Suren Ghazaryan

Պատճառներ

Մենք բոլորս էլ ինչ-որ բան ապացուցելու կամ համոզելու համար պատճառներ ենք փնտրում, երբեմն ստացվում է համոզել մարդկանց, երբեմն՝ ոչ, բայց ինչպես ասում են. «Փորձը փորձանք չի և փորձել միշտ էլ կարելի է»։ Հիմա ես կպատճառաբանեմ իմ պասիվությունը ու հուսով եմ կհասկանաք ինձ։

Առաջին պատճառը թեմայի բացակայությունն է, գիտեմ՝ դա շատ տարածված պատճառաբանություն է, սակայն ինձ մոտ իսկապես մտքի ճգնաժամ էր։ Ես միայն դասերս էի անում ռոբոտացած և ուրիշ ոչնչի համար ժամանակ չէի գտնում։ Մարտունում էլ կարծես կյանքը կանգ էր առել։ Իմ կարծիքով, յուրահատուկ ոչինչ տեղի չէր ունենում։

Պատճառներից երկրորդը ձմեռն ու դասերն էին։ Այս տարի ձմեռն իր հետ միայն ցուրտ բերեց, իսկ դասերից կտրվելը, փաստորեն անհնար էր։ Պատկերացրեք. ձմռան ցրտին կտրել այդքան ճանապարհ, որպեսզի հասնել դպրոց, իսկ դպրոցում անհնար էր ինչ-որ բանի վրա կենտրոնանալ։ Բայց դե, եկավ գարունը՝ իր հետ բերելով արեգակ ու ջերմություն, ինչպես նաև նոր մտքեր ու մտահղացումներ։

Երրորդ ու ամենակարևոր  պատճառը ես եմ, ես ու իմ բնավորությունը։ Իմ առօրյան ու ապագայի սպասումները, հույսերը ու հուզմունքը, սակայն ես կփորձեմ փոխվել ու կսկսեմ հենց հիմա, հենց այս նյութից։ Հուսով եմ այս նյութը ինձ տեղից կշարժի, չեմ կանգնի ու պատճառաբանություններ ման գամ, կսկսեմ գործել:

Ինչպես ասում են՝ չաշխատելու համար պատճառներ են փնտրում, իսկ աշխատելու՝ միջոցներ: