Ani Harutyunyan

Սիլվեստր

Բարև՛։
Անունս Անի է։ Անի անունով սովորաբար կոչում են աղջիկներին, ու դեռ Անի անուն ունեցող տղայի չեմ հանդիպել, փառք Աստծո։ Սա կենսագրություն չի լինելու, ոչ էլ անվան բացատրություն։ Սկզբի համար ուզում էի ինձ չճանաչողներին մի փոքր փաստել, որ աղջիկ եմ։

Հասարակության մի զանգված ունի հստակ սահմանված օրենքներ ու կարծրատիպեր՝ կապված աղջիկների հետ։ Փորձիր դուրս գալ այդ սահմանումներից, ու քեզ կհամարեն տարօրինակ։ Հա, ուրախ եմ, որ քեզ էլ մի տեսակ չի հուզում՝ ինչպիսին կհամարեն քեզ։

Չէ, սա ոչ էլ շրջապատի կարծիքի ու դրա ազդեցության մասին է։

Ես աղջիկ եմ, ու ինձ չեն հետաքրքրում ռոմանտիկ ֆիլմերը։ Դրանք մի տեսակ ճնշող են։ Ու ընդհանրապես, մեր օրերում ռոմանտիկան, երջանիկ ավարտները քչացել են, դժվարացել։ Դժվար է հասնել ֆիլմային happy end-երի։ Ռոմանտիկ ֆիլմեր նայելով մեզ համար այդպես էլ երազանք է մնում «կինոյի սիրուն տղեն կամ աղջիկը»։ Բայց ռոմանտիկան քննադատելու համար չեմ եկել։

Մենք ունենում ենք որևէ իդեալ, կամքի ուժի օրինակ, ամեն անգամ հուսահատվելիս հիշում ենք նրան ու հաճախ ուժ ստանում։ Օրինակներ գտել եմ ֆուտբոլում, ֆիլմերում, դերասանների մեջ։ Ֆուտբոլից խոսել եմ, էլի եմ խոսելու, հա՛, միշտ։ Այսօր կարծես թե ուզում եմ պատմել մարտաֆիլմերից։

Ես աղջիկ եմ, ու «պուպսիկ» դերասանների խաղն ինձ չի գրավում։ Ես իմ դերասաններին գտել եմ դեռ մանկուց, երբ Ջեկի Չանի, Բրյուս Լիի, Ստալոնեի ֆիլմերի ժամերն ու օրերը գրում էի տան պատերին՝ երևացող մասում, որ բաց չթողնեմ։ Ես մեծացել եմ Ռեմբո ու Ռոքքի Բալբոա նայելով։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ մարտաֆիլմերը միայն մարդկանց սպանել չեն սովորեցնում. կարողացիր պայքարել, դժվարություններ հաղթահարել, վիրավորվել, ընկնել, կարողացիր բարձրանալ։ Հասկացա, որ Ռոքքի Բալբոան նայելիս փշաքաղվելը սովորական է դառնում, որ Ստալոնե անունը որպես պատասխան հնչելու է այս հարցին՝ ո՞վ է քո սիրելի դերասանը։

Չեմ գրում Ստալոնեի կյանքը պատմելու համար, բայց երբ հիասթափվում ես ու մտածում՝ փակ դռներին վերջ չկա, հիշի՛ր, որ Սիլվեստրի կյանքը կործանման վտանգի տակ է դրվել հենց լույս աշխարհ գալու առաջին օրից։ Բժիշկներն անզգուշաբար վնասել էին նրա ծնոտային մկաններն, ու նա դեմքի մասնակի կաթված էր ստացել։ Իսկ դու շարունակի՛ր, շարունակի՛ր կյանքդ բարդացնել ամենահասարակ երևույթների պատճառով։ Տարիներ շարունակ նրա դեմքին շրխկացրել են բոլոր դռները՝ ասելով, որ նա երբեք դերասան չի դառնա։ Նայի՛ր նրան ու հասկացի՛ր վերջապես, որ քո կյանքն ամենավատը չէ, դու ունես հնարավորություն, ունեցիր նաև կամքի ուժ։

Ես չէի եկել երկար խոսելու։

Թույլ տվեք երկրորդել մի քանի խոսք «Rocky 6» ֆիլմից. «Ո՛չ ես, ո՛չ դու, ո՛չ էլ որևէ մեկն այս աշխարհում այնքան ուժեղ չի հարվածում, որքան կյանքը։ Կարևոր չէ, թե ինչպես ես հարվածում դու, այլ՝ ինչպես ես ընդունում հարվածը, ինչպես ես շարժվում առաջ։

Որոշել ես գնալ՝ գնա՛։ Եթե գիտես քո արժեքը, գնա՛ ու վերցրո՛ւ քո հասանելիքը, բայց պատրաստ եղիր հարվածներին դիմակայելու…»։

Ես գիտեմ՝ դու պատրաստ ես, ուրեմն՝ գնացի՛նք։