lida armenakyan

Իմ ուզածը փոփոխություն է

Պարապմունքս ավարտում եմ ու ոտքով տուն եմ գալիս: Հոգնած նստում եմ համակարգչի առաջ ու սկսում բզբզալ: Մեկ էլ մարզերում ապրող ընկերներիս նյութերն եմ կարդում: Ուրեմն Վանաձորում, դե գիտեք, ռոք ֆեսթ էր` #ԴբաՌոքը: Դե, դիմացն ընտրություններ են: Ուրիշ քաղաքներում ու գյուղերում մութ փողոցները լուսավորվում են, քարուքանդները` ասֆալտապատվում: Դե, դիմացն ընտրություններ են: Մեկ ուրիշ տեղ շարունակում են տարիներ առաջ կիսատ թողած գործարանի շինարարությունը: Էլ չասեմ, արդեն հիշում ես, որ դիմացն ընտրություններ են:

Գրիչս վերցնում եմ, ուզում եմ ես էլ էդպիսի «գլոբալ» խնդիրների լուծման մասին գրել: Ուզում եմ գրել, որ իմ Եղվարդ քաղաքում վերանորոգել են հին մանկապարտեզը, ու երեխաները ստիպված չեն քաղաքի մի ծայրից մյուսը հասնել, որ ազգագրական պարերի առանձին խմբակ է բացվել, որը չի զիջում մայրաքաղաքում եղածներին, որ մի նոր գործի տեղ է ավելացել, բայց….

Եթե կուզես իմանալ, ես էլ եմ փոփոխություն ուզում իմ քաղաքում: Ախր, իմ քաղաքում էլ են ընտրություններ, բայց մեր մութ փողոցները չեն լուսավորվում, քարքարոտ ճանապարհները, որոնք ամեն անձրևից հետո ճահճից ոչնչով չեն տարբերվում, չեն ասֆալտապատվում, նոր մանկապարտեզներ ու գործարաններ չեն կառուցվում ու ռոք համերգներ էլ չեն կազմակերպվում: Մեզ մոտ ցուցանակներն են ավելանում: Զարմանալու ի՞նչ կա, որ: Մեզ մոտ էլ են ընտրություններ: Ցուցանակներ, ցուցանակներ… Հա, հա, էն քո իմացած պաստառները, որ մայրաքաղաքում ամեն երկրորդ քայլափոխին փակում են տեսադաշտդ դեպի քաղաքի սիրուն անկյունները: Էն, որ սահմանափակում են պատկերացումներդ գովազդներով: էն,  որ դրանց հետևի տեսարանը կարող է մի թուփ լինել, բայց քեզ այնքան շատ բան տալ, որ ասենք երբեք չես ստանա ինչ-որ հայ գրողի նկարը, անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը տեսնելիս:

Իմ ուզածը փոփոխություն է, և ոչ թե կաղապարում, ոչ թե մի շրջանակ, որի մեջ ստիպված ես մտնել, ոչ թե սահմանափակում… Եսիմ: Ես իմ քաղաքում փոփոխություն եմ ուզում ու ես կլինեմ այդ փոփոխությունը, անկախ նրանից` մեր քաղաքում ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ: