Hripsime Vardanyan

Սիրտս ձեզ հետ

-Հո~ք, գիտես չէ՞, էս ամառ ուզում ենք գալ ձեր տուն, բայց մամային պետք ա համոզեք:

-Էկեք, մեռնեմ ձեզ, դուք եկեք Իջևան` մենք ձեզ կդիմավորենք:

Ու էսպես, ինչպես միշտ, էլի մայրիկիս համոզելու հարցում օգնության եկավ հայրիկս: Շատ չարչարվելուց հետո, մենք կարողացանք մայրիկին վստահեցնել, որ մեզ հետ ճանապարհին ոչինչ չի պատահի, և ինչպես մենք ենք ասում. «Մենք արդեն մեծ ենք, գլուխ կհանենք»:

Մոտենում է օրը, երբ պետք է մեկնեմ ինձ համար նոր բացահայտվող մի աշխարհ: Ոչ մի անգամ չլինելով Տավուշի մարզում, ես փոքրիկ երեխայի նման` մեծ ու կլոր աչքերով նայում եմ ավտոբուսի պատուհանից դուրս: Սարեր, առվակներ, անտառներ. ինձ համար նորություն է Տավուշի բնությունը:

Մոտենում ենք Իջևանին: Ավտոբուսը կանգ է առնում մի հին խանութի մոտ, որի վրա հին ու ժանգոտած տառերով գրված է` «Магазин»: Իջնում եմ ավտոբուսից, նայում շուրջս, հայացքով փնտրում եմ ծանոթ դեմք: Հա~, տեսա, Վանուհին է` հորաքրոջս աղջիկը:

-Հըն, էրեխեք, ո՞նց հասաք,- հարցրեց նա:

-Ուղղակի անմոռանալի ճանապարհ էր,- հիացած պատասխանեցի ես:

Գյուղ գնալու ճանապարհին մեքենայի պատուհանից տեսնում եմ մոտեցող ճանապարհային նշանը, այն սպասումներով, որ դրա վրա գրված կլինի գյուղի անունը, սակայն գրված է` «Ադրբեջանի սահման», և հետո նոր` «Այգեհովիտ»:

Վերջապես հասանք` հինգ փոխադրամիջոց փոխելուց հետո, հոգնածություն եմ զգում: Ու այդ պահին տեսնում եմ հորաքրոջս` ժպիտը դեմքին սպասում է մեզ.

-Հո~ք: (Գրկախառնություններ, համբույրներ, էլի գրկախառնություններ, էլի համբույրներ): Արդեն ուշ երեկո է: Նստած ենք դրսում ու հիանում ենք պատշգամբից բացվող տեսարանով:

Առավոտ: Գնում եմ դուրս, տեսնում եմ, որ հորաքույրս ինչ-որ տեղ է գնում:

-Հոք, ո՞ւր:

-Գնում եմ ֆերմա:

-Սպասի, ես էլ եմ գալիս:

-Գնացինք:

Ճանապարհին պատմում է, որ պահում է խոզեր, նապաստակներ, բայց նախկինում ունեցել է նաև կովեր, որոնց պահել է ինքը, մշակել բավականին մեծ տարածք: Հիմա տանը մեծ պապ ունեն, ով խնամքի կարիք ունի, դրա համար էլ չի հասցնւմ: Հասել ենք բլրակի ամենաբարձր հատվածին: Ինձ ցույց է տալիս սարերի այն հատվածը և լճակը, որ գտնվում է շատ մոտ և որ Ադրբեջանի հողերում է: Պատմում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գյուղում ոչ մի լույս չէր վառվում, քանի որ շատ հեշտությամբ կարող էին նշան բռնել բնակավայրի վրա:

Հետ վերադառնալուց հորաքույրս զանգում է ինչ-որ մեկին:

-Գոհա՞ր, կոֆե դիր` գալիս ենք: Արտաշատից հյուրեր ունենք:

Գնում ենք Գոհարենց տուն: Հորաքույրս, բա թե`

-Գիտե՞ս, էս մեր Հռիփսիմեն մեր գյուղը նկարել ա, որ հոդված գրի: Ու էդպես 17.am-ը հասավ Այգեհովիտ:

Վերադառնում ենք տուն, նախաճաշ պատրաստում, իջնում այգի` թութ, խնձոր, մորի հավաքում: Հագեցած են անցնում օրերս:

Հիմա ավտոբուսում եմ: Պատուհանից երևում է հին, ժանգոտած Магазин-ը: Շարժվում ենք: Ավտոբուսը քիչ-քիչ հեռանում է: Մի տեսակ տխուր եմ:

Կանգնեցրեք ավտոբուսը, ես իջնում եմ: