Ani avetisyan

Սովորական տարօրինակություն

Զարմանում եմ, որ ասում են, թե համակարգիչը չարիք է: Հավատացեք՝ այդպես չէ, ուղղակի ճիշտ օգտագործել է պետք: Երևի գաղտնիք չէ, որ ամեն ինչ էլ մարդու ձեռքում կարող է և հրաշքներ գործել, և ավերածություններ անել:

Լավ, չքննարկենք ու ոչ էլ քննադատնեք: Ասենք, համակարգչի հետ կապված մեկ-մեկ ես էլ եմ չարագործ դառնում, բայց դե հրաշքների տեղն էլ գիտեմ: Ինչևէ:

Ուզում էի ասել, որ ցանկացած բան, որ մարդու ձեռքում է հայտնվում, նրանից կախվածության մեջ է մտնում: Օրինակ, օձի թույնն էլ սպանելուց բացի նաև կյանքեր է փրկում: Ա՜հ, խորացա:

Հիմա մի կողմ թողնենք գիտությունն ու բժշկությունը և գանք առօրյա, մեր՝ երիտասարդներիս առօրյա:

Ուզում եմ մի քիչ ականջակալներից խոսենք: (Հիմա կասեք՝ դրա մասին գրելու համար այս ամենն ինչի՞ էր գրել: Մի քիչ սպասեք):

Կա՞ մարդ, ով ինձ նման, մեղմ ասած, «սիրում է» օգտագործել ականջակալները:

Որ մերոնց հարցնեք՝ դրանք ամբողջ օրը ականջներումս են, դրա համար էլ գլուխս ցավում է:

Բայց իմ ձևակերպումը մի քիչ այլ է: Դե, նույն բառերն են, շարադասությունն է ուրիշ. Գլուխս ցավում է, դրա համար էլ այն ամբողջ օրը ականջներումս է: Անգամ դաս սովորելիս: Հա, մի զարմացեք, ու եթե մտածեք, որ տարօրինակ եմ՝ չեմ հերքի:

Ես սիրում եմ, որ երբ գիրք եմ կարդում կամ դաս սովորում, շուրջս լռություն լինի, բայց դե հեռուստացույցը, համակարգչով միացված երգերը կամ հաղորդումները, հարևան-բարեկամները, և այլն, և այլն… Ասածս ինչ է՝ չկա լռություն: Ու ինձ օգնում է երաժշտությունը: Նախընտրում եմ, որ հեռուստացույցի աղմուկի փոխարեն ականջներումս սիրելի երաժշտություն լինի: Ու գիտե՞ք, այդ տարօրինակ նվագարկիչը ականջներումս ինձ երբեք չի խանգարում: Հա, մինչև հիմա տետրերումս ոչ մի երգի բառ դեռ չեմ գրել:

Իսկ հիմա բացատրեմ նյութիս իրարից տարբեր սկզբի ու շարունակության կապը:

Ցանկացած բան, կապված գիտության թե առօրյա-կենցաղային կյանքի հետ, մեկի համար կարող է չարիք լինել, մյուսի համար՝ հրաշք, մեկին այն բացասական կթվա, իսկ մյուսին՝ դրական: Եվ դրանից այն չի դադարում լավը կամ վատը լինելուց:

Ուղղակի եկեք կյանքին միայն մեր պատուհանից չնայենք:

Հ.Գ. Իսկ եթե դեռ կարծում եք, թե տարօրինակ եմ, հիշեք, որ 21-րդ դարում նորմալ մարդիկ են տարօրինակ թվում: