Ակնալճից մինչև Նորավանք

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Ինչքան ժամանակ էր  ցանկանում էինք կազմակերպել էքսկուրսիա Խոր Վիրապ-Սևակավան-Նորավանք ուղղություններով: Վերջապես իրականացրեցինք: Դե սովորույթի համաձայն, հավաքվում ենք դպրոցի բակում առավոտյան ժամը 8-ին, բայց շարժվում ենք 8:45: Մի լավ սառեցինք, ու հենց ավտոբուսը եկավ` արագ տեղավորվեցինք: Ճանապարհը շատ կարճ թվաց: Հասնելուն պես` գնացինք, որ իջնենք այն վիրապը, որտեղ ճգնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Իսկ ես անցա իմ մշտական գործին` ֆոտո անելուն: Հաճելի պահ էր, երբ վանքի տարածքում միայն ես էի: Եկեղեցում հնչում էր հոգևոր երգ, իսկ ես վայելելով այդ հրաշք պահերը, մտքումս շարադրում էի նյութս:

Այնուհետև ուղևորվեցինք Սևակավան: Մտնելով այգի` ցրվեցինք տարբեր ուղղություններով, ու մեկիս ձեռքին տանձ էր, մյուսինը` խնձոր: Համտեսեցինք ու մտանք տուն-թանգարան: Մեր առջև բացվեց Պարույր Սևակի ծնունդից մինչև մահ տեսարանը: Աշխատակցուհին փորձեց միացնել ռադիոընդունիչը, որպեսզի լսենք Սևակի ձայնը: Ափսոս, չմիացավ:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Սևակի այգին մտնելով մեզ ուղեկցում էին նրա հիասքանչ խոսքերը: Ինչպես Ֆրիկն էր ասում` կային մեկ Ադամ և Եվա, և զարմանալի է, թե ինչպես ծնեցին նորանոր ազգեր: Հայերի դիմանկարն է Սևակը:

Ճանապարհը շարունակելով հասանք Նորավանք: Ինչպես ասում են, եկեղեցի գնացողը ոտքով պիտի գնա: Շատ երկար ճանապարհ ոտքով բարձրացանք, ու մեր առաջ բացվեց հիասքանչ տեսարան: Ժայռակերտ քարեր, նրանց երանգին ձուլվող եկեղեցիներ, ու մեկ էլ ես բացականչում եմ.

-Երեխեք, սա ուղղակի կատարելություն ա:

Մեր դասարանի մի քանի տղաներ «էքստրիմի» սիրահար լինելով, գնացին ու դարձան «քարայծ», ինչպես ասում էր մեր կազմակերպիչը: Բարձրացել էին ժայռերին: Օդը մաքուր էր, հրաշալի տեսարաններ չորս կողմը, ես ունեմ ֆոտոապարատ, և ուրիշ բան չէր մնում, քան պատրաստել ֆոտոշարք 17-ի համար:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի