janna sargsyan lori

«Ռեժիսորը մարդ է, ով քեզ պատմություն է պատմում»

Զրուցակիցս ռեժիսոր, «Վարպետի ծնունդը», «Հեյ, ո՞վ կա» ֆիլմերի հեղինակ Տարոն Հարությունյանն է: 

-Տարոն, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Տարոնն եմ, 28 տարեկան, Վանաձորից: 2006-ին ընդունվել եմ թատերական, ավարտել եմ 2011-ին, մասնագիտությամբ ռեժիսոր եմ, սիրում եմ նկարել, բայց ազատ ժամանակ չունենալու պատճառով չեմ նկարում:

-Ինչո՞ւ և ե՞րբ ես որոշել դառնալ ռեժիսոր, արդյոք հե՞շտ էր քեզ համար կայացնել այդ որոշումը, և ինչպե՞ս դրան վերաբերվեց քո ընտանիքը

-Երբ որոշել եմ դառնալ ռեժիսոր, այնքան փոքր եմ եղել, որ հիմա չեմ հիշում: Փոքր տարիքում նկարում էի իմ սիրած մուլտերի կերպարներին թղթի վրա, հատուկ տետր ունեի, որը մինչև հիմա էլ պահվում է, կոմիքսներ էի նկարում, իրենց մասնակցությամբ ուրիշ սյուժեներ էի հորինում: Պլաստիլինից կերպարներ էի սարքում ու դրանցով ինչ-որ բաներ նկարում, բեմադրում, ստիպում էի քրոջս ու մյուս իմ հասակակից երեխաներին՝ նստեն նայեն, հավաքում էի բոլոր-բոլորին, դերաբաշխում էի անում, ու ըստ նախօրոք գրված սցենարի՝ ինչ- որ խաղեր էինք խաղում: Ամեն ինչ սկսվել է վաղուց, և ոչ մի հստակ պահ չի եղել, որ նստեմ և որոշեմ, նաև չի եղել մի պահ, որ կասկածեմ կամ ուրիշ բանի մասին մտածեմ՝ կապված մասնագիտություն ընտրելու հետ: Ընտանիքիս ընդունել-չընդունելու հետ կապված հարց էլ չի եղել, ես միշտ ազատ եմ եղել իմ ընտրության մեջ:

-Կարծիք կա, որ ֆիլմ նկարահանելով գումար աշխատել հնարավոր չէ: Ի՞նչ էիր այդ առիթով մտածում դու՝ մասնագիտությունդ ընտրելիս, և ի՞նչ ես մտածում հիմա, երբ արդեն աշխատում ես այդ ուղղությամբ, արդյոք կարծիքդ փոխվե՞լ է

-Սովորելուս տարիներին ավելի թեթև էի նայում ու ավելի հեշտ էի պատկերացնում այս աշխատանքը, հիմա ամեն ինչից ավելի ռեալ գաղափար ունեմ, բայց մեկ է՝ չի փոխվել: Ինչքան էլ Հայաստանում ամեն ինչ դժվար լինի, դու կարող ես անել քո ուզածը, եթե, իհարկե, հստակ գիտես՝ ինչ ես ուզում:

-Հեղինակային ի՞նչ ֆիլմեր ունես նկարահանած

-«Վարպետի ծնունդը»՝ Անդրե Մորուայի նովելի հիման վրա, սցենարի հեղինակն ու ռեժիսորը ես եմ, և «Հեյ, ո՞վ կա»՝ Վիլյամ Սարոյանի պիեսի հիման վրա, նույնպես սցենարի հեղինակն եմ ու ռեժիսորը:

-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ այդ ֆիլմերը նկարահանելու գաղափարը, և ինչո՞ւ հենց այդ երկու ստեղծագործությունների հիման վրա

-«Վարպետի ծնունդը» դիպլոմային աշխատանքս է եղել: Ընտրել եմ լրիվ պատահական, ուղղակի կարդացել եմ նովելը, ինձ դուր է եկել, ու միանգամից պատկերացրել եմ, թե ոնց կարելի է նկարել: Հետո, երբ սցենար էի գրում, շատ բաներ փոխեցի, փոխել եմ կերպարներին, լրիվ փոխել եմ երկխոսությունները, թողել եմ միայն մի արտահայտություն, որի համար հենց ինձ դուր էր եկել այդ գործը: Կերպարներին հուզող խնդիրները դարձրել եմ ավելի ակտուալ, այսինքն՝ իրենց հուզող թեմաները այն թեմաներն էին, որոնք ինձ էին հուզում: Հետո նկարահանման ժամանակ փոխվեց նաև արդեն գրված սցենարը, որովհետև մի ամբողջական տեսարան, որտեղ նկարիչը նկարում է, սցենարում չկար, ու դա ստացվեց ուղղակի՝ առանց նախապես պլանավորելու: Իսկ «Հեյ, ո՞վ կա»-ն նկարել եմ կոնկրետ երկու պատճառով։ Առաջինը՝ գլխավոր դերակատարն էր, որին ամեն անգամ հանդիպելիս հիշում էի այդ գործը, ուզում էի տեսնել, թե ոնց կգոռա՝ հեյ, ո՞վ կա։ Երկրորդը, թե ինչպես էր ըստ իմ սցենարի վերջանում այդ պատմությունը: «Հեյ, ո՞վ կա»-ի շատ նկարահանված ու բեմադրված տարբերակներ եմ տեսել, բոլորի մեջ շեշտը դրված է անելանելի վիճակի ու տխուր վերջաբանի վրա, ինչպես պիեսում է: Ես ուզեցի մի տարբերակ լինի, որը ուրախ վերջաբան կունենա: Եթե համեմատենք այս երկու ֆիլմերը, առաջինի դեպքում ստացվեց ավելին, քան ուզում էի, երկրորդի դեպքում այդքան էլ չստացվեց:

-Իսկ այս ֆիլմերը նկարահանելու համար բավականաչափ բյուջե ունեցե՞լ ես, ովքե՞ր են քո հետ միասին ներգրավված եղել այդ աշխատանքում, և ինչքա՞ն ժամանակում են նկարահանվել ֆիլմերը

-«Վարպետի ծնունդը» նկարահանվել է երկու օրում և բացարձակապես առանց բյուջեի: Այսինքն՝ մոտավորապես էսպես. ես ընտրել եմ դերասաններին՝ ինձ հետ նույն համալսարանում սովորող ուսանողներից, գտել եմ համապատասխան արվեստանոց, որովհետև ֆիլմի գործողությունները արվեստանոցում են կատարվում, խնդրել եմ Վանաձորի պատկերասրահի տնօրենին թույլ տալ պատկերասրահում նկարահանումներ կատարել: Դիմել եմ Վանաձորի «թիվի»-ներից մեկին, մեզ անհրաժեշտ տեխնիկա են տրամադրել: Բայց եթե փորձեի ամեն ինչ անել որոշակի բյուջեով, իհարկե, ոչ մի բան չէր ստացվի, որովհետև համապատասխան գումար չէի կարողանա գտնել: Մյուս ֆիլմն էլ նկարահանվել է նորից նույն ձևով։ Ֆիլմերի սաունդթրեքները գրել է իմ ընկերներից մեկը, որը մասնագիտությամբ երաժիշտ է, ու դա արել է առանց ֆինանսական շահի: Իհարկե, հիմա շատ դժվար է Հայաստանում ֆիլմ նկարելու համար ֆինանսական միջոցներ գտնելը, բայց միջոցները չեն, որ պետք է ոգևորեն կամ դրդեն ֆիլմ նկարելու, ցանկություն է եղել և նկարելու ձևը գտել եմ՝ նույնիսկ առանց միջոցների: Հիմա էլ չկա, բայց էլի պատրաստվում եմ նկարել: Այսինքն՝ կարևորը ցանկությունն է, եթե իսկապես ուզում ես, անում ես։ Չանելու հազար ու մի պատճառ կարող ես գտնել:

-Ինչո՞վ ես հիմա զբաղվում։ Նշում ես, որ Հայաստանում ֆինանսավորում գտնելը դժվար է, և կինոարտադրությունն էլ զարգացած չէ, ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել. կգնա՞ս Հայաստանից, թե՞ այլ գործով կզբաղվես

-Հիմա զբաղվում եմ մոնտաժով, որովհետև միայն կինոյով զբաղվելու համար, եթե նույնիսկ սկզբնական բյուջե չունես, պետք է գոնե ֆինանսական խնդիրներ չունենաս, որ կարողանաս ժամանակդ լրիվ տրամադրել գործին: Իսկ Հայաստանում կմնամ, թե կգնամ, դժվարանում եմ պատասխանել։ Երևի ապագան ցույց կտա:

-Կարո՞ղ ես նշել, թե ինչ հատկանիշներ են անհրաժեշտ, բացի կրթությունից, ռեժիսոր լինելու համար, և քո հմտություններից ու տաղանդներից որո՞նք են քեզ շատ օգնել մասնագիտությանդ մեջ

-Ռեժիսորը պետք է լինի բազմակողմանի զարգացած մարդ, ով գաղափար ունի ամեն ինչից: Շատ կարևոր է կրթությունը, որովհետև կինոն երեկ չի ստեղծվել, շատ գրված ու չգրված օրենքներ ունի, որոնք ռեժիսորը պետք է իմանա, եթե նույնիսկ ինքը չի շարժվում այդ օրենքներով, պետք է իմանա՝ շեղվելիս ֆիլմի որ օրենքն է խախտվում: Պետք է լինի գրագետ և՛ որպես մարդ, և՛ որպես ռեժիսոր: Ես սիրում եմ ռեժիսորների, ովքեր ունեն տարբերվող ոճ, ռեժիսորական ձեռագիր, ու կարող ես ֆիլմից ընդամենը մի րոպե նայելով հասկանալ, թե դա ում ֆիլմն է։

Ցավոք, Հայաստանում, ըստ իս, այսօր չկա էդպիսի ռեժիսոր, կամ եթե կա, չի ստեղծագործում, նստած է տանը: Դրա համար էլ հայկական նոր կինոն բացարձակ անհետաքրքիր է ինձ համար, ու դրան գումարած՝ Հայաստանում չկա նաև նորմալ կրթություն տվող կինոինստիտուտ, ու մարդը կարող է 4 տարի սովորել համալսարանում, դիպլոմ ստանալ՝ առանց տարրական գիտելիքներ ունենալու։ Ու էդպես գնա զբաղվի կինոյով, կամ լավագույն դեպքում, մի օր հասկանա, թե ինչքան բան չգիտի, ու սկսի ինքնակրթությամբ զբաղվել։

Ռեժիսորը մարդ է, ով քեզ պատմություն է պատմում, ինքը պետք է հստակ վերաբերմունք ունենա այդ պատմության նկատմամբ, յուրահատուկ պատմելու ձև ունենա, ու ստիպի քեզ՝ որպես լսող, զգալ նույն բանը, ինչ ինքն է զգում պատմելիս։ Կամ նույնիսկ զգալ ավելին, քան ինքը։ Իսկ իմ հմտություններից, չգիտեմ՝ ինչն է օգնել կամ խանգարել, որովհետև ես դեռ շատ քիչ եմ զբաղվել ու դեռ շատ ինքնաբացահայտվելու տեղ ունեմ։ Կինո նկարելու պրոցեսի մեջ ինձ դուր է գալիս ամեն ինչ՝ սցենար գրելու պրոցեսը, դերասանի հետ աշխատելու պրոցեսը, որովհետև այդ պահին դուք երկուսով հայտնվում եք մի վիճակի մեջ, որը իրական կյանքում երբեք չի լինում։ Դա նկարահանման պրոցեսն է ու հատկապես՝ մոնտաժը, որն ըստ իս՝ ամենակարևոր փուլերից մեկն է։ Ես երբեք իմ ֆիլմի մոնտաժը ուրիշին չեմ վստահի։ Եթե դա ընդունենք որպես հմտություն, ուրեմն ինձ օգնել է այն փաստը, որ ես մոնտաժ անել գիտեմ: