gor gevorgyan

Փոխելով որոշումս

Երաժշտությունն ինձ հոգեհարազատ է դեռ փոքր ժամանակից: Երաժշտությունն ինձ այնքան գերեց, որ վեց տարի հաճախեցի Եղվարդի արվեստի դպրոցի՝ ակադեմիական վոկալի բաժինը:

Այս վեց տարիներն ինձ շատ բան տվեցին. Նախ, ձայնս շատ լավ մշակվեց։ Ապա շրջապատս ավելի մեծացավ, և ձեռք բերեցի լավ ընկերներ, որոնց հետ մինչ օրս էլ ընկերություն եմ անում:

Ես այս տարիների ընթացքում ունեցել եմ շատ ձեռքբերումներ: Ունեցել եմ փոքրիկ շրջագայություններ Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում՝ Հրազդանում, Աբովյանում, Երևանում և այլն: Բոլոր քաղաքներում ու գյուղերում լավ եմ հանդես եկել և դժգոհությունների առիթ չեմ տվել, թե՛ հանդիսատեսին, թե՛ ուսոցչուհուս: Այս ամենի պատճառը շատ աշխատելն է: Լինում էին օրեր, երբ երեկոյան ուշ էի վերադառնում երաժշտական դպրոցից, քանի որ համերգի էինք պատրաստվում: Մասնակցել եմ նաև մարզային մրցույթի, բայց այս անգամ արդեն երգչախմբի հետ, և մենք գրավել ենք երկրորդ հորիզոնականը:

Ինչպես յուրաքանչյուր ուղի, այնպես էլ իմ երաժշտական ուղին այս դպրոցում մոտեցավ իր ավարտին: Վերջին ելույթս էր բեմահարթակից: Հավաքեցի ուժերս և ամբողջ ձայնով կատարեցի իմ վերջին երգը: Ասում են՝ լավ ստացվեց:

Ավարտելուց հետո երաժշտությունը չդադարեց ինձ ամուր ձեռքերով պահել: Անցյալ ուսումնական տարում, երբ ավարտում էի 9-րդ դասարանը, որոշեցի ընդունվել Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան: Արդեն պետք է սկսեի պարապել ընդունելության համար, բայց… Այս մի բայցի պատճառով անէացան իմ բոլոր նպատակները երգչի կարիերայի հետ կապված։ Բոլորն ինձ որպես երգիչ լավ էին ընդունում, ասում էին, որ լավ եմ երգում, բայց իսկական հարազատը նա է, ով քո սխալները չի թաքցնում և ասում է քեզ: Ընտանիքիս անդամներից էի դժգոհություններ լսում: Մայրս ինձ անդադար բացատրում էր, որ մեր օրերում երգիչ դառնալն այնքան էլ հեշտ չէ, և իմ հերթը միգուցե չհասնի, քանի որ իմ ձայնի նման ձայն ունեն շատ երգիչներ։ Ես մի կողմ դրեցի երազանքներս ու սառը գլխով դատեցի իրավիճակը: Հասկացա, որ ես չեմ կարող դառնալ այն երգիչը, որը տարիներ շարունակ ցանկացել եմ դառնալ։

Ես փոխեցի ընտրածս մասնագիտությունը… Մեծ ցանկություն ունեմ հաղորդավար դառնալու։ Մայրս, ընտանիքիս անդամներն ու ընկերներս կողմ են իմ այս որոշման հետ: Այսօր ծանոթների կողմից կան էլի հորդորներ, որ փոխեմ մասնագիտությունս և դառնամ ծրագրավորող, բայց իմ որոշումը արդեն հստակ է: Ես անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի դառնամ լավ հաղորդավար:

Ես փոխեցի մասնագիտությունս, սակայն մինչ այսօր էլ չեմ դադարում կատարել իմ սիրելի երգերը: Երգը դարձել է ինձ համար հոբբի: Սիրում եմ ցանկացած ժանր, բացի ռոքից: Չգիտեմ ինչու, բայց միշտ ինձ դուր չի եկել այս ժանրը, հատկապես ծանր ռոքը: Միշտ նախապատվությունս տվել եմ հայկական ժողովրդական երգերին: Ճիշտ է, դրանք այնքան լավ չեմ կարողանում կատարել, ինչպես օրինակ՝ դասական ոճը, սակայն ես միշտ սիրել եմ և կսիրեմ այդ ժանրը: Շատ եմ սիրում նաև ջազը: Սա մի այլ աշխարհ է: Վերջերս փորձեցի ինձ նաև այս ժանրում, և ստավեց: Ինձ համար կատարելություն է Լուի Արմսթրոնգը: Նրա հրաշալի, բնատուր ձայնը ուղղակի ապշեցնում է ինձ: Արմսթրոնգի`«What a wonderful world» երգը որքան էլ լսեմ, չեմ հոգնի, և ընդհակառակը՝ այն ինձ հանգստացնում է:

Ես համոզված եմ, որ ինչ էլ դառնամ, երաժշտությունը մնալու է իմ կյանքի անբաժան ուղեկիցը: