qnarik.mkhitaryan

Պարզապես ամառ է

-Նառա, հել ջուրը մնաց, Արուսի հարսը գնաց ջուրը կապեց, հենա ջրի պրծնի` գնա կանգնի գլխին, որ բերես մերը ջրենք։

Չէ, մեր տատիկները ագահ չեն, մեր կանայք չեն մտածում ամեն ինչին տիրանալու մասին, պարզապես ամառ է: Գյուղի ոչ բոլոր տներում տղամարդ կա, բոլորը արտագնա աշխատանքի են, ու էլի հոգսը՝ չորացած բոստանը, չքաղված խոտը, թաց վառելիքը, անասնակերը, կաթը, պանիրը ու այս ամենը խեղճ կանանց ուսերին է։

Ռիմա տատիկը երբեք չի բողոքում իր արած աշխատանի ծանրությունից։

-Ռիմա, դե հերիք է էդ պարկը ուսիդ գնաս հացատուն գաս, ոտքերդ չի՞ ցավում։

-Բա որ հիմա ոտքս ցավի, ձմեռն ի՞նչ եք ուտելու։

-Դե հերիք է, տղերքդ կգան կանեն։

-Էշ մի սատկի` գարուն կգա։

Դէ չէ, էլի, պատմում են, որ Ռիմա տատը ջահել ժամանակ փոցխը ուսին դրած հեկտարներով խոտ էր հավաքում, տան գործերն անում, դա էլ հերիք չի, տանը ապրում էին 4 եղբայրներ իրենց կանանցով, ու պարտադիր էդ չորս կանանցից երկուսը տան թամբալ հարսներն են եղել։

Հիմա էլ հո ուրի՞շ է: Էն ժամանակ ո՞վ կարար նայեր տեգոր երեսին: Հիմիկվա հարսները …

-Նառա, ջուրը մնաց, հել, չանեդ թուլցնելու վախտը չի,- պատմությունս քաղցր ընդհատեց Ռիմա տատը։

-Էն աղջկադ ասա հելնի տեղերից, թե չէ` վաղը, մյուս օրը տանելու են հարս, ասեն` ամոթ քեզ ու քեզ դաստիարակողին։Ամբողջ օրը քնած, թե բա` դաս եմ անում, հել երկու քոլ քյախան արա։

-Նառա, հել, Քնարի հարսը ոնց որ հելավ, գնա տես` չտանի ջուրը։

Ռիմա տատի կռիվներին ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում: Այ թե մեկը մտներ տուն.

-Այ բալա, էս պանիրը նոր եմ գցել, էս մածունը երեկվա ա, հարսիս ձեռի թխած հացն ա, աղջի Լիլո, մի հատ կոֆե դիր: Կեր, բալես, կեր։ Նառա, մի հատ հացատնից կարագ բեր, մեկ էլ լուսամուտից նայի, տես` ի՞նչ եղավ, չպրծա՞վ: Էդ հարսը առավոտից մի թիքա տեղը ջուր ա անում, դրան մերը լավ հաց չի տվել, անուժ ա։

Ռիմա տատի ձեռքերը ճաքճքած էին, բայց ծերացած չէին: Նրա աչքերը թախծոտ էին, բայց հուսալքված չէին: Նա սիրում է կյանքը: Նա Ռիմա տատն է, կախարդական գոգնոցով, կապույտ լաչակով, սիրունը տեսնող իր հայացքով։

֊Աղջի Նառա, էդ բահը բեր տուր ինձ, հա, քեզնից բոստանչի դուրս չի գա …