Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Վեց կյանք

Դու ունես 6 կյանք մինչև հասունացում: Դե այդ կյանքերը այնքան էլ քոնը չեն, բայց ցանկացածի կորուստը քեզ ավելի են հեռացնում մանկությունից ու տանում դեպի հասունացում: Մի քանի օր առաջ այդ կյանքերից ևս մեկը կորցրեցի: Այժմ ինձ մնացել է 4 կյանք՝ մեկ տատիկ, մեկ պապիկ, հայրիկ ու մայրիկ:

Տատիկներ ու պապիկներ… Նրանք ապահովում են քո մանկության մի ամբողջ 4 կյանք: Երբ դու թոռնիկ ես, դու չես կարող մեծ լինել: Նրանք դա թույլ չեն տա: Պապիկս պատմում է, որ քույրս խնձոր ուտում էր միայն այն դեպքում, երբ իր ձեռքով քաղում էր ծառից: Պապս էլ ձմռանը թելերով խնձորները կապել է իրենց ծառերից, իսկ մյուս պապս խոստանում էր մեդալ այն թոռանը, ով առաջնը իր ճաշը կվերջացներ: Այդպես էլ չտվեց…

Նրանք քեզ կպատմեն զվարճալի պատմություններ, մի  մասը միգուցե հորինված: Նրանք նույնիսկ  քո ներկայությամբ վիճում են զվարճալի կերպով, տատիկները չմոռանալով հիշեցնել, որ իրենք «լիքը ուզողներ ունեին» ու զարմանում են , թե ինչի են պապիկիս ընտրել: Պապիկներն էլ իրենց հերթին հետ չեն մնում, ասելով, երևի խմած են եղել նրանց ընտրելիս:  Ափսոս, մայրական տատիկս ու հայրական պապիկս մենակ են ու էլ չեն կարող այդպես վիճել…

Տատիկներ ու պապիկներ…Նրանք ապահովում են քո մանկության 4 կյանքերը: