Astghik Ghazaryan

Տասնհի՞նգ…

-Տասնհի՞նգ…

Բոլորն ապշում են, երբ ասում եմ, որ մեր ընտանիքը տասնհինգ հոգուց է բաղկացած: Չփորձես համոզել, որ դու էլ չզարմացար: Բնական է, բոլորն էլ այդպես են արձագանքում: Իսկ երկրորդ բանը, որ ասում են, միշտ լինում է «երանի քեզ»-ը: Համոզված եմ, որ գլխումդ մի հարց ծագեց. ովքե՞ր են այդ տասնհինգը: Երեք հայրերս, երեք մայրերս, երեք քույրերս, երեք եղբայրներս, տատիկս, պապիկս ու ես: Կանխեմ հաջորդ հարցդ՝ ասելով, որ երեք հայր, մայր ասելով նկատի ունեմ նաև հորեղբայրներիս ու նրանց կանանց: Բայց խոստացի՛ր, որ այդ հարցը ինձ երբեք չես տա, որովհետև այն ահավոր նյարդայնացնում է ինձ:

Բան չհասկացար, չէ՞: Մի՛ նեղվիր, նույնիսկ հազար տարվա ընկերներս չգիտեն, թե այդ երեքից որն է իմ կենսաբանական (մի քիչ կոպիտ բառ եմ ընտրել) հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը: Ես էլ նոր-նոր եմ սկսել տարբերել: Ոչ ոք մեղավոր չէ սրանում, ախր, ինչպես Գ. Մահարին կասեր, շատ «ալիֆրանկա» ընտանիք ունեմ: Բայց ես հպարտ եմ իմ տասնհինգով, սա ինձ համար սուրբ թիվ է, և վայ նրան, ով կհանդգնի «խաղալ» այդ թվի հետ: Այս առիթով մի դեպք պատմեմ:

Հինգերորդ դասարանում ռուսերենից հանձնարարել էին գրել շարադրություն «Իմ ընտանիքը» վերնագով: Ես էլ հպարտ-հպարտ գրել էի մեր մասին, որ դպրոցում կարդամ ու գոռոզանամ: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսուցիչս չթողեց կարդամ գրածս, իսկ երբ թվում էր մեծ ընտանիք ունեցող աշակերտներին, ինձ, շրջանցեց: Ես առարկեցի, իսկ նա ասաց.

-Մի եղբայր ունես, հայր, մայր, 4 հոգին ի՞նչ մեծ ընտանիք է:

Ես խիստ վիրավորվեցի. իմ ընտանիքը ոչ միայն դասարանիս, այլև ամբողջ գյուղի ամենամեծ ընտանիքն է: Իսկ ուսուցիչս էլ երևի չգիտեր, որ ընտանիք նշանակում է մի տանիքի տակ ապրող: Լավ, չեմ ուզում հիշել այս պատմությունը:

Հիմա նշեմ մեծ ընտանիք ունենալու լավ կողմերը, իսկ դու երանի տուր մեզ:

Առաջինն այն է, որ տանը երբեք մենակ չեմ մնում (վախենում եմ մենակությունից), երկրորդը՝ չեմ զբաղվում տնային գործերով. ճաշ չեմ եփում, չեմ ավլում, մի խոսքով՝ անհոգ եմ ապրում. չէ՞ որ ունեմ 3 մայր, նրանք էլ աշխատանքը 3 մասի են բաժանում:

Մանկապերտեզ չեմ գնացել, քույրերս ու եղբայրներս էլ. կարիք կա՞ր, մենք յոթ երեխա էինք, մեր տունն արդեն իսկ մանկապարտեզ էր:

Բայց այս 15-ի պատճառով անհարմարություններ էլ են ստեղծվում: Նախ, շատ են հերթերն ու խցանումները, միայն տոներին ենք բոլորով մի սեղանի շուրջ ճաշում, երբ հրավիրում են ինչ-որ տեղ, հիմնականում չենք գնում. 15 հոգով որտե՞ղ գնանք, իսկ մի քանիսին 15-ից առանձնացնելը դժվար է: Մի՛ անհանգստացիր, երբ ուզես մեզ հյուր գալ, արի՛, մեր տունը շատ մեծ է:

Երևի թե այսքանը ընտանիքիս մասին: Մինչ նոր հանդիպում:

Սպասի՛ր, խիղճս տանջում է, որովհետև մի բան էլ կա, որ պետք է իմանաս: Բայց խո՛սք տուր, որ ինձ սուտասան չես անվանի:

Իրականում այլևս մենք տասնհինգը չենք: Երկու քույրերս ամուսնացել են, երկու եղբայրներս ծառայում են հայոց բանակում, իսկ պապիկս մեկ տարի է, ինչ չկա:

Հավատա՝ ես քեզ չեմ խաբել, իրականում այդ ի՛նձ եմ խաբել, խաբում եմ, խաբելու եմ: Աշխարհում ամենաշատը վախենում եմ այն բանից, որ այս 15 թիվը կարող է նվազել: Ա՜խ, երանի մենք միշտ տասնհինգը լինեինք…

Բայց մի բան լավ հիշիր, որ երբ ինձ հարցնեք, թե մենք քանիսն ենք ընտանիքում, միշտ պատասխանելու եմ.

-Տասնհինգ…