էլ այդպես ապրելու էի՝ չհավատալով այն խոսքին, որ չգիտես, թե վաղը ինչ կարող է պատահել հետդ:

Իսկ հիմա անկեղծորեն խոստովանում եմ, որ երանի եմ տալիս առաջվան: Գիտեմ՝ պատմության մեջ տասնյակ այսպիսի համաճարակներ են եղել. մարդիկ հաղթահարել են դրանք: Նաև մի քանի տասնյակ անգամ ավելի պատերազմներ են եղել. դրանք էլ են հաղթահարվել: Ու մարդիկ նորից ապրել են այնպես, ինչպես միշտ են ապրել: Բայց ես կուզեմ, որ այն օրը, որ ավարտվի այս ամենը, մեր կյանքը այլ լինի: Այլ լինի դրական առումով:

Ես ինքս ինձ խոսք եմ տալիս, որ մինչ հին առօրյային վերադառնալը կփոխվեմ ու կփորձեմ փոխել այն ամենը, ինչ ինձնից է կախված:

Էդիտա ջան, սկզբում դու պետք է ներես բոլորին, ովքեր քեզ ցավ են պատճառել, թողել են վատ իրավիճակում: Չէ՞ որ մարդը իրեն թեթև է զգում, երբ չարություն չկա իր ներսում: Հետո դու ծնողներիդ, մտերիմներիդ, ծանոթներիդ շատ կասես, որ իրենց շատ ես սիրում: Առաջ դու մտածում էիր, որ սիրել բայը կորցնում է իր արժեքը, երբ շատ ես օգտագործում: Փաստորեն սխալվել ես: Դու երբեք չես ատել ոչ ոքի, բայց կան մարդիկ, որոնց չես կարողացել սիրել: Ուրեմն երբեք չլցվե՜ս չարությամբ ու ատելությամբ, անգամ, երբ չես կարող սիրել:

Սրանից հետո դու ամեն առավոտ արթնանալիս Աստծուց պետք է շնորհակալություն հայտնես, որ արթնացել ես, առողջ ես: Բայց և չպետք է երբեք վիրավորես ինչ-որ մեկին իր անհավատ կամ թերահավատ լինելու համար: Դու պետք է հանդուրժես բոլորին ու իրենց աշխարհայացքը: Չնայած՝ գիտեմ, որ միշտ էլ հանդուրժել ես բոլորի կարծիքը անխտիր:

Քեզ վատը ցանկացողներին երբեք նույնությամբ չպետք է պատասխանես: Նրանց պետք է սիրես այնքան, որ ամաչեն իրենց քայլերից: Քեզ նախանձողների կարծիքից չպետք է թուլանաս, այլ պետք է քաջությամբ ընդունես ու առաջ նայես:

Գլխիցդ պետք է հանես ու հեռու շպրտես բացասական մտքերը: Դրանք երբեք քեզ չեն օգնելու, այլ միայն խանգարելու են տեսնել կյանքի գեղեցկությունը:

Եթե այս ամենը դու կարողանաս անել ու հաղթահարել ամեն վատ բան քո մեջ, դրանց փոխարեն քեզ լցնելով դրականով, ապա դու աշխարհը մի փոքր կթեքես դեպի լավը:

Ստորագրում եմ․

էդիտա Գալստյանը՝ Էդիտա Գալստյանին

edita galstyan gyumri

Դու էն սուսիկ-փուսիկների՞ց ես

Քանի որ մի ուսումնական տարի ևս իր ավարտին է մոտենում, ուզում եմ ամփոփել ավագ դպրոցիս առաջին տարին: Իհարկե՜, ինչպես բոլորը, այնպես էլ ես, շատ անհանգիստ էի ավագ դպրոց մտնելիս: Նոր շրջապատ, նոր ուսուցիչներ, նոր մթնոլորտ…

2019 թ. օգոստոսի 30

Մտնում եմ դպրոց, ոչ մեկի չեմ ճանաչում, ինձ հետ են նաև հին դասընկերներս, բայց քանի որ նրանք բնագիտական հոսքում էին սովորելու, ես գրեթե մենակ էի: Հերթով դասղեկները գալիս ու իրենց դասարաններին տանում են ներս, ընկերներիս էլ են տանում: Ես մնում եմ մենակ:

Զգում էի, որ կողքիս կանգնածներից ոչ մեկը տասներորդ դասարանցի չէ, չգիտեի՝ ինչ անել: Դասարանս արդեն հաստատ ներսում էր: Որտեղի՞ց գտնեի. մեկ էլ մի մենակ աղջկա տեսա, պարզվեց՝ ինքն էլ է տասներորդ դասարանցի: Որոշեցինք փնտրել մեր դասարանը: Հերթով մտնում էինք առաջին հարկի դասարանները:

-Էս դասարանը 10-ի հումանիտա՞րն է:

-Չէ, սա բնագիտական է:

-Բարև ձեզ, սա 10-ի հումանիտա՞րն է:

-Հա, եկեք, երեխե՜ք ջան:

Մտածում եմ, որ վերջապես գտել եմ դասարանս. էն էլ անունս չկա մատյանում:

-Ձա՜գ ջան, անունդ չկա: Արի քեզ մյուս հումանիտար դասարան տանեմ:

Գնում եմ, լարվել եմ: Մենակ ինձ են հատուկ նման դեպքերը, չէ՞:

Վերջապես մտնում եմ իմ դասարան: Աղմուկ է, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Մեկ էլ մեկը ասում է.

-Արի, արի հլը: Կողքս նստի:

Ես թեթև ժպիտը դեմքիս տեղավորվում եմ սև մազերով, մեծ աչքերով, սիրունիկ մի աղջկա կողքին:

-Անունդ ի՞նչ է:

-Էդիտա, քո՞ւկդ:

-Լաուրա է, Լաուրա:

-Հաա, հաճելի է:

-Ի՞նչ ձևի աղջիկ ես: Դու էն սուսիկ-փուսիկների՞ց ես, թե՞ ժիր ես:

-Դե, եսիմ: Միջինոտ…

Շունչս սկսում է կտրվել: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Ուզում եմ փախչել:

-Ի՞նչ շորեր կսիրես հագնել: Ես օրինակ՝ դասական:

-Եսիմ: Դասական չեմ սիրե ես:

Մտքիս մեջ փրկություն եմ հայցում. «Աստված ջան, էս ուր եմ ընկել»:

Մեկ էլ կողքից սկսում են հերթով հետս խոսել ու թվարկել իրենց անունները: Իհարկե, ոչ մեկի անունը մտքիս չմնաց: Բացի…

Եթե անկեղծ լինեմ, ապա առաջին տպավորությունս ահավոր էր: Չէի էլ մտածում, թե ինչքան շուտ եմ «մերվելու» նոր դասարանիս: Չէի էլ մտածում՝ ինչքան եմ սիրելու: Ընդհանրապես ես շուտ եմ հարմարվում նոր միջավայրին, բայց այս անգամ ինձ թվում էր՝ երկու օրից ավել չպետք է մնայի այս դասարանում:

Չգիտեմ՝ ինչու է բոլորին առաջին հայացքից թվում, որ ես «էն սուսիկ-փուսիկներից եմ»: Բայց գիտեմ, որ էդ սուսիկ-փուսիկը շատ է լարվում դաս պատմելիս: Էլ չեմ խոսում, որ մի թեթև լարվելիս այտերս ահավոր կարմրում են: Սկսում եմ թեթև դողալ: Այս ամենը հաշվի առնելով՝ առաջին անգամ դաս պատմելիս փորձում էի անընդհատ շունչ քաշել, որ չլարվեի։ Ես էլ ասածիս չեմ հավատում: Ես ո՞ւր, չլարվելն ո՞ւր:

Առաջին անգամ հայոց լեզվի դասը ես էի ուզում պատմել: Դասը սովորել էի բառ առ բառ, տառ առ տառ: Ես ընդհանրապես դաս սովորելիս մեկ անգամ կարդում եմ, մեկ անգամ էլ պատմում:  Բայց այս անգամ երևի 7-8 անգամ պատմել էի դասը, որ դասարանում պատմելիս ոչինչ չշփոթեի: Հերիք էր, որ մի բառ շփոթեի, ու պատրաստ էին կարմիր այտերս:

Գնում եմ դասը պատմելու, սկզբում լավ է ամեն բան: Չեմ խայտառակվել դեռ: Հետո զգում եմ, որ լարվածությունը սկսում է կուլ տալ ինձ: Մտքիս մեջ ասում եմ. «Էդիտա, չխառնես, կսպանեմ»: Ու ես լարվածությունից սկսում եմ բառեր հորինել: Հա, շատ է լինում, որ հայերենս արաբերեն է դառնում.

-Հայերենի ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազ, կազ, կազմվանը..․

-Հավանաբար, կազմավորմա՞նը:

-Հա, հա:

Մեկ է, չստացվեց: Մի թարս բան անելու էի, չէ՞: Մեկ էլ զգում եմ, որ այտերս այրվում են, դասը պատմում, նստում եմ: Ձեռք եմ տալիս այտերիս…

Գրեթե նույն բանը կրկնվում է պատմության ժամին: Գնացել էի՝ տեղանուններ ու թվեր պատասխանելու: Ջրի պես սովորել էի: Հերթով երկրաշարժերն էի պատասխանում: Ու ահավոր վախենում էի: Մտածում էի՝ հիմա կսխալվեմ: Կսխալվեմ ու կմտածեն՝ ես չեմ սովորել:

-Առաջին երկրաշա՞րժը:

-341։

-Անիի՞։

-1679։

Խառնեցի էլի, Դվինինն էր 1679թ-ին: Է՜հ:

Ու հիմա կարանտին է: Մենք ստիպված դասերը անցկացնում ենք հեռավար կերպով: Երկրորդ կիսամյակում շատ էինք մտերմացել: Այնքան էինք մտերմացել, որ մոռացել էինք, որ ընդամենը մի քանի ամիս է, ինչ ճանաչում ենք միմյանց: Ու հեռավար կերպով դասերն անցկացնելը, իրոք, բոլորիս շատ տխրեցրեց: Եվ բոլորս էլ հոգու խորքում ափսոսում ենք, որ գրեթե երեք ամիս կորցրինք: Իսկ տարին էլ առանց մեկս մյուսի ենք ավարտելու։