Հայրենասիրության լուռ վկան

Լուսանկարը՝ Մուշեղ Կուրեխյանի

Լուսանկարը՝ Մուշեղ Կուրեխյանի

Անբացատրելի զգացումներ եմ ապրում, երբ թերթում եմ իմ նախնիների կյանքի էջերը։ Տարիներ առաջ, երբ դպրոցական էի, տատիկիս տանը մեծ ոգևորությամբ արտասանում էի «Հաղթանակի օրը» բանաստեղծությունը։ Տատիկս ու պապիկս ուշադիր լսում էին։ Նրանց հայացքում նկատում էի տխրություն և հիացմունք, ցավ և ուրախություն, կարոտ և հպարտություն։ Հիմա եմ հասկանում, թե ինչու։

Պապիկիս հոր անունը, ցավոք, տեղ է գտել պատերազմի բովում անհետ կորածների ցուցակում։ Նա ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա շրջանում։ Հարազատներս պատմում են, որ նա 1925 թվականին Թուրքիայից ներգաղթել է Սովետական Հայաստան։ Հաստատվելով Երևանում՝ պապիկիս հայրը՝ Հրանտ Տագեսյանը, կազմել է ընտանիք, ունեցել երեք որդի։ Կրտսեր որդին իմ պապիկն է, ով հիմա 75 տարեկան է։ Ավաղ, նրան չի հաջողվել վայելել հայրական ջերմությունը։ 1941 թվականի հունիսին տարածվում է Հայրենական պատերազմի գույժը։ Պատերազմի առաջին օրերից պապիկիս հայրն էլ շատերի նման մեկնում է ռազմաճակատ և կռվում Ֆաշիստական Գերմանիայի դեմ։ Պատկերացնելն անգամ սարսափելի է։ Արցունքներով ողողված սիրող կնոջ աչքեր, նորածին մանկան անուշ թոթովանքներ։ Հիրավի, այս ամենը թողնելու և պատերազմ մեկնելու համար մեծ ու աննկուն հայրենասիրական ոգի է պետք։ Լսում եմ նրա մասին պատմությունները և հասկանում, որ հենց այդպիսի ոգով է օժտված եղել նա։ Եվ դարից երկար էին ձգվում տարիները։ 1942 թ․-ին՝ պատերազմի բովում, սկսվում է Կերչի Ճակատամարտը։ Մինչև 1944 թվականը պապիկիս հայրը եղել է ռազմաճակատներում։ Հարազատները մի քանի նամակ ստացել են Կերչի ահեղ ճակատամարտի օրերից։ Նա եղել է սղոցարանի բանվոր։ 1945 թվականի մայիսյան մեծ հաղթանակից հետո պապիկիս հոր հարազատներին հաղորդում են, որ նրա անունը տեղ է գտել անհայտ կորածների ցուցակում։ Ավելի քան 20 տարի ոչ ոք չէր կորցնում այն հույսը, որ մի գեղեցիկ օր երկրագնդի մի ծայրից կլսվի նրա ձայնը, բայց ավաղ… Տարիներ անց Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս է տեսնում մի գիրք, որը ներառում է 1941-1945թթ.-ին պատերազմում անհետ կորած սեբաստահայերի անունները։ Այդ գրքում տեղ գտավ նաև պապիկիս հոր՝ Հրանտ Տագեսյանի անունը։ Հիշում եմ և հպարտանում։