Վերացման եզրին կանգնած սեր

Լուսանկարը՝ Էրիկ Խոյեցյանի

Լուսանկարը՝ Էրիկ Խոյեցյանի

Հիմա քչերն են դպրոց գնալու համար լացում, գիշերը անքուն մնում ու ամբողջ շաբաթվա դասերը անում: Այդ քչերի թվի մեջ է մտնում նաև քույրս՝ Անգելինան, ով դպրոցի մոլի երկրպագու է: Անկեղծ, այս հատկությամբ իմ նման է, բայց, ավա՜ղ, ես այլևս այդպիսին չեմ:

Արդեն 2-րդ օրն է, ինչ քույրս դպրոց չի գնում՝ ուրբաթ և այսօր, և այդ երկու առավոտն էլ մեր տանը «պատերազմ» է: Քույս պնդում է, որ գնա դպրոց, իսկ մայրս, մյուս կողմից էլ ես, հորդորում ենք, որ գնա միայն ապաքինվելուց հետո:

Կիրակի երեկոյան, երբ պառկեցինք քնելու, քրոջս հետ երկխոսության մեջ մտա առանց իմ ցանկության: Քույրս 5 րոպե ընդմիջումներով հարցեր էր տալիս.

-Ստե՜լ, որ վաղը ջերմություն չունենամ, կգնա՞մ դպրոց:

-Հա, Անգել ջան:

Հինգ րոպե անց:

-Ստե՜լ, որ ծածկվեմ, շուտ կանցնի՞ ջերմությունս:

-Ըհը:

Երրորդ հինգ րոպեին:

-Ստե՜լ, «բուդելնիկ» դրել ե՞ս:

- Վա՜յ, Անգելինա՛, այո՛: Որ վաղը չջերմես, դպրոց կգնաս, որ ծածկվես, շուտ կիջնի ջերմությունդ, իսկ «բուդելնիկ» դրել եմ, 7: 40-ի վրա եմ դրել: Իսկ հիմա թո՛ղ քնեմ:

Ու, բարեբախտաբար, հարցերի տարափը դադարեց: Բայց առավոտյան էլի՛ նույն պատմությունը: Ես զարմանում եմ, թե մարդ ո՞նց կարող է այդքան լացել դպրոց չգնալու համար: Հա, ճիշտ է, ես էլ եմ տանը ձանձրանում, երբ գիտեմ, որ ընկերներս դպրոցում են, բայց գիտեմ, որ պետք է:

Ու ես առավոտյան քրոջս ոչինչ չասացի, միայն մտածեցի. «Է՜, Անգել ջա՛ն, դեռ 3-րդ դասարան ես, դեռ նոր ես գնում դպրոց, ամեն բան չէ, որ հասկանում ես: Երբ որ դարձար միջին կամ, առավել ևս, ավագ դպրոցի աշակերտ, դպրոց գնալուդ թերևս միակ պատճառը կլինեն այնտեղ քեզ սպասող ընկերներդ, այլ ոչ թե մետաղալարե եռանկյունները, կավիճը կամ էլ նստարանդ: Այս ամենը արդեն քեզ կսպասեն ավագ դպրոցդ էլ ավարտելուց հետո»:

Ու քրոջս թողնելով տանը՝ հեռուստացույցի մոտ լացակումած, սթափվելով, դուրս եկա` այնտեղ ինձ սպասող մեքենայի «տիդ-ի՜դ»-ից: