dayana amirkhanyan

Շաբաթօրյակներ

Այնքան հաճելի է, երբ ամեն ոք հետևում է իր հայրենի բնությանը, մաքրում ու խնամում է այն։ Հաճելի է նաև, երբ կան հստակ օրեր՝ շաբաթօրյակներ, երբ ամբողջ երկիրը ներգրավվում է այդ գործընթացի մեջ։

Շաբաթօրյակ ասվածի հիմնական գաղափարախոսությունն է` կամավոր սկզբունքով մաքրել որոշակի տարածք:

Բայց… Ցանկանում եմ հայտնել իմ կարծիքը և ասել այն, ինչն ավելի քան ակներև է։

‌Իմ կարծիքով՝ շաբաթօրյակները կրում են ձևական բնույթ։ Մենք սիրում ենք նկարել, նկարվել, բայց դրանք ուղղակի ցուցամոլության համար են։ Մենք ուզում ենք անվերջ ցույց տալ, որ մենք արեցինք, մենք գնացինք։ Շաբաթօրյակների ընթացքում բոլորը սկսում են մաքրել որոշակի հատված, որը մոտ է իրենց աշխատավայրին, կամ էլ ուղղակի ցանկություն են հայտնում մաքրել ամբողջ տարածքը, և բահով կամ ցանկացած գործիքով նկարվում ու հրապարակում են։ Սա ցանկացած անձի իրավունքն է:

Սակայն ևս մեկ բայց…

Շաբաթներ առաջ կրկին շաբաթօրյակ էր։ Դրանից հետո օրեր շարունակ հետևում էի, թե ինչ է կատարվում փողոցներում։ Այն անձանց համար, ովքեր «մաքրում էին» որոշակի տարածք, այժմ միևնույնն է, թե ինչ է կատարվում այդ տարածքում:

Դպրոցից դուրս գալուն պես մի խումբ երիտասարդներ նետեցին փողոց իրենց ձեռքին պատահած թուղթը, և նրանք այն երիտասարդներն էին, ովքեր շաբաթներ առաջ մեծ ջանասիրությամբ մաքրում էին տարածքը: Շաբաթօրյակի ընթացքում ես ուղղակի քայլում էի և հարցնում մասնակիցներին, թե ինչի համար են մաքրում: Ցավալին այն է, որ ոչ ոք չասաց, որ իր համար հաճելի է իր շրջակայքը մաքուր տեսնելը, և դա անում է իր կամքով, որը ավելի քան հաճելի է: Ամենատհաճը այն է, որ գեղեցիկ հագնված, շպարված, մի ձեռքին հեռախոս, մյուսին՝ բահ՝ ուզում են ապացուցել, որ իրենք իրենց մեծ ներդրումն ունեն գործընթացի մեջ: Բայց և հաջորդ օրը չնկատելու տալով անցնում են, օրինակ, ինչ-որ պոլիէթիլենային տոպրակի կողքով, որը «խեղդում է» ծառի ճյուղը:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի պատասխանների վրա, որոնք ես ինքս եմ լսել «Ինչո՞ւ եք մասնակցում շաբաթօրյակին» հարցից հետո։

-Բոլորն անում էին, ասեցի` ես էլ անեմ:

-Գիտես՝ մեր ուզելո՞վ ենք անում, հրաման ա, անում ենք:

-Դե, մեզ տնօրենը ասել ա՝ քննությունները կբարձրացնեմ:

-Վարկանիշը կբարձրանա մեր, երբ բոլորը տեսնեն մեր նկարները:

Չէ, ուղղակի խնդիրն այն է, որ մենք ինչ-որ բան անելիս կամ փնտրում ենք շահ, նմանվում ենք որևէ մեկին, կամ էլ, ասել է թե, հրաման ենք կատարում:

Գյուղի, քաղաքի, պետության ու երկրի մաքրությունն ու խնամքը պետք է հրաման չլինի, պետք է վարկանիշը վեր հանելու ձև չլինի: Դա պետք է լինի ցանկացածիս հաճելի պարտականությունը, որ ակամա պետք է կատարվի, քանզի ինչպես սիրում են կրկնել՝ մոլորակը մեր տունն է, իսկ շինությունը, որտեղ ապրում ենք՝ այդ մեծ տան մի մասը:

Շաբաթօրյակները, որքան էլ որ համախմբման և չաղտոտման կոչ ունեն իրենց մեջ, միևնույն ժամանակ տեղին չեն ծառայում և կրում են, իմ կարծիքով, ձևական բնույթ:

Ինձ հարկավոր չէ հստակ օր հոգալու համար իմ շրջակա միջավայրի մասին: