astghik qeshishyan

Ռոք: Լսե՞լ, թե…

Համլետը մենախոսում էր. «Ռոք լսե՞լ, թե՞ չլսել. այս է խնդիրը: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»: Պարզից էլ պարզ է, որ չհավատացիք: Հանճարեղ անգլիացու հերոսի խոսքերին բոլորդ էլ ծանոթ եք, իսկ սրանք ուղղակի իմ մտորումներն են: Հարցադրմանս դեռ կանդրադառնամ, բայց մի՛ շտապեք: Հիմա ուզում եմ մի քիչ հետ գնալ:

Ժամանակին barca.am կայք կար (գուցե հիմա էլ կա, չգիտեմ), այստեղ հավաքվում էինք Բարսելոնայի ֆաներով ու բնական է՝ միայն ֆուտբոլից չէ, որ զրուցում էինք: Մի օր էլ կայքի տղաներից մի երկուսը Բարսելոնայի ֆանին բնորոշ տակտիկական գրոհ սկսեցին ու փորձում էին ինձ համոզել, որ այն, ինչ ես լսում էի այդ ժամանակ, աղբ է, ոչ թե երաժշտություն:

-Արի` սկզբի համար «Նիրվանա» լսի: Ցենտր խումբ ա, հաստատ կհավանես:

-Գոհ եմ, ձեզ պահեք ձեր սատանիստական երգերը: Ու մտածում էի. «Գիտեն անխելք երեխա եմ, որ իրանց ջրերն ընկնեմ: Երբե՛ք»:

-Ախր, ի՞նչ սատանիզմ, է: Հա՛, վոկալիստը՝ Կուրտ Քոբեյնը, աթեիստ ա եղել ու նառկոշ, բայց լի՜քը հավես երգեր ունեն, սատանիզմի հետ ոչ մի կապ չունեցող երգեր:

«Աթեի՞ստ, թմրամո՞լ: Ձեռ են առնում ինձ էս տղերքը»:

-Ամեն դեպքում ես երբեք ռոք չեմ լսի: Ես հավատում եմ Աստծուն:

-Դե գնա գործիդ, հա՜, մենք էլ՝ սատանիստներով, քեզ դժոխքից Էնրիկե Իգլեսիասիդ դիսկերը կուղարկենք, երեխա՛:

Ես իհարկե խոսքիս տերը չեղա ու, մի որոշ ժամանակ «լսե՞լ, թե՞ չլսել»-ով ինձ տանջելուց հետո, ի վերջո լսեցի: Կամաց-կամաց ծանոթանում էի ռոքին ու բացահայտում, որ նախկինում էլ եմ շատ ռոք երգեր սիրել, միայն թե չեմ իմացել դրանց ժանրը:

Տարիներ հետո տղաները երևի դժոխքում Էնրիկեի դիսկերը կփնտրեն՝ չիմանալով, որ դրանք ինձ այլևս պետք չեն:

Մինչ դուք անտարբեր դեմքով, թեթև ժպիտով կամ մտովի խաչակնքվելով ու «մեղա Աստծու» ասելով կարդում եք նոստալգիաս, ուզում եմ ձեզ մի հարց տալ: Ինչո՞ւ եք ռոքը սատանիզմ համարում: Որովհետև լսե՞լ եք, ուսումնասիրել ու հասկացե՞լ դա, թե՞ որովհետև հորքուրի հարևանի բաջանաղն է «լուսավորել» ձեր մտքերը: Մտածե՛ք սրա մասին: «Ռոքից զզվում եմ» ասելուց առաջ նախ լսեք այդ «զզվելի» ռոքը:

Միտք չունեմ որևէ մեկի ճաշակը վիրավորելու, բայց փոփը՝ այդ popular music-ը, որ լսում, ավելի ճիշտ՝ սպառում ենք մենք, մի նպատակ ունի միայն՝ բոլորիս դարձնել նույնատիպ, հարթ քառակուսիներ: Մինչդեռ ռոքը մաքրազարդում է ներսդ ամեն տեսակ աղբից, մտածելու, գործելու անկախություն է տալիս: Ոչ թե անհատականություն է դարձնում, այլ բացահայտում է ներսիդ անհատին, յուրահատուկին: Եվ խոսքն ամենևին էլ գունավոր մազերի, վանդակավոր վերնաշապիկների կամ փիրսինգների մասին չէ: Ռոքը շատ ավելին է: Այն նախ ազնվություն է, հետո ազատություն, այն դու ես…

Այս թեմայով շատ կարելի էր ծավալվել, բայց առայժմ ուղղակի լսի՛ր: Գուցե համաձայնես հետս, գուցե ոչ: Թերևս արժե փորձել (ի դեպ, մի փոքր նախնական երաշխիք. Հայ առաքելական եկեղեցին ամենևին էլ դեմ չէ ռոք երաժշտությանը), համ էլ գուցե մի օր հասնենք նրան, որ մեր Vordan Karmir-ը կամ Nemra-ն ավելի շատ դիտումներ կունենան, քան Լիլիթ Հովհաննիսյանը: Հաճելի կլիներ: Վերջիվերջո աշխարհում շատ ավելի կարևոր խնդրներ կան, քան հեռացող-մոռացող սերերը: Դե օրինակ, առանց հացի ու հույսի ապրող մարդիկ: Nemra-ի ջահելները հենց նրանց (մեր) մասին են երգում, խնդրում.

Արա այն ամենը, ինչ կարող ես,
Տուր ամբողջ լավը, որ կա ներսումդ,
Տուր այն, ինչի կարիքը կարծում ես՝ նրանք ունեն,
Բայց մի արա դա, որ ուղղակի ասես՝ ես արել եմ:
Եկեք հիմար չլինենք,
Անենք ամեն ինչ՝ օգնելու մարդկանց,
Ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:
Մի՛ վատնիր ժամանակդ,
Թող, որ նրանց արևը փայլի,
Եվ կիսիր քո սերը բոլորի հետ:

Ինչևէ, «Ռոք լսե՞լ, թե՞ չլսել» հարցին ես պատասխանում եմ՝ որոշողը դուք եք, կարևորը իսկապես գտնեք ձեզ հոգեհարազատ, ոչ թե «պարտադրված» երաժշտությունը: Իսկ գտնելու համար փնտրել է պետք: You’re Never Too Old To Rock’n'Roll!