Ani Ghulinyan

Հին ու նոր ընկերները

Ասում են, եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան կյանքի մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Լավ ու հավատարիմ ընկերների պակաս ես երբեք չեմ ունեցել, ուրեմն կյանքը առանձնապես բարեհաճ է ինձ հետ:

Եթե մեկը ձեզ ասի, որ հեռավորությունը կարող է ցանկացած ընկերություն կամաց-կամաց քանդել, նրան կասեք, որ խնդիրը երևի իր մեջ է:
Երկու-երեք տարի առաջ իմ ընկերների աշխարհագրությունը ավելի սահմանափակ ու փոքր էր, քան այսօր: Այն ընդլայնել են հազար ու մի դասընթացները, սեմինարները, ճամբարներն ու իհարկե, 17-ը:
Ճամբարներից ու երկարատև դասընթացներից հետո ֆեյսբուքում ընկերների թվի պրոգրեսիվ աճ է նկատվում, հետո ոմանք սկսում են այլևս չգրել, կամ դու չես գրում, ոմանք հեռանում են այնպես, ինչպես եկել էին`արագ ու աննկատ, շատերն էլ միշտ ներկա են, բայց միայն ֆեյսբուքի պատին: Հետո մնում են միայն նրանք, ովքեր երբեք չեն հավանում քո նոր սանրվածքը, երկրպագում են քո չսիրած ֆուտբոլային թիմին, զանգում են ամենաանհարմար պահերին, որոնց նեղանալու պատճառը երբեք հայտնի չի լինում: Դա այն մարդն է, ով միշտ քեզնից նոր պատմվածներ է պահանջում, և նա, ով երբեք mail-ով ժամանակին չի ուղարկում նկարները:
Ընկերները գալիս ու գնում են, փոխվում են միջավայրները, մարդիկ, մտածելակերպերը, հին ընկերները ուրիշ նոր ընկերներ են գտնում, բայց ով հաստատ որոշել է մնալ, քշես էլ՝ չի գնա:
Իմ ոչ մի ընկերության համար ես չեմ զղջացել, չէ որ մեր կյանքում եղած բոլոր մարդկանցից մի նոր բան կարելի է սովորել, ամեն մարդու հետ անցկացրած ժամերը դպրոց են, այն էլ ամենալավ` կյանքի դպրոցը:
Ընկերություն ասվածին ես մի քիչ այլ կերպ եմ նայում, ինձ համար լավ ընկերությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ հասուն մարդիկ իրար հետ շփվելուց հաճույք են ստանում, ունենում են ընդհանուր շատ քիչ գծեր, բայց կարևորը, հասկանում են իրար ու նաև իրար փոխելու ձգտումներ չունեն:
Ասում են նաև, որ լավ ընկեր ունենալու համար նախ ինքդ պիտի լավը լինես: Ես չգիտեմ՝ ինչպես են լավ ընկեր լինում, բայց իմ բոլոր ընկերները անշուշտ շատ լավ գիտեն: