Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Աշխատել է պետք

-Հը, Լիլ, դու ի՞նչ ես որոշել։

-Չգիտեմ դեռ, տեսնենք։

-Արդեն ժամանակն ա, էս ա՝ 12-րդ դասարան ես։

Եթե դու ավարտական դասարանի աշակերտ ես, կամ եղել ես, ինձ թվում է՝ ծանոթ ես այս տեսակ խոսակցություններին։ Ճիշտն ասած, միայն վերջերս եմ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Երբ բացում էի տվյալ բուհի ֆակուլտետների, քննությունների, վարձերի աղյուսակը, առաջինը, իհարկե, ուսումնասիրում էի, թե ինչ քննություններ են անհրաժեշտ տվյալ բաժինն ընդունվելու համար ու մտածում՝ արդյո՞ք կարող եմ այդ առարկան մասնավոր պարապել, կամ կարող եմ գուցե առանց մասնավոր պարապմունքների՞ ընդունվել: Փնտրում էի այնպիսի մասնագիտություն, որը և՛ կսիրեի, և՛ հեշտ կլիներ դուրս գալ մասնավորի տակից ու նաև վարձի, և՛ հետագայում իմ մասնագիտությամբ կկարողանայի աշխատել։

Իհարկե, ես այսպես մտատանջվում էի՝ մտածելով ծնղներիս մասին ևս, որովհետև հիմա այդքան էլ հեշտ չէ ուսանող պահելը, այն էլ՝ միանգամից երկուսին։ Ես ու եղբայրս այս տարի միասին ենք ավարտում։ Իհարկե, մենք միակը չենք:

Ես ապրում եմ Ստեփանավանում, իսկ մասնագիտության ընտրության հարցում օգնեց իմ քաղաքը: Ստեփանավանը հարուստ է իր անտառներով, մաքուր օդով, ձորերով։ Ամռանը, համեմատաբար, շատ հով եղանակ է։ Շատ մարդիկ մեծ քաղաքներից գալիս են միայն այն բանի համար, որ հունիսին տեսնեն սոճիների փոշոտումը։

Հիմա կմտածեք՝ սա ի՞նչ կապ ունի գրածիս հետ։ Իրականում ես ուզում եմ ասել, թե ինչ ուղղությամբ եմ ցանկանում շարժվել, և ինչքանով է իմ մասնագիտությունը կապված ծննդավայրիս հետ, որովհետև ապագայում կցանկանամ իմ հմտություններն ու գիտելիքները ներդնել իմ բնօրրանը զարգացնելու ու այն զբոսաշրջային խոշոր կենտրոն դարձնելու մեջ։ Իմ քաղաքն ունի շատ մեծ ռեսուրսներ տուրիստական խոշոր կենտրոն դառնալու համար։ Սակայն այսօր թե հանգստացողներն են քիչ, թե չկան զբոսաշրջիկներին առաջարկվող բազմաթիվ ծառայություններ:

Մի խոսքով՝ ցանկանում եմ սովորել հենց տուրիզմի բաժնում և մի քանի տարի հետո սպասում եմ ձեզ Ստեփանավանում։