Պոպոքի տոնը, Պոպոքի տանը

«Մենք հավատում ենք, որ միայն հայրենադարձությամբ կարող ենք հաղթել թշնամուն, այստեղ ապրելով, այստեղ շենացնելով: Եվ հենց այստեղ փորձեցինք մի փառատոն կազմակերպել, որն էլ արդեն իր մեջ ընդգրկում է «տոն» բառը, որպեսզի մեր ժողովուրդը ուրախ լինի, մեր համաքաղաքացիները ուրախ լինեն: Եվ գոնե մեկ օր փառաբանենք Աշտարակի ամենահռչակավոր բերքը՝ ընկույզը: Բարի եկած եք և հավատացած ենք, որ ոչ թե ամեն մի հայ պետք է ասի. «Որտեղ հաց, այնտեղ կաց», և գնա օտար երկիր` չեզոքացնելով իրեն և իր ընտանիքը, այլ գա Հայաստան և ասի. «Ուր հայ, հոն` կաց»:

Եվ ահա, արդեն հինգերորդ տարին է, որ սփյուռքահայ Պիեր Բաղդասարյանի խոսքերով սկսվում է «Պոպոքի տոնը, Պոպոքի տանը» փառատոնը:

Բացատրեմ խաղի կանոնները: Խաղը բաղկացած է 5 փուլից և 8 հոգանոց խմբերից: Մասնակիցները կանգնելով, այսպես ասած, թմբուկե սեղանի շուրջը, (որի ներսում լցված են ընկույզները) աջ կողմից վերցնում են ընկույզը, մուրճով կոտրում, այնպես որ, չփշրվի, կեղևահան անում և լցնում իրենց համարի ամանի մեջ ու անցնում հաջորդ ընկույզին: Մեկ ամբողջական ընկույզը կամ պոպոքը, ճղոպուրը, կակալը (ինչ էլ ասես, իմաստը նույնն է) հաշվում են մեկ միավոր: Հաղթում է այն մասնակիցը, ով ամենաշատն է կոտրել:

Այս տարի մասնակիցներն ավելի շատ էին, քան նախորդ տարիներին: Նրանք ոչ միայն Աշտարակից էին, այլ նաև Երևանից, Օշականից, Սասունիկից և Ուշիից:

Փառատոնի ընթացքում մենք Կարմրավոր եկեղեցուց ծածանեցինք 30 մետրանոց եռագույնը, որը եղել էր բազմաթիվ այլ երկրներում և կարևոր իրադարձություններում, որի մետրերը պետք է ավելանային և ծածանվեին Արարատի գագաթում:

Ահա և եկավ սպասված պահը: Իր արագության, ժամանակը ճիշտ օգտագործելու և անկոտրունության շնորհիվ հաղթող դարձավ Արմեն Աբրահամյանը: Նա կարողացավ առավել շատ կեղևի տակ թաքնված «ուղեղներ» հանել և ստանալ 50.000 դրամ: Իսկ այս ամենը եզրափակվեց ավանդույթ դարձած երգով.

… Պոպոք է այստեղ, պոպոք է այնտեղ,

Հայի սեղանին անպակաս համեղ,

Պոպոք է այստեղ, պոպոք է այնտեղ,

Կեր ու կդառնաս բոլորից ուժեղ…

Առաջին շարքում նստած երեխաներից մեկը չդիմացավ ընկույզների գայթակղությանը ու թմբուկե սեղանից «գողացավ» մեկ պոպոք: