Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Մաս 4

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Ուիլոուբենդ:

Հենց էս փողոցի մի խաղաղ անկյունում էլ ապրում եմ ես՝ հոսթ (հյուրընկալող) ընտանիքիս, նրանց երկու շների՝ Սեյդիի ու Սոֆիի (կամ Սնիկլ Ֆրեդի, նայեք՝ ոնց հարմար է), ու Միյուի հետ:

Չնայած իր յուրահատուկ ազգային ու մշակութային համադրության, մեր ընտանիքն այնքան էլ մեծ չէ: Ավելի ճիշտ՝ մինչև այն պահը, երբ մոտենում են տոներն ու Ռիչարդսոնների երեք զավակներից երկուսը՝ Ջեքին ու Բրայսը, ովքեր ուսման նպատակով տեղափոխվել են Արկանզաս, վերադառնում են տուն: Էս երևույթը կոչվում է «ընտանեկան վերամիավորում»: Երևի թե ամերիկյան մշակույթի ամենասիրուն երևույթներից մեկն է: Վերադարձողները իրենց հետ բերում են բոլոր իրենց բնորոշ ձայներն ու սովորությունները, որոնք տարել էին: Բրայսի ճոճվող բազկաթոռի ճռռոցն արդեն երկար ժամանակ է չի լսվել: Ջեքին չի շրջում տանը՝ գրկելով բոլորիս ու անընդհատ կրկնելով, որ կկարոտի: Մոտ երկու ամսվա բաժանումից հետո՝ նոյեմբերյան տոներին, Ռիչարդսոնների ընտանիքն իր ողջ կազմով նորից կհավաքվի այս տանը, ու ամեն ինչ կվերականգնվի: