Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հաւատքին
Իմ պապերուս՝ որ հողէն զայն քար առ քար հանեցին,
Ու երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ, ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ…

Վահան Թեքեյան

Մեր` Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1901-ից մինչև 1914 թվականը: Եկեղեցու շինարարության գործում մեծ ավանդ է ունեցել Տեր Հովհաննես ավագ քահանա Հակոբյանը, որը հատուկ առաքելությամբ մեկնել է Նոր Նախիջևան` եկեղեցու շինարարության համար գումար հանգանակելու:

Եկեղեցին կառուցվել է մեկ տասնամյակից ավելի և, ըստ որոշ աղբյուրների վկայության, օծվել 1914թ.-ին:

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Այն կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով շինություն է: Ավագ խորանը կիսակլոր է, ունի բարձր բեմ, որից երկու դռները տանում են դեպի կողմնային ավանդատներ: Արտաքինից բազմանիստ է` նիստերի անկյուններում` զարդարված դեկորատիվ կլոր որմնասյուներով: Ունի երեք մուտք` ձևավորված երկթև շքամուտքերով:

Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին ունեցել է ոսկեզօծ հսկա խաչ, որը 1918թ.-ին թուրք զորախմբերի հարձակման և Մոլլաբայազետ (Բամբակաշատը առաջ կոչվել է Մոլլաբայազետ) գյուղի շրջանում թշնամու կողմից թնդանոթի զարկով գմբեթից տապալվել է և ավերվել:

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

2014 թվականին լրացավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ստեղծման հարյուրամյակը, որից որոշ ժամանակ առաջ բարերար`Բամբակաշատ գյուղի բնակիչ Լևոն Սոլկարյանը կատարեց եկեղեցու վերանորոգում, շրջակայքի լուսապատում և գյուղի սկզբում տեղադրեց մեծ խաչ` ցանկանալով, որ խաչը պահապան լինի ամբողջ համայնքին: Իսկ եկեղեցու հարյուրամյակի տոնակատարությունը տեղի ունեցավ ջահերով երթով, որին մասնակցեց ամբողջ համայնքը: