Mane Minasyan

Կորցրած տարիներ

Երբ փոքր էի ու կողքից մեկը մյուսին ասում էր, որ իզուր տարի է կորցրել, կամ նմանատիպ բաներ, անկեղծ ասած չէի հասկանում:

Բայց ինչպես շատերն են ասում, լավ է մի անգամ տեսնել, քան տասն անգամ լսել:

15 տարեկանում, երբ ընդունվեցի լրագրության դպրոց, ինձ հետ ընդունվեցին նաև 12-14 տարեկաններ, ես ուշադրություն չդարձրի դրան:

Սակայն մի քանի ամիս սովորելուց հետո հասկացա, թե քանի տարի եմ կորցրել:

9-րդ և 10-րդ դասարաններում, երբ դպրոցից տուն էի գալիս, ու ձանձրանում միապաղաղ օրերից, իմ հասակակիցներն այդ ժամանակ Երևանում սովորում էին ապագա մասնագիտության կարևոր դասերը:

Կորցրած տարիներ… Եթե չկորցնեի դրանք, հիմա ինչքան շատ բան կիմանայի:

Կորցրած տարիներ… Եվ ինչո՞ւ պիտի հիմա ես իմ տարիներն անվանեմ կորցրած, որովհետև ապրում եմ մարզո՞ւմ, ու սա՞ է միայն պատասխանը: Որովհետև եթե ապրում եմ մարզում, պետք է սահմանափակվեմ միայն դպրոցո՞վ, ու ո՞վ է սահմանել այս խտրականությունը և ո՞վ պետք է տա իմ կորցրած տարիների լիարժեք պատասխանը: