vahan chobanyan

Պատրանքների մարտիկները

Երկու օր առաջ ես ու կուրսեցիս որոշեցինք գնալ Եռաբլուր: Օրվա ընտրությունը կանխամտածված չէր, այլ զուտ պատահական: Ավելի ճիշտ կլինի ասել՝ որոշված էր չգնալ ապրիլի երկուսից վեցն ընկած հատվածում: Գնացինք: Այնտեղ էինք ես, կուրսեցիս, տեղի աշխատակիցները ու մի քանի հարազատներ: Միանգամից հիշեցի, թե ինչ էր կատարվում ապրիլի երկուսին: Ֆեյսբուքն ու ինստագրամը լցված էին նույն նկարներով՝ գրեթե նույն մեկնաբանություններով: Բոլորն իրենց պարտքն էին համարել իրենց էջում կիսվել տղերքի նկարներով, ու որպեսզի տարբերվեն ուրիշներից կամ գուցե արտահայտեն իրենց հույզերը, մի երկու էմոջի էին ավելացրել, իսկ նրանք, ովքեր ավելի «խոհեմ» էին գտնվել, ընդամենը փոխել էին դրանց հերթականությունը: Ովքեր էլ չէին ալարել, Սևակի ու Արամայիս Սահակյանի տողերից էին մեջբերել: Ուզեիր, թե չուզեիր, նույն տեսանյութը պիտի տասն անգամ նայեիր: Չորս օր միահամուռ կերպով ստեղծեցին ու պահեցին «հարգանքի մթնոլորտը»: Շատերն այցելեցին Եռաբլուր՝ ծաղիկ խոնարհելու, իսկ շատ ավելի շատերը նախընտրեցին չլքել իրենց հավատարիմ բազմոցը. գործերը շատ էին, երևի։ Անցան այդ չորս օրերը, ու տղերքը մնացին մենակ, ամեն մեկն իրեն տանջող ցավի հետ:

Այսօր Սուրբ Զատիկն է կամ Հարության տոնը: Խնդիրը անվան մեջ չի, ու եթե ճիշտն ասեմ, խնդիրն ավելի խորքային ու լուրջ է: Երեկվանից սկսվեց նկարների ու շնորհավորանքների արշավը, «մեզ և ձեզ մեծ ավետիս»-ը խառնեցին «օրհնյալ է հարությունը Քրիստոսի»-ի հետ, ձու ներկելը՝ նկարչության, գինի խմելը՝ գինեմոլության հետ: Կարճ ասած՝ հայավարի Նոր տարվա սեղան գցեցին, կերան-խմեցին, մեղքերը ներված համարեցին: Ու որ ամենակարևորն է՝ չմոռացան ֆեյսբուքն ու ինստագրամը ողողել եկեղեցիների (որ երևի հարսանիքից հարսանիք են գնում) ու ճոխ սեղանների նկարներով:

Վաղը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ցավալի է, բայց նորից նույն պատկերն ենք ունենալու. նորից կփոխվեն «պրոֆիլի նկար» կոչվածները, ոմանցը՝ Ծիծեռնակաբերդի նկարով, ոմանցը՝ կարմիր 1915-ով, իսկ առավել պահանջատերերինը՝ ‘’I remember and demand’’-ով, ու հեչ կապ չունի, որ իրենց համար «հելլո»-ից ու «հաու առ յու»-ից էն կողմ անգլերեն չկա: Այդ օրը շատերը կայցելեն Ծիծեռնակաբերդ, մարդիկ կգան Հայաստանի ու աշխարհի բոլոր ծայրերից: Բայց միայն այդ օրը: Իսկ տարվա մնացած 364 օրերին միակ պահանջատերը կմնա անմար կրակը, որն այդպես էլ չի տաքացնի քարե հսկաների սրտերը, որ թեքվել են դեպի իրեն՝ մի քիչ ջերմություն գողանալու համար: Այդ օրը կհիշենք, որ բոլորս էլ հայ ենք՝ մի գաղափարի շուրջ հավաքված, մի նպատակ հետապնդող: Բայց միայն այդ օրը: Այդ օրը շատերը կխոստովանեն, թե ինչքան են սիրում իրենց հողը: Բայց, ախր, մենակ էդ օրը, հաջորդ օրն այնպե՜ս կպոկվեն էդ հողից…

Ամեն ինչ այնքան արհեստական ու անիրական է դարձել: Մեր զգացմունքները, ցանկություններն ու գործողությունները սկսել են անջատվել այն աշխարհից, որում ապրում ենք, ու այդ խզվածքն օր օրի ավելի տեսանելի ու սարսափելի է դառնում: Սոցիալական կայքերը մեզանից խլում են ամեն հնարավորը՝ ստեղծելով պատրանք, տալով մեզ ոչինչ…