Արտագաղթի բանալիներ

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Զը՜նգ-զը՜նգ…

Է՜հ… Նորից մեր տան փոքրիկ սնդուկն է աղմկում, ավելի ճիշտ՝ աղմկում են դրա մեջ եղած մի խուրձ մեծ ու փոքր բանալիները: Ու քիչ հետո դրանց սվսվացող զնգոցներին ծանր տնքոցով արձագանքում են քիչ հեռվում՝ դրկիցների տան դռներից կախված կողպեքները:

Օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ առաջ էր՝ նոր կողպեքներն առան, տան դուռ ու երդիկի վրա դրեցին, փակեցին ու վերջին պահին թաց աչքերով բանալիների խուրձը հարևան-բարեկամի կիսաբաց ափի մեջ ամուր սեղմելով գնացին:

-Մեր տանը լավ նայեք…

Ու մեքենայի շարժիչի ձայնը խլացրեց բանալիների առաջին անհույս զրնգոցը, նրա հետ նաև քիչ-քիչ անցյալ դարձող, հետևում թողածի աղերսական կանչը… Անցյալ հայրենիք…

Նրանք գնացին, մեկի ճամպրուկում՝ կարոտ, մյուսինում՝ հավատ ապագայի հանդեպ, երրորդինում՝ անտարբերություն: Եվ ոչ մեկի պայուսակում այդպես էլ տեղ չգտնվեց իր բաժին հայրենիքի համար, ու նրանք դա հուշերի հետ մեզ տվեցին՝ զրնգացող բանալիների տեսքով, որ լավ նայենք, ու որ ամեն հերթական հոգեառ զրնգոցով հիշեցնեն իրենց պատմությունն ու մեր անցյալը, հետո ամեն ավելացող զնգոցի հետ քմծիծաղեն՝ անցյալ հայրենիք…

Ինչո՞ւ գնացին: Որովհետև «երկիրը երկիր չի»: Ե՞րբ կգան: Երբ «երկիրը երկիր դառնա»: Բայց մի՞թե նրանք անցյալում թողած հայրենիքից այս ձայնը երբևէ չեն լսում՝ զը՜նգ-զը՜նգ…

Ի՞նչ է, օտար աղմուկը խլացրե՞լ է ձեզ, թե՞ դուք եք կույր ու խուլ ձևանում, որ վարդապետ Կոմիտասի նման ձեր տեսածից ու լսածից չխենթանաք. մեռնող երկրի ողորմաթասը խմելու փոխարեն, եկեք  ու տեր կանգնեք ձեր բաժին հայրենիքին: Սնդուկից եկող նրանց աղմուկը մեզ չի թողնում քնել…

Զրը՜նգ… Զը՜նգ…