hovhannes ghulijanyan

Պարտության դասերը

Երեկ մեր բանավեճի ակումբի երկրորդ մարզային խաղն էր։ Երևի կհիշեք, որ առաջին խաղում պարտվել էինք։ Այդ պարտությունից հետո մենք սկսեցինք ավելի լուրջ մոտենալ հարցին և երկրորդ խաղում հաղթեցինք։ Առաջին խաղում մեզ հաղթող թիմը հավաքել էր 44 միավոր, իսկ այս անգամ, մեզ պարտվող թիմը հավաքել էր 50 միավոր։ Այսինքն, մեզ նույնիսկ չկանգնեցրեց հակառակորդ թիմի լավ պատրաստվածությունը, քանի որ մենք գնացել էինք միայն հաղթելու։

Հիմա մի փոքր պատմեմ կոնկրետ խաղի թեմայից, քանի որ այն շատ հետաքրքիր և արդիական թեմա էր։ Հետևյալն էր՝ «Էֆթանազիան պետք է օրինականացվի»։ Էֆթանազիան անբուժելի հիվանդին իր կամքով սպանելն է։ Խաղի ընթացքում գաղափարական բախումներ շատ եղան, որի մասին ասացինք եզրափակիչ ելույթում։ Խաղն ամփոփելիս, եզրափակիչ ելույթը մի փոքր կրճատումներով ցանկանում եմ ձեզ ներկայացնել.

«Հարգելի դեմ թի՛մ, դուք մեր առաջին պնդմանը, որը հետևյալն էր՝ Էֆթանազիան անբուժելի հիվանդին ցավերից ազատելու վերջին միջոցն է, հակապնդեցիք՝ ասելով, որ գոյություն ունեն ցավազրկողներ, որոնք ևս ցավերից ազատում են։ Սակայն մենք հակապնդեցինք՝ ասելով, որ օրինակ մոտոնեյրոնային հիվանդության դեպքում չեն օգնում նույնիսկ ցավազրկողները»։  Եվ այսպես, խաղը լի էր հակասություններով և դրանով էլ՝ հետաքրքիր:

Ահա մի փոքրիկ հատված մեր հետաքրքիր խաղից, առջևում մեզ սպասվում է հանրապետական փուլը, որի համար մեզ անհրաժեշտ է առավելագույն պատրաստվածություն, իսկ այս խաղի գլխավոր ձեռքբերումը ես համարում եմ, այն, որ ապացուցեցինք, որ երբեք պետք չէ հանձնվել, այլ հավաքվել և ձգտել միայն հաղթանակի։