Վերաբացվել է Արագածի գրադարանը

Արագած համայնքում, երկար ընդմիջումից հետո, վերաբացվեց Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի գրադարանը: Գրադարանի վերաբացմանը մեծ օժանդակություն ցուցաբերեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը՝ Արմինե Հովհաննիսյանի նախագահությամբ:

10-րդ դասարանի աշակերտները «Զարթոնք» ԱՀԿ շրջանակներում ներկայացրել են դրամաշնորհային մրցույթի հայտ-առաջարկ և շահել 150 000 դրամ: Գումարը ամբողջովին ծառայել է գրադարանը նոր գրքերով համալրելուն:Բացման արարողությունը ուղեկցվեց երգ ու պարով: Միջոցառմանը մասնակցում էր գյուղի բանահավաքը՝ Ժորա Գրիգորյանը, ով, ներկաների խնդրանքով, ներկայացրեց իր բանաստեղծություններից ու երգերից կատարված ծաղկաքաղ:

Իր շնորհակալական ուղերձով հանդես եկավ համայնքապետ պարոն Հենրիկ Հովհաննիսյանը, ով իր խոստմանը համաձայն, գրադարանին նվիրեց 100 գիրք:Դպրոցի տնօրենը իր շնորհակալությունը հայտնեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը, նման գեղեցիկ ու կարևոր նախափեռնության համար:

Տիկին Հովհաննիսյանը խրախուսեց նաև հաջորդ դրամաշնորհային մրցույթի մասնակիցներին՝ մեր դասարանի աշակերտներին, նշելով, որ իրեն շատ են դուր եկել մեր գյուղը եւ աշակերտները:Նորաբաց գրադարանը ասես ժխտում է տարածված այն կարծիքը, որ նոր սերունդը գիրք չի ընթերցում: