marieta baghdasaryan

Սկսում եմ

Ինձ երևի արդեն մոռացել էիք, չէ՞: Ես էն Լենոնի նման երազող, հոգսերի ծանրությունն անտեսող, Կարսից արմատներ ունեցող աղջիկն եմ: Երևի հիշեցիք: Կամ էլ` ոչ: Նորից կարդում եմ 17-ում տպագրված նյութերս: Կարդում եմ հենց առաջինն ու հասկանում, որ այս ամիսների ընթացքում ինչ-որ բան փոխվել է: Միացնում եմ «Ֆլոյդից» մի բան, հետո նայում սիրածս ֆիլմի ամենասիրուն հատվածները, մի կտոր դեղձ ուտում ու մտածում: Էլի երազանքներիս մասին եմ մտածում: Չնայած՝ արդեն մեծանում եմ, ու կարելի է դրանցից շատերը նպատակներ անվանել: Դե, չէ՞ որ սկսել եմ քայլել դրանց ընդառաջ (երանի իրենք էլ ինձ ընդառաջ գան): Ու հասկանում եմ, որ կամաց-կամաց մոտենում եմ ավելի պատասխանատու ու լուրջ կյանքի փուլին, ինձ սկսում եմ պատկերացնել հաջողակ ու կայացած ծրագրավորող, մտածում, որ կարելի է ստեղծել սեփական ստարտափը, ա՜յ հենց Սթիվ Ջոբսի նման ավտոտնակից սկսել ու դառնալ շատերի համար օրինակ, գրել սեփական գիրքը, շրջագայել ամբողջ աշխարհով…

Ու հիշում եմ, որ նախ պետք է ընդունվել համալսարան: Ասեմ, որ դա էլ հեշտ գործ չէ: Պետք է գիշեր-ցերեկ պարապել, զրկվել կնունք-ծնունդային զվարճանքի բոլոր տեսակներից: Դե, ես էլ եմ երբեմն չգրելս դրանով արդարացնում, բայց ինձ չմոռանաք, բա չընդունվե՞մ: