Սա այն Հայաստանն է, որտեղ ես տանն եմ

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Նստել եմ համակարգչիս առաջ ու չգիտեմ՝ ինչ գրեմ։ Ասելիքս շատ է, ավելին քան երբևէ եղել է, բայց չգիտեմ՝ ինչից սկսեմ, ինչպես բացատրեմ ներսումս ծնված զգացմունքները։

Մտքումս պտտվում են բարձր գոռում-գոչյուններ. «Մե՛նք ենք տերը մե՛ր երկրի», «Դու՛-խով», «Հա՜-յա՜ս-տա՜ն» և ամենակարևորը՝ «Հա՜ղ-թա՜-նա՜կ»։ Թերևս իմ տեսած ամենամիասնական հաղթանակը։

Իմ ժողովուրդը տոնում էր այն հաղթանակը, որի համար տասնյակ գիշերներ է լուսացրել փողոցներում, հազարավոր փողոցներ է փակել ու բազմաթիվ կարգախոսներ վանկարկել։ Հայրենիքս տոնում էր մի հաղթանակ, որն ապշեցրել է հազարավոր մարդկանց։ Տոնում էր այն երգելով, պարելով, դրոշներ թափահարելով, անձրևից թրջվելով ու անձրևանոցներ գնելով։

Այս հաղթանակը կոտրեց մթնոլորտում տիրող վախը, անվստահությունն ու անհուսությունը։ Այն հաղորդեց բոլորին ինքնավստահություն, միասնականություն, քաջություն, անսպառ դրական էներգիայի պաշար։ Հաղթանակ, որը ամեն հայի առաջին հերթին նվիրեց վերաարժեքավորում, վերաորակավորում ու նոր շունչ, հետո արդեն ավելի բարեկեցիկ հայրենիք, ավելի միասնական ազգ, ավելի երջանիկ ժողովուրդ։ Հաղթանակ, որը ինձ ցույց տվեց հարյուր հազարավոր ժպիտներ, հարյուր հազարավոր ձգտումներ ու հարյուր հազարավոր երազանքների իրականացում։

Հաղթանակ, որը ինձ ցույց տվեց, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ես ուզում եմ ապրել, որի մասին պիտի իմանա յուրաքանչյուրը, որը հաղթանակած է ցանկացած իրավիճակում։ Հաղթանակ, որը ապացուցեց, որ ոչ մի պատնեշ չկա մարտնչող ազգի համար։

Հաղթանակ, որը ապացուցեց ինձ, որ սա հենց այն Հայաստանն է, որտեղ ես տանն եմ։